Մեր նպատակն է աշխատակազմը համալրել լավագույն մասնագետներով. Էմիլ Տարասյան
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի աշխատակազմն ամիսներ առաջ հայտարարություն էր տարածել թափուր հաստիքների համալրման մասին: Դրանից հետո պարզ դարձավ, որ 23 թափուր տեղի համար ՀՀ քաղաքացիներից աննախադեպ քանակությամբ՝ շուրջ 7000 հայտ է ստացվել: Աշխատակազմում առկա թափուր հաստիքների համալրման գործընթացի մասին «Արմենպրես»-ն այսօր զրուցել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Էմիլ Տարասյանի հետ:
-Պարոն Տարասյան, այս պահին ի՞նչ փուլում է թափուր աշխատատեղերի համալրման գործընթացը:
- Հանրապետության նախագահի աշխատակազմը հավատարիմ մնալով իր որդեգրած՝ մասնագիտական բարձր որակ ապահովող, թափանցիկ և հրապարակային աշխատելաոճին, կադրային համալրման գործընթացը նույնպես պետք է իրականացներ նշված սկզբունքի համաձայն: Արդյունքում աշխատակազմը հրապարակային հայտարարություն էր տարածել թափուր պաշտոնները ժամկետային աշխատանքային պայմանագրերով համալրելու վերաբերյալ՝ նպատակ ունենալով աշխատակազմը համալրել լավագույն մասնագետներով:
Օրենսդրությունը հնարավորություն էր տալիս առանց որևէ հայտարարության և մրցույթի աշխատակիցներ ներգրավել պայմանագրային հիմունքներով: Բայց մեր խնդիրը արհեստավարժ աշխատակազմ ունենալն էր, ուստի որոշվեց հրապարակային հայտարարության միջոցով ընտրել այն լավագույն կադրերին, ովքեր հետաքրքրված են աշխատել Հանրապետության նախագահի աշխատակազմում:
-Կխնդրեի մանրամասնել, թե ում կողմից, ի՞նչ սկզբունքով եւ եղանակով են ընտրվելու այդ 23 աշխատակիցները:
Գիտեք, որ 23 թափուր հաստիքի համալրման հրապարակային հայտարարությունից հետո ստացվեց շուրջ 7000 դիմում: Դիմումների այդ քանակը, պետք է խոստովանեմ, մարտահրավեր էր, մասնավորապես այն առումով, որ աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի միայն 2 հաստիք է համալրված, հետևաբար սեփական ուժերով այդքան դիմողներից հստակ ընտրություն կատարելն անհնար էր: Մենք գնացինք լուծման այլ՝ նախադեպը չունեցող ճանապարհով և ստեղծեցինք փորձագիտական խումբ: Ներգրավեցինք ներկայացուցիչներ մասնագիտական կազմակերպություններից, որոնք ունեին համապատասխան փորձառություն: Փորձագիտական խումբն աշխատում է ըստ մեր կողմից սահմանված ժամանակացույցի, մի քանի փուլերով կատարում է մասնագետների ընտրություն՝ հաշվի առնելով օրենքով տվյալ պաշտոնին ներկայացվող պահանջներն ու հմտությունները: Գործընթացի ավարտին յուրաքանչյուր պաշտոնի համար մեզ կներկայացվի լավագույն թեկնածուների կարճ ցուցակ: Այդ ցուցակից արդեն մեկի ընտրությունը կկատարի նախագահի աշխատակազմը:
-Ներկայումս ի՞նչ փուլում է գործընթացը, եւ երբ է նախատեսվում ավարտին հասցնել:
Արդեն ավարտվել են ՀՀ նախագահի աշխատակազմի Նախագահական նախաձեռնությունների վարչության թափուր հաստիքների ընտրական փուլը. այստեղ կան և վարչության պետի, և բաժինների պետերի, և գլխավոր, առաջատար ու առաջին կարգի մասնագետների թափուր հաստիքներ: Կարճ ցուցակներն արդեն ունենք և հիմա՝ նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք հարցազրույցներ պետք է վարեն այդ դիմորդների հետ: Ընտրությունը կկատարենք, այնուհետև ժամկետային աշխատանքային պայմանագրով մարդկանց կներգրավենք աշխատանքի: Պետք է նշեմ, որ այդ պաշտոնների նշանակումը վերջնական չէ. այն անձինք, ովքեր չեն հաղթահարել ինչ-որ փուլեր և գտնում են, որ իրենք արժանի են այդ պաշտոնին, նույնպես հնարավորություն ունեն մասնակցել վերջնական մրցույթին այնպես, ինչպես ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատող անձը:
Ինչպես արդեն նշեցի, աշխատակազմը հաստատել է ժամանակացույցը, եւ ըստ դրա նախատեսում ենք նոյեմբերի կեսերին ամբողջությամբ ավարտել գործընթացը:
-Յոթ հազարից ընտրելու եք ընդամենը 23-ին: Մտավախություն չունե՞ք, որ մյուսները դժգոհ են մնալու:
-Այդ իսկ պատճառով մեզ համար ամենակարևորը սկզբունքի ամրագրումն էր: Որպեսզի այս գործընթացը լինի առավելագույնս բաց, յուրաքանչյուր դիմորդ հստակ հասկանա և ընկալի, թե ինչու չի ընտրվել, նրանք ունեն բողոքարկելու իրավունք, ընդ որում՝ թե մեզ, թե փորձագիտական խմբին: Նրանց մանրակրկիտ բացատրվում են իրենց չընտրվելու հիմնավորումները: Ժամանակացույցը երկու շաբաթով հետ ընկավ, մենք ժամկետ խախտեցինք՝ պայմանավորված դիմորդների արձակուրդի ժամանակահատվածում Հայաստանում չգտնվելու հանգամանքով: Որպեսզի մենք չխախտենք նրանց մասնակցության իրավունքը, շարունակեցինք հարցազրույցի փուլերն այնքան, մինչև նրանք Հայաստան կվերադառնան և մասնակցեն ընտրության փուլին: Աշխատանքի ընթացքում դժվարություններ կային նաև պայմանավորված այն հանգամանքով, որ դիմորդները իրենց հայտերի մեջ հստակ չէին նշել, թե որ պաշտոնին են հավակնում: 3000-ից ավելի դիմումներում նշված չէին հստակ պաշտոնները, բայց այդ անձանց նույնպես ընդգրկել ենք, ինչն ավելացրեց մեր աշխատանքի ծավալը: Փորձագիտական խումբը ուսումնասիրում է, թե նրանք ըստ իրենց աշխատանքային ստաժի որ պաշտոնին կարող են հավակնել: Այնուամենայնիվ, մեր վերջնաժամկետը կմնա ուժի մեջ, և մենք նոյեմբերի կեսերին ամբողջ փուլը կավարտենք: Նշանակումները կարվեն զուգահեռաբար: Այսինքն, նախնական ընտրության փուլն ավարտելուց հետո հարցազրույցներն արդեն տեղի կունենան նախագահի աշխատակազմում, իսկ դրան զուգահեռ տեղի կունենա ժամկետային աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացը:
-Ի՞նչ ժամկետով են կնքվելու ժամկետային աշխատանքային պայմանագրերը:
-Այդ պայմանագրերն ուժի մեջ կլինեն մինչև տվյալ պաշտոնի համար անցկացվող մրցույթի արդյունքներով հաղթողի ճանաչվելը: Գիտեք, որ հանրային ծառայության համակարգը վերափոխվեց այս տարի՝ պայմանավորված ինչպես Սահմանադրության փոփոխությամբ, այնպես էլ այն հանգամանքով, որ ընդհանուր համակարգի վերափոխման անհրաժեշտություն կար: Դրա համար, որպեսզի մենք չդանդաղեցնենք համալրման գործընթացը, որպեսզի մեր աշխատանքները չտուժեն և արդյունավետությունը չընկնի, որոշեցինք ներգրավել աշխատակիցների ժամկետային աշխատանքային պայմանագրով՝ մինչև մրցութային ընթացակարգերը հստակ կլինեն: Երբ կհստակեցվեն կարգերը, արդեն կսկսենք մրցույթների փուլերը: Բոլոր տեղերում անցկացվելու են ապակենտրոնացված մրցույթներ՝ ըստ սահմանված կարգի:
-«Հանրային ծառայության մասին» նոր օրենքով ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում: Արդյոք նախկինի համեմատ ընթացակարգերն ավելի պարզեցվե՞լ են:
-Տեղի է ունեցել քաղծառայության համակարգի սկզբունքի փոփոխություն: Նախկինում ավելի կենտրոնացված, կուռ համակարգ էր, որտեղ կենտրոնացված եղանակով կատարվում էին համալրումները, վերապատրաստման ծրագրեր էին իրականացվում, և այդ ամենը գտնվում էր քաղծառայության խորհրդի համակարգման և ղեկավարման ներքո: Փոփոխությունը հետևյալն էր՝ ապակենտրոնացվեց քաղծառայության համակարգը: Ես կասեի, որ դա բնականոն գործընթաց է, որովհետև ֆունկցիաների ապակենտրոնացման հասարակական պահանջը կար: Սակայն որոշակի ընդհանուր սկզբունքներ պետք է գործեն միասնական բոլոր պետական գերատեսչությունների համար: Այսօր քաղաքացիական ծառայության համակարգը իրավական ակտերով հենց հիմնական սկզբունքներն է սահմանում:
Ի դեպ, պետք է գոհունակությամբ նշեմ, որ հրապարակային մրցույթներ անցկացնելու սկզբունքը, որը կիրառեցինք, արդեն ամրագրվել է իրավական ակտերում: Այսինքն` նույն ժամկետային աշխատանքային պայմանագրերով անձանց ներգրավելու դեպքում հրապարակային մրցույթի գաղափարը չկար, հիմա արդեն հայտարարությունը պաշտոնական կայքում տեղադրելու սկզբունքը դարձել է իրավական նորմ: Եվ յուրաքանչյուր պետական մարմին ինքն է պատասխանատու իր կադրերի որակի, համալրման գործընթացի օբյեկտիվության և հետագայում արդեն՝ հետևողական կատարելագործման համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում