Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությունը քարոզչական խայծ, թե ռեալ պոլիտիկ. փորձագետի դիտարկումը


ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)՝ Ադրբեջանի անդամակցության մասին լուրերը վերջին շրջանում լայնորեն քննարկվեցին ադրբեջանական, հայկական և ռուսաստանյան լրատվամիջոցներում, ինչպես նաև փորձագիտական հանրույթում։ Հարցի էությունն ու նպատակները հասկանալու համար արժե դիտարկել, թե ինչ խողովակներով է այդ թեզն առաջ քաշվել և ինչը կարող էր պատճառ հանդիսանալ ներկայիս չափազանց բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում նման նուրբ հարց բարձրացնելու համար։

Թերևս, նորություն չէ, որ ՀԱՊԿ-ին՝ Բաքվի անդամակցության անհրաժեշտության ու հավանականության մասին լուրերի «հեղինակը» ադրբեջանական քարոզչության ակտիվ ջատագովներից մեկը՝ Էյնուլա Ֆաթուլաևն է։ Ադրբեջանական իշխանության շրջանակում Ֆաթուլաևը միշտ էլ աչքի է ընկեր իր ռուսամետությամբ։ Բաքվի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու նպատակահարմարության մասին խոսող ադրբեջանցի պատգամավորները ևս ընկալվում են որպես Ադրբեջանում ռուսական շահի պաշտպաններ։ Սակայն վերը թվարկված փաստերը բնավ չեն ենթադրում, որ այս պահին Բաքվի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու հավանականության մասին քննարկումները ադրբեջանական իշխանության վերնախավի հանձնարարությունը չէ։ Ավելին՝ շրջանառվող քննարկումներին, պաշտոնական Բաքվի ոչ միանշանակ արձագանքը թույլ է տալիս պնդել, որ քարոզչական հնարքի հեղինակը հենց ադրբեջանական իշխանության վերնախավն է։ 

Ո՞րն է, ի վերջո, նման հարց բարձրացնելու նպատակը 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ Հայաստանում տեղի ունեցած զարգացումները որոշակի լարվածություն մտցրեցին ՀԱՊԿ-Հայաստան, Հայաստան-Ռուսաստան և ՀԱՊԿ մյուս անդամ երկրների հարաբերությունների մեջ։ Բաքուն, բնականաբար, շահագրգռված է, որպեսզի միջազգային հարթակներում պաշտոնական Երևանի դիրքերը թուլանան, այդ իսկ պատճառով դիմելով որոշակի քայլերի, այդ թվում և քարոզչական հնարքների միջոցով փորձ է անում էլ ավելի խորացնել առկա խնդիրներն ու հավելյալ լարվածություն առաջացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև։ Ադրբեջանի ցանկությունն է նաև, որպեսզի Հայաստանը կորցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի քվոտան, ինչը իրենց դիտարկմամբ կհեղինակազրկի Հայաստանին այդ կառույցում, ինչն հերթին կհանգեցնի նաև հայաստանյան հասարակության դժգոհությունն ու անվստահությունը ռազմական դաշինքի նկատմամբ։ Ադրբեջանի գերնպատակներից է նաև լարել ռուս-հայկական հարաբերությունները, որպեսզի Կրեմլը դադարեցնի կամ առնվազն խոչընդոտներ ստեղծի ՀՀ-ին տրամադրվող տարբեր սպառազինությունների մատակարարման գործընթացում:

Նման թեմայի շուրջ քննարկումներ ծավալելու նպատակներից է նաև ստուգել ադրբեջանական հանրության և արտաքին լսարանի արձագանքը՝ հետագայում ավելի հիմնարար պատկերացումներ կազմելու համար։ Ակներև է, որ ՀԱՊԿ-ին անդամակցելուն այս պահին ադրբեջանական հանրությունը դեմ է։ Անգամ, եթե ադրբեջանական իշխանությունը գործնական քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ (ինչն այս պահի դրությամբ իրատեսական  չէ) չի ունենա հանրային աջակցություն։

Կարող ենք նաև նշել, որ այս քայլով Բաքուն ստուգեց նաև պաշտոնական Երևանի դիրքորոշումը նույն ռազմական դաշինքում հանդես գալու հավանականության հարցում։ Կարելի  նաև նշել, որ այս փորձը Ադրբեջանը կիրառեց, ստուգելու համար Ռուսաստանի դիրքորոշումը Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու կամ տարբեր ձևաչափերով ՀԱՊԿ-ի հետ համագործակցելու կապակցությամբ։

Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների լարվածության ֆոնին, Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության նպատակահարմարության հարցի քննարկումը կարելի է դիտարկել նաև աջակցություն Թուրքիային և ազդակ Արևմուտքին։ Բաքվի շահերից է բխում, որ իր ամենամեծ ռազմական դաշնակիցն ամուր դիրքեր ունենա ՆԱՏՕ-ում ու սերտ հարաբերություններ Արևմուտքի հետ։ Այս կերպ Բաքուն փորձում է մեծացնել Թուրքիայի դերակատարությունը Հվ. Կովկաս-ՆԱՏՕ համագործակցության մեջ։ Իսկ եթե ավելի հստակ, ապա Բաքուն ՀԱՊԿ-ի հետ համագործակցության պատրաստակամություն հայտնելով արևմտյան բլոկին կարող ակնարկել, որ եթե Արևմուտքը կորցի Թուրքիային կամ սրի հարաբերությունները Անկարայի հետ, ապա կկորցնի նաև Ադրբեջանին։

Այժմ անդրադառնանք այն հիմնական պատճառներին, թե ինչու ներկայումս Ադրբեջանը չի կարող դառնալ Հավաքական անվտանգության կազմակերպության անդամ։

Հավաքական անվտանգության կազմակերպության կանոնադրության մեջ նշվում է, որ կազմակերպության նպատակն է անդամ պետություններին պաշտպանել արտաքին ագրեսիայից և խոսք չի գնում կազմակերպության ներսում առկա խնդիրների ու հակամարտությունների կարգավորմամբ զբաղվելու առաքելության մասին։ Այսօրվա դրությամբ ադրբեջանական իշխանության ու հասարակության հիմանական սպասելիքը ՀԱՊԿ-ից այն է, որ անդամակցելու պարագայում այդ կառույցը պետք է առնվազն հարթակ դառնա արցախյան հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության տեսանկյունից կարգավորելու համար, սակայն ՀԱՊԿ-ն և նրա առանցքային երկիրը՝ Ռուսաստանը դեմ են նման ձևաչափով հանդես գալուն։

Հաջորդ հիմնական պատճառն այն է, որ ՀԱՊԿ-ում որոշումները, այդ թվում նոր անդամներ ընդունելու վերաբերյալ, ընդունվում են կոնսենսուսով։  Կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկիր կարող է ցանկացած հարցի շուրջ կիրառել վետոյի իրավունք։ Թեև հավանականությունը չնչին է, որ հարցը կարող է հասնել վետոյի իրավունքի օգտագործմանը, սակայն Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում  Ադրբեջանի անդամակցության հարց քննարկվելու դեպքում պաշտոնական Երևանը կօգտագործի վետոյի իր իրավունքը։ Ինչից հետո միայն Ադրբեջանի արտգործնախարարությունը անդրադարձավ այս թեմային, նշելով, որ Հայաստանը ՀԱՊԿ միակ անդամ երկիրը չէ։

Ադրբեջանը 2011թ.-ից «Չմիավորման շարժում» կազմակերպության անդամ է, ուստի պարտավորություն է ստանձնել չինտեգրվել ռազմական, քաղաքական ու տնտեսական միավորումներում։ Ադրբեջանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ ևս ամրագրված է, որ Ադրբեջանը արտաքին քաղաքականության մեջ բացառապես առաջնորդվում է ապաինտեգրման սկզբունքով։ Ուստի սրանք ևս խոչընդոտներ են, որպեսզի Ադրբեջանը հայտ ներկայացնի ՀԱՊԿ-ին անդամակցելու համար։

Իր անկախացումից հետո, հատկապես Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո (2003թ.) ադրբեջանական իշխանությունները զինված ուժերը կառուցվածքային,  մարտավարության ու սպառազինության առումով ցանկանում են նմանեցնել ՆԱՏՕ-ի ստանդարտներին, որի մեջ Թուրքիան ունի շատ կարևոր դերակատարություն։ Հարկ է նշել, որ Ադրբեջանը ամենախորը ռազմական համագործակցությունն ունի հենց Թուրքիայի հետ, որը զորքերի թվաքանակով ՆԱՏՕ-ի երկրորդ երկիրն է ԱՄՆ-ից հետո։ Այսօրվա ադրբեջանական բանակում բավականին ակտիվ ներգրավվածություն ունեն Թուրքիայի զինված ուժերի սպաները, որոնք հիմնականում հանդես են գալիս ռազմաուսումնական գործունեությամբ ու համապատասխան ստորաբաժանումներում իրականացնում են խորհրդատվական, ինչպես նաև հրահանգավորման գործառույթներ։ Կարևոր հանգամանք է նաև այն, որ թուրքական ու ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների ռազմաուսումնական հաստատություններում ուսանում են մեծ թվով ադրբեջանցի զինվորականներ։ Ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանին ավելի հոգեհարազատ են ՆԱՏՕ-ի չափանիշները։ Ուստի խոսել կտրուկ շրջադարձի մասին դեպի հետխորհրդային տարածաշրջանի ռազմական բլոկ, թերևս, այս պահին իրատեսական չէ։

Հարկ է նշել նաև, որ Ռուսաստան-Արևմուտք լարված հարաբերությունների ֆոնին ՀԱՊԿ-ին նոր պետության անդամակցումը լարվածության ևս մեկ կետ կստեղծի Մոսկվայի և Բրյուսելի միջև, որից ամենաշատը կտուժի հենց այն երկիրը, որը ինտեգրման հայտ կներկայացնի։

Ամփոփելով վերը թվարկված փաստերն ու հավանական զարգացումները, կարող ենք նշել, որ ժամանակակից աշխարհաքաղաքական իրավիճակն ու տարածաշրջանում գերտերությունների շահերի ներգրավվածությունը նվազեցնում է հավանականությունը, որ Բաքուն կփորձի ՀԱՊԿ-ին անդամակցելու կամ լուրջ համագործակցելու հայտ ներկայացնել։

Աշոտ Մովսիսյան

փորձագետ

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ