Նոր թատերաշրջանը կմեկնարկի հետաքրքիր առաջնախաղերով
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամառային կարճատև դադարից հետո թատրոնները վերադառնում են իրենց բնականոն հունին: Արվեստասերները նոր թատերաշրջանում հնարավորություն կունենան դիտել ինչպես հին, այնպես էլ նոր բեմադրություններ: «Արմենպրես»-ը ծանոթացնում է երևանյան մի քանի թատրոնների մեկնարկային ներկայացումներին և սպասվող առաջնախաղերին:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը սեպտեբերի 27-28-ին իր դռները կբացի պրեմիերայով: Թատերասերների դատին կհանձնվի մի ամբողջ ազգի կողմից հորինված, դարերի ընթացքում պատմված «Սասնա ծռեր» ժողովրդական բանավոր ստեղծագործության հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը, որի ռեժիսորը Սամսոն Մովսեսյանն է: Մեզ հետ զրույցում ռեժիսորն ասաց, որ իրենք փորձել են օգտագործել ժամանակակից թատրոնի լեզուն, որը չի ենթադրում միայն տեխնիկական միջոցներ, այլև դերասանական հետաքրքիր կատարումները, սինթեզն արվեստի տարբեր տեսակների հետ: «Բեմում կենդանի երաժշտություն կհնչի, կտեսնենք դերասանների, ովքեր երգում են, նվագում, պարում, ովքեր տիրապետում են իրենց մարմնին: Կլինեն արտիստներ, ովքեր, կերպարանափոխվելով, մի քանի դերում հանդես կգան: Կա «էպիկական թատրոն» հասկացությունը, և մեր ներկայացումն այդ ոճում է»,- շեշտեց Մովսեսյանը:
«Սասնա ծռեր» բեմադրության համար հետաքրքիր թիմ է հավաքվել: Այլ թատրոններից հրավիրվել են դերասանուհիներ Լիլի Էլբակյանը և Սոնա Մաթևոսյանը: Սասունցի Դավթին կմարմնավորի Խորեն Լևոնյանը, ընդգրկվել են Մայր թատրոնի հիմնականում երիտասարդ դերասանները:
Երևանի պետական կամերային թատրոնը նոր թատերաշրջանը կսկսի սեպտեմբերի 7-ին «Սիրո խոստովանություն» ներկայացմամբ, որի հեղինակը և բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանն է: Բեմադրության մեջ ներգրավվել են դերասաններ Ռաֆայել Երանոսյանը, Անի Լուպեն, Սենիկ Բարսեղյանը, Վահե Զիրոյանը, Հասմիկ Դանիելյանը: Երաժշտական ղեկավարը Վահե Գրիգորյանն է:
Ներկայացումը նվիրված է Երևան քաղաքի 2797-ամյակին: Սա մեր մայրաքաղաքի պատմությունն է` համեմված քնարական հումորով և Երևանին նվիրված հին ու նոր սիրված երգերով:
«Սիրո խոստովանություն»-ը ջերմ, տեղ-տեղ մի փոքր թախծոտ և անչափ զգացմունքային պատմություն է՝ Երևանի և երևանցիների մասին:
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը աշխատանքը կսկսի սեպտեմբերի 14-ին Ալեքսանդր Շիրվանզադեի «Մորգանի խնամին» երկու գործողությամբ երաժշտական կատակերգությամբ: Ներկայացման բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանն է: Ընդգրկված են դերասաններ Հովակ Գալոյանը, Նարեկ Ներսիսյանը, Անի Քոչարյանը: Երաժշտության հեղինակն է Արամ Սաթյանը:
«Մորգանի խնամին» ստեղծագործության հերոսները կուռք են դարձնում փողը` վերածվելով դրա գերիներին:
Տարվա ընթացքում թատրոնում կներկայացվի երկու առաջնախաղ: Կբեմադրվեն Ալեքսանդր Շիրվանզադեի «Շառլատանը» և Հակոբ Պարոնյանի «Երկու տերով ծառա մը» ներկայացումները:
Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը հոբելյանական՝ 50-րդ թատերաշրջանը կբացի սեպտեմբերի 9-ին Ժան Կլոդ Իսլերի «Սերը տարիք չի հարցնում» ներկայացմամբ: Բեմադրությունն իրականացրել է Հրաչյա Հարությունյանը:
Դերերում են Հրաչյա Հարությունյանը, Գոհար Իգիտյանը, Արտաշես Մխիթարյանը, Նարինե Պետրոսյանը, Մարիամ Ադամյանը: Ֆրանսիացի դրամատուրգ ժան Կլոդ Իսլերի պիեսի սյուժեում 20-ամյա ուսանողուհի Սառան սիրահարված է իր մաթեմատիկայի դասախոս Էդուարդ Կոլումբին։ 52-ամյա պրոֆեսորին հանգիստ չի տալիս նախկին կինը՝ պարբերաբար ներխուժելով նրա կյանք։
Այս տարի թատրոնը թատերասերների դատին կհանձնի նաև Սեմ Բոբիկի «Եթե անկեղծ խոսենք» ներկայացումը: Տեղի կունենա նաև Ռեյ Կունիի ու Ջոն Չեպմենի պիեսի հիման վրա իրականացված «Տիկնայք և պարոնայք» բեմադրության առաջնախաղը:
Երևանի մնջախաղի պետական թատրոնն իր թատերաշրջանը կբացի սեպտեմբերի 13-ին «Խաղ» միմոդրամայով: Հեղինակը և բեմադրող ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն է: Դերերում են Նաիրա Եդիգարյանը և Մանվել Սարգսյանը:
Բեմադրության հիմքում արևելյան լեգենդ է արքայի ու գեղեցկուհու մասին: Գայթակղություն, դավաճանություն, սեր, խարդավանք, միստիկա և, վերջապես, մահ:
Ժիրայր Դադասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սեպտեմբերի 20-ին թատրոնում կներկայացվի իր «Գիրք ծաղկանց» բեմադրությունը, որի ողջ հասույթը կտրամադրվի Շիրակի երկրագիտական թանգարանի հիմնանորոգմանը։ Թատերասերները հնարավորություն կունենան ծանոթանալ նաև իմպրովիզացիոն արվեստին՝ տարվա ընթացքում դիտելով «Թատրոն ափի մեջ» նախագիծը, որը պատկանում է Յուրի Կոստանյանին:
Պետական կամերային երաժշտական թատրոնը կբացվի սեպտեմբերի 21-ին Հ. Թումանյանի «Տերն ու ծառան» մանկական ներկայացմամբ, որի բեմադրող ռեժիսորը և նկարիչը Վիգեն Ստեփանյանն է:
Երբ Մաթոսն անխղճորեն աշխատեցնում և առանց վարձը տալու վռնդում է իր ծառային, վերջինիս եղբայրը՝ Սիմոնը, ծառայության է անցնում նույն տիրոջ մոտ։ Իր հնարամտության շնորհիվ Սիմոնը կարողանում է բարկացնել տիրոջն ու հասնել արդարության:
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնն իր նոր թատերաշրջանը կսկսի սեպտեմբերի 15-ին Մաքս Ֆրիշի «Սանտա Կրուս» պիեսի հիման վրա բեմադրված համանուն ներկայացմամբ: Բեմադրության հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Չալդրանյանն է: Բեմադրության մեջ ներգրավվել են Համազգային թատրոնի դերասաններ Ալլա Սահակյանը, Վարշամ Գևորգյանը, Արման Նավասարդյանը, Դավիթ Հակոբյանը, Վանիկ Մկրտչյանը, Նարեկ Բաղդասարյանը, Արմինե Անդրեասյանը, Կարեն Խաչատրյանը և այլք: Ներկայացման մեջ զբաղված են նաև Վիգեն Չալդրանյանի արվեստանոցի ուսանողները:
Անսովոր և հետաքրքիր հնարքներով մասշտաբային ներկայացումն ունի պայմանական ժանրային բնորոշում՝ «Թատերախաղ՝ երազում» բաղկացած է երկու գործողությունից, տևում է երկու ժամ: Սա պիես է կյանքի իմաստի, հավերժական սիրո, ճակատագրի անխուսափելիության, միայնության, կին-տղամարդ հակասությունների թնջուկի մասին»՝ ահա ներկայացման քվինտէսենցիան, բուն էությունը:
Ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում