Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Խաղողագործները փակել են Արմավիր-Երևան ճանապարհը. նրանք բողոքում են խաղողի մթերման գներից


ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի տասնյակ համայնքների բնակիչները փակել են Արմավիր-Երևան ճանապարհը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խաղողագործները բողոքում են խաղողի մթերման գներից:

Գյուղացիները խաղող մթերող կազմակերպություններից պահանջում են խաղողը մթերել ոչ թե 140 դրամով, այլ ինչպես ավելի վաղ խոստացել էին՝ 160 դրամով: Նրանք նշում են, որ գարնանը իրենց խոստացել են, որ խաղողը մթերելու են 160 դրամով, բայց հիմա մթերման գին են սահմանել 140 դրամը:

Խաղողագործներից մեկն էլ ընդգծեց, որ բոլոր մթերող կազմակերպությունները մի քանի օր 160 դրամով են մթերել, բայց «Արարատ» կոնյակի գործարանը հայտարարել է, որ 140 դրամով է մթերելու, ինչից հետո բոլորը սահմանել են 140 դրամ մթերման գին:

Գյուղացիները շեշտում են, որ 140 դրամը իրենց ձեռնտու գին չէ, քանի որ խաղողի մեկ կիլոգրամի ինքնարժեքն է այդքան:

 Խաղողագործների հետ հանդիպեց «Արարատ» կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղի տնօրեն Արթուր Սարգսյանը: Նա պնդեց, որ գյուղացիներից խաղողի մթերման գների հետ կապված առաջին անգամ է բողոք լսում: «Խաղողի մթերման գինն այս տարի որոշվել է 140 դրամ: Եթե դուք ունեք այլ պահանջներ, կցանկանաք այլ հարցեր առաջ քաշել, ես ղեկավարությանը կներկայացնեմ, ղեկավարությունը կորոշի՝ բարձրացնել, թե ոչ»,- ասաց Սարգսյանը՝ մանրամասնելով, որ գյուղացիների հետ կնքված պայմանագրերում խաղողի մթերման գին երբեք չի նշվել և հիմա էլ նշված չէ:

Նա հավելեց, որ կոնյակի գործարանը միշտ խաղողի մթերման գին է նշել, որի հետ գյուղացիները համաձայն են եղել: «Այս տարի գին է որոշվել, համաձայն չեք, շատ լավ, մենք ձեր անհամաձայնությունը կհաղորդենք ղեկավարությանը, իրենք ինչ-որ լուծում կտան: Ես հիմա մեր զրույցի մանրամասները շատ արագ կփոխանցեմ, պատասխանները դուք կստանաք»:

Գյւղացիներին, սակայն, դա չբավարարեց: Նրանք շարունակում են բողոքի ակցիան:

  




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ