Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Կյանքից հեռացել է պոլսահայ ռեժիսոր Արամ Գյուլյուզը


ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում կյանքից հեռացել է թուրքական կինեմատոգրաֆիայի մեջ մեծ ավանդ ունեցող, բազմաթիվ ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Արամ Գյուլյուզը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է «Ermenihaber»-ը:

87-ամյա հայ երախտավորի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը:

«Վշտացա՝ իմանալով մեր կինոյի վարպետ Արամ Գյուլյուզի մահվան լուրը: Լուսահոգի վարպետը 1958 թվականից սկսած մեծ ծառայություններ է մատուցել թուրքական կինեմատոգրաֆիային: Ցավակցում եմ նրա ընտանիքին և արվեստագետների համայնքին»,- ասված է Էրսոյի ցավակցական ուղերձում:

Արամ Գյուլյուզը ծնվել է 1931 թ. Պոլսի հայաբնակ Շիշլի թաղամասում: Նախնական կրթությունը ստացել է Հինդլյանի դպրոցում, ապա՝ Կենտրոնական, նաև Մխիթարյան վարժարաններում։ Բարձրագույն կրթություն ստանալու համար Գյուլյուզը մեկնում է Անգլիա, 4 տարի Լոնդոնում մասնագիտանում էլեկտրոնային և երաժշտական ինդուստրիայի ասպարեզում՝ անընդհատ հետևելով նաև հեռուստատեսային արվեստի դասընթացների։ 1954-55 թթ. Թուրքիայի զինված ուժերում զինծառայության շրջանն անցկացնում է Կորեայում։ Այստեղ նրա հանդիպումը հայտնի կինոգործիչ Հալիթ Ռեֆիկի հետ ճակատագրական էր։ Այս հանդիպմանն է նա պարտական կինոյի աշխարհ մուտք գործելու համար։ Վերադառնում է Թուրքիա, պաշտոնավարում անգլիական ավիաուղիներում (British Airways), սակայն շուտով՝ 1958 թ., հիմնադրում է Metro Film-ը՝ թուրքական կինոաշխարհ մտնելով որպես պրոդյուսեր։ Նկարահանում է առաջին թուրք-գերմանական «Ստամբուլյան արկածներ» ֆիլմը՝ օտար և թուրք դերասանների մասնակցությամբ։

Արամը կինոարտադրություն է մտնում նաև գրելով ֆիլմերի սցենարներ, անվանի գործիչների հետ նկարահանում է սերիալներ, որոնց մի մասը կատակերգություններ էին

Գյուլյուզը շուրջ 140 ֆիլմ է նկարահանել, մոտ 30 ֆիլմի սցենար է հեղինակել և 40 ֆիլմի պրոդյուսեր եղել, աշխատել է թուրքական ամենահայտնի դերասանների հետ։ Արամն ամուսնացած է եղել Գյունուլ անունով թրքուհու հետ, որ բալետի պարուհի էր, 3 զավակի հայր էր։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ