Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանագետը «համեստ» է գնահատում Իլհամ Ալիևի ՌԴ այցի և Պուտինի հետ հանդիպման արդյունքները

Ադրբեջանագետը «համեստ» է գնահատում Իլհամ Ալիևի ՌԴ այցի և Պուտինի հետ 
հանդիպման արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ռուսաստան վերջին այցն ու Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքները գնահատում է որպես «համեստ», քանի որ այցի շրջանակում կնքվել են տնտեսական ոլորտում համագործակցության մի շարք համաձայնագրեր, սակայն ռազմատեխնիկական ոլորտում նոր համագործակցության մասին խոսք չի եղել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ադրբեջանագետն ընդգծեց, որ Իլհամ Ալիևի այցը Ռուսաստան և հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարելի է դիտարկել առնվազն երկու տեսանկյունից՝ մեկն այն է, ինչ ներկայացվել է մամուլին, մյուսը՝ հանդիպման չերևացող կողմը:

Անդրադառնալով Պուտին-Ալիև հանդիպման վերաբերյալ հրապարակված նյութերին և հանդիպման շրջանակում հրապարակային հայտարարություններին՝ Տաթև  Հայրապետյանն ասաց, որ հրապարակային նյութերի, ստորագրված փաստաթղթերի, հնչած հայտարարությունների հիման վրա այցի արդյունքները կարելի է բնութագրել որպես «համեստ», քանի որ կնքվել են համաձայնագրեր առևտրատնտեսական, էներգետիկ ոլորտներում համագործակցության մասին, իսկ ռազմատեխնիկական համագործակցության մասին որևէ նշում չի եղել: «Այդ առումով միակ հրապարակային արձանագրումը Իլհամ Ալիևի ամփոփումն էր երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ, բայց դա ապագայի մասին չէր, դա անցյալի մասին էր: Իլհամ Ալիևը իր խոսքում միայն ավելացրեց, որ հույս ունի ավելացնել այդ ծավալները: Ղարաբաղյան հարցին անդրադառնալով՝ Իլհամ Ալիևը փորձում էր ավելի կոշտ լինել իր դիրքորոշման մեջ, մինչդեռ Վլադիմիր Պուտինի արձագանքն ամբողջությամբ տեղավորվում էր առկա դիրքորոշման շրջանակում, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կշարունակի աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- մանրամասնեց նա:

Խոսելով Պուտին-Ալիև հանդիպման չերևացող կողմի մասին՝ ադրբեջանագետն ընդգծեց, որ որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ  Պուտինը դեմ առ դեմ շատ երկարատև խոսակցություն է ունեցել Իլհամ Ալիևի հետ, ինչի մասին հրապարակային որևէ տեղեկություն չկա: «Նույնիսկ Ադրբեջանի հասարակական-քաղաքական դաշտը, թե Իլհամ Ալիևի կողմնակիցները, թե հակառակորդները որևէ կերպ այցը լայն քննարկման չեն ենթարկել: Ի զարմանս ինձ՝ բավականին լուռ էին, ընդամենը հատուկենտ մեկնաբանությունների եմ հանդիպել: Օրինակ՝ քաղաքագետ Ռաուֆ Մերկադիրովը նշել էր, որ մի բան է այդքան փաստաթղթերի ստորագրումը, մեկ այլ բան է դրանց  իմպլեմենտացումը՝ հաշվի առնելով, որ ՌԴ-ն մեծապես տուժում է պատժամիջոցներից և շատ հարցական է, թե որքանով այդ ծրագրերը կհաջողվի իրականացնել»,- ասաց Հայրապետյանը:

Նա կարծիք հայտնեց, որ առաջիկայում որոշակի հստակեցումներ կարող են մտցվել այդ հանդիպման գաղտնի մասի վերաբերյալ, երբ Փաշինյանը կհանդիպի Վլադիմիր Պուտինի  հետ. «Ես կարծում եմ, որ խոսք կգնա Ալիև-Փաշինյան հնարավոր առաջիկա հանդիպման մասին, որովհետև գաղտնիք չէ, որ Ռուսաստանը միշտ էլ գերադասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ամենաակտիվը լինել»,- ընդգծեց ադրբեջանագետը:

Նրա խոսքով՝ առաջիկայում կնկատենք, թե այդ այցի գաղտնի կողմը ինչ հետևանքներ է ունեցել թե Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների, թե ավելի լայն՝ տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից: Նա հավելեց, որ սեպտեմբերի 7-ին էլ կայանալու  է Թուրքիա-Իրան-Ռուսաստան ղեկավարների հանդիպումը, ինչը նշանակում է, որ սեպտեմբերը բավականին հագեցած է լինելու տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]