Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը Դուբայում 2 պրեմիերա կներկայացնի

Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը Դուբայում 2  պրեմիերա կներկայացնի

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը սեպտեմբերի 6-15-ը հյուրախաղերով հանդես կգա Դուբայի օպերային թատրոնում, որտեղ կկայանան Բիզեի «Կարմեն» և Մոցարտի «Կախարդական սրինգ» հանրահայտ օպերաների պրեմիերաները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժնից, ժամանակակից շնչով ներկայացվող «Կարմենը» (ռեժիսոր՝ Նաիրե Ստեփանյան) կցուցադրվի երեք օր անընդմեջ՝ սեպտեմբերի 6-ին, 7-ին և 8-ին։

Առաջին ներկայացմանը հանդես կգան սոպրանո Կարինե Բաբաջանյանը (Կարմեն), տենոր Հովհաննես Այվազյանը (Դոն Խոսե), Մերի Մովսիսյանը (Միքայելա), Գևորգ Հակոբյանը (ցլամարտիկ Էսկամիլիո) և այլ անվանի արտիստներ, ինչպես նաև օպերային թատրոնի երգչախումբը, նվագախումբը, բալետային թատերախումբը։

Դուբայի հանդիսատեսը այդ օրերին կտեսնի տպավորիչ բեմական հագուստ՝ դիզայներ Քրիստինե Ավետիսյանի ձևավորմամբ և չափազանց ինքնատիպ լուծումներով բեմի ձևավորում, որն իրականացրել է Հայաստանի օպերային թատրոնի գլխավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանը։ Ներկայացման դիրիժորն է Քրիստոֆեր Օկասեքը (ԱՄՆ)։

«Բառեր չկան նկարագրելու այն ոգևորությունը, որ մենք զգում ենք՝ նախապատրաստվելով Դուբայի օպերային թատրոնի հեղինակավոր բեմում մեր ներկայացումներին,-Դուբայում նշել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը,-մեր անվանի մենակատարների, մեր հրաշալի երաժիշտների, երգչախմբի, դիզայներների հետ ես ուրախ եմ Դուբայում ներկայացնելու իմ հայրենիքը՝ Հայաստանը, համընդհանուր լեզվի՝ օպերայի միջոցով։ Չափազանց գոհ եմ, քանի որ մեր ներկայացումները Դուբայի օպերային թատրոնում կհանդիսանան իբրև Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություն։ Այսօր առավել, քան երբևէ ես հպարտ եմ Երևանի օպերային թատրոնի ամեն մի անդամի տաղանդով ու պրոֆեսիոնալիզմով։ Ինձ համար մեծ պատիվ է նման ներկայացուցչական հաստատությունը ղեկավարելը։ Ուզում եմ նաև հատուկ շնորհակալություն հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների մշակույթի, երիտասարդության և սոցիալական զարգացման նախարար շեյխ Նահյան Բին Մուբարաք Ալ Նահյանին, ում անգնահատելի աջակցության շնորհիվ կազմակերպվեցին և դյուրացան մեր հյուրախաղերը Դուբայում։ Մենք շատ ուրախ կլինենք ներկայացնել հայկական օպերային արվեստը այս հզոր քաղաքի հանդիսատեսի դատին»։

Երկրորդ ներկայացումը՝ Մոցարտի «Կախարդական սրինգը», Դուբայի օպերային թատրոնում բեմ կբարձրանա հաջորդ շաբաթ, կրկին իրար հաջորդող 3 օրվա ընթացքում՝ սեպտեմբերի 13-ին, 14-ին և 15-ին։ Ներկայացման հագուստների ձևավորումը կատարել է անվանի դիզայներ Ալբերտո Սպազին։ Ներկայացման բեմադրությունն իրականացրել է իտալացի նշանավոր ռեժիսոր Պաոլո Միչիկեն։

«Կախարդական սրինգում» հանդես են գալու օպերային թատրոնի փորձառու արտիստներն ու երիտասարդ ուժերը՝ միջազգային մրցույթների դափնեկիրներ Լիպարիտ Ավետիսյանը, Ջուլիետա Ալեքսանյանը, Ալինա Փահլևանյանը և օպերային թատրոնի այլ հայտնի մենակատարներ։

Դուբայի օպերային թատրոնի գործադիր տնօրեն Ջասպեր Հոփեն նկատել է, որ սեպտեմբերին Դուբայի հանդիսատեսը կվայելի երբևէ գրված երկու հզոր օպերա, երկու հրաշալի ներկայացում Հայաստանի օպերային թատրոնի շնորհիվ։

Դուբայի օպերան, որը գտնվում է քաղաքի սրտում, մի յուրօրինակ վայր է, բազմաֆունկցիոնալ ներկայացումների կենտրոն՝ հիասքանչ ձևավորմամբ ու ժամանակակից լուծումներով, որը հնարավորություն է տալիս լավագույնս իրականացնելու ցանկացած ներկայացում ու միջոցառում։

 





Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]