Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանը շարունակելու է աջակցել Արցախի անկախության հետագա ամրապնդմանը. Արա Բաբլոյանի ուղերձն Արցախի անկախության տոնի առթիվ

Հայաստանը շարունակելու է աջակցել Արցախի անկախության հետագա ամրապնդմանը. 
Արա Բաբլոյանի ուղերձն Արցախի անկախության տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Սիրելի հայրենակիցներ,շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ և խոնարհվում բոլոր նրանց պայծառ հիշատակի առջև, ովքեր ընկան հայոց երկրորդ պետության անկախությունը պաշտպանելու  ճանապարհին:

Արցախի ժողովուրդն իր անբեկանելի որոշումը կայացրեց ռազմական ու քաղաքական դժվարին և անորոշ մի ժամանակաշրջանում, երբ թերևս միակ որոշակի ու հստակ իրողությունը հայրենի հողին սպառնացող վտանգի ահագնացումն էր: Պատմությունն ապացուցեց, որ անկախության հռչակումն էր արցախահայության` իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքի պաշտպանության միակ ուղին: Իսկ արցախահայությունն ապացուցեց, որ կարող է հաղթել, բուժել պատերազմի վերքերը, արարել ու շենացնել իր լեռնաշխարհը: Եվ ավելին, հաստատակամորեն հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ կառուցել ժողովրդավարական հասարակարգ, որը պետության ու հասարակության զարգացման կարևորագույն գրավականն է:

Սեպտեմբերի 2-ը համայն հայության տոնն է, որը մենք նվաճել ենք համազգային պայքարի արդյունքում, և Հայաստանը շարունակելու է ըստ ամենայնի աջակցել Արցախի Հանրապետության անկախության հետագա ամրապնդմանը:

Հայաստանի Հանրապետության խորհրդարանի և իմ անունից կրկին շնորհավորում եմ Արցախի ողջ ժողովրդին այս նվիրական տոնի առթիվ: Շնորհավորանքի ու գնահատանքի խոսք եմ ուղղում նաև բոլոր նրանց, ովքեր իրենց ավանդն են ունեցել Արցախի Հանրապետության պաշտպանության ու զարգացման գործում:

Սիրելի արցախցիներ, ցանկանում եմ ձեզ նորանոր հաջողություններ պետականաշինության, օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործման, ժողովրդավարության ամրապնդման և տնտեսության զարգացման ասպարեզներում: Մաղթում եմ խաղաղություն, առաջընթաց և բարօրություն»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]