Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Երևանում քննարկվել են երեխայի խնամքի համակարգի բարեփոխումները

Երևանում քննարկվել  են երեխայի խնամքի համակարգի բարեփոխումները
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում այսօր մեկնարկեց «Հանուն ընտանիքների միասնության» խորագրով երկօրյա միջազգային համաժողով, որին մասնակցում են ավելի քան 120 մասնագետներ և ոլորտի գործիչներ Հայաստանի, Բուլղարիայի, Վրաստանի կառավարություններից, ՄԱԿ-ի գործակալություններից, հասարակական և միջազգային կազմակերպություններից և Հայ առաքելական եկեղեցուց: Համաժողովին ներկա էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման բաժնից, համաժողովը, որը կազմակերպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Բուլղարիայի կառավարության աջակցությամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, նպատակ ունի նոր թափ հաղորդել Հայաստանում երեխաների խնամքի համակարգի բարեփոխմանը: Երկու օրերի ընթացքում այն ծառայելու է որպես տարածաշրջանի այլ երկրների հետ փորձի ու քաղած դասերի փոխանակման հարթակ:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ 140 երկրներից հավաքագրված տվյալները փաստում են, որ աշխարհում Կենտրոնական Եվրոպան և Կենտրոնական Ասիան երեխայի խնամքի հաստատություններում ապրող երեխաների թվի ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածաշրջանն է, որտեղ յուրաքանչյուր 100,000 երեխայից 666-ն ապրում է երեխայի խնամքի հաստատությունում, ինչը հնգակի գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը՝ 100,000-ից 120-ը:
 
«Մեր երկրում երեխաներին ուղղված պետական քաղաքականության յուրաքանչյուր փաստաթղթի, յուրաքանչյուր միջոցառման հիմքում պետք է լինեն երեխաների կարիքների ճիշտ գնահատումն ու նրա լավագույն շահը»,- նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը: «Երեխաների պաշտպանությանն ու զարգացմանն ուղղված ծրագրերը ամենակարևոր ներդրումն են, որ պետք է անենք մենք՝ բոլորս, մեր պետության երկարաժամկետ հաջողության և կայուն զարգացման ճանապարհին»:
 
Համաժողովի ընթացքում ելույթ ունեցան Անահիտ Վարդանյանը, ով պատմեց մանկատանը բնակվելու իր անձնական պատմությունը և 16-ամյա Կարոլինա Ռազումովսկայան, ով երկու տարի է, ինչ բնակվում է խնամատար ընտանիքում:
 
«Հաստատություններում երկարաժամկետ խնամքը որևէ երեխայի դեպքում չպետք է դիտարկվի որպես ընտանիքահեն խնամքի այլընտրանք: Վաղուց հայտնի է, որ շուրջօրյա խնամքը հաստատությունում բացասական ազդեցություն է թողնում երեխաների վրա՝ խոչընդոտելով նրանց զարգացումը և սահմանափակելով կյանքում ավելիին հասնելու հնարավորությունները: Սա երեխայի իրավունքի խնդիր է»,- նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Հայաստանում շուրջօրյա խնամքի հաստատություններում պահվող երեխաների թիվը մեծ չէ, փոփոխությունները հնարավոր են, իսկ նպատակի իրականացումն էլ՝ մեր ձեռքերում: Մենք կարող ենք անել դա»:
 
2001 թվականից ի վեր ՀՀ կառավարությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և այլ միջազգային ու տեղական կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացնում է բարեփոխումներ՝ ուղղված երեխաների խնամքի ու պաշտպանության համակարգի ստեղծմանն ու ամրապնդմանը: Արդյունքում՝ կտրուկ նվազել է խնամքի գիշերօթիկ հաստատություններում ապրող երեխաների թիվը՝ 12,700 երեխայից 2017 թվականին հասնելով 2836-ի:
 
Չնայած այս ձեռքբերումներին, համաձայն պաշտոնական տվյալների, հայաստանյան հաստատություններում մշտապես բնակվող երեխաների 80-90 տոկոսն ունի առնվազն մեկ ծնող և այնտեղ է հայտնվել հաշմանդամության կամ աղքատության և այլ խոցելիությունների հետևանքով, որոնք դժվարացնում են երեխայի խնամքը ընտանիքում։

Բուլղարիայի կառավարությունը ևս իր բազմապրոֆիլ ներդրմամբ նպաստում է ՀՀ-ում այս ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացին:
 
«Նյու Յորքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր խորհրդի կողմից վերջերս ընդունված համագործակցության ծրագրում Բուլղարիան ճանաչվեց որպես տարածաշրջանային առաջնորդ՝ շուրջօրյա խնամքի հաստատություններից համայնքահեն և ընտանիքահեն խնամքի անցում կատարելու գործում: Ինչպես Հայաստանում, Բուլղարիայում ևս շուրջօրյա խնամքի հաստատությունները ժառանգություն էին Բուլղարիայի սոցիալիստական անցյալից: Երկար տարիներ պահանջվեց, որպեսզի կարողանանք լուծել այս բարեփոխումների գործընթացի բարդ բնույթը, և մինչ այսօր մենք ջանք չենք խնայում է՛լ ավելի ամրապնդելու և կայուն դարձնելու համակարգային բոլոր փոփոխությունները, որ տեղի ունեցան երեխայի խնամքի և պաշտպանության ոլորտում»,- նշեց ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության դեսպան տիկին Մարիա Պավլովա Ցոցորկովան:
 
Համաժողովի մասնակիցները միակարծիք են, որ հետագա աշխատանքները պետք է ուղղվեն կանխարգելելու ընտանիքի բաժանումը՝ ռիսկի խմբում գտնվող ընտանիքներին բարելավված աջակցություն տրամադրելու միջոցով: Այս նպատակով կողմերը հաստատեցին իրենց պատրաստակամությունը աշխատանքների համակարգման և արդյունքների մասին հաշվետու լինելու շուրջ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]