Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Աստղիկ Հակոբյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկանների փոխչեմպիոն  


ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիգայում ավարտված Եվրոպայի պատանեկան առաջնությունում հիանալի հաջողության հասավ Աստղիկ Հակոբյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մինչև 14 տարեկան աղջիկների ենթախմբում հանդես եկող Հակոբյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և արժանացավ արծաթե պարգևի: Հակոբյանը նաև 130 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: Ավելացնենք նաև, որ այս հաջողությունը արդեն երրորդն է Աստղիկի համար այս տարում: Հունիսին պատանի շախմատիստուհին հիանալի ելույթ էր ունեցել «Սպիտակ նավակ» մրցաշարում, հուլիսին հաղթող դարձել Հայաստանի կանանց 74-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարում:

Աստղիկ Հակոբյանի մարզիչն է գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը:

Մինչև 16 տարեկան տղաների ենթախմբում հաջող հանդես եկավ Արմեն Բարսեղյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 2-5-րդ հորիզոնականները: Ցավոք, մարզական բախտը Արմենի կողմը չէր. լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մեր շախմատիստը հայտնվեց 5-րդ հորիզոնականում:

Մեդալ նվաճելու հիանալի հնարավորություն ուներ նաև մինչև 10 տարեկանների ենթախմբում հանդես եկող Ռուդոլֆ Փաշիկյանը, ով մրցաշարի մեկնարկից մինչև վերջին տուրը գլխավորում էր աղյուսակը, սակայն վերջին տուրում պարտություն կրեց և 7 միավորով գրավեց 4-րդ հորիզոնականը:

Մեդալների համար պայքարում էր նաև մինչև 16 տարեկան աղջիկների ենթախմբում հանդես եկող Աննա Խաչատրյանը, սակայն վերջին տուրում կրած պարտությունից հետո Խաչատրյանը հայտնվեց 10-րդ հորիզոնականում:

Մինչև 18 տարեկան տղաների ենթախմբում հանդես եկող Դավիթ Միրզոյանը 6 միավորով գրավեց 8-րդ տեղը:

Ընդհանուր առմամբ, մեր 18 մասնակիցներից 15-ը բարելավեցին իրենց անհատական վարկանիշները:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ