Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Սարոյանի արվեստի երկրպագուները 110-ամյակի առթիվ Երևանում հարգանքի տուրք մատուցեցին ամենապայծառ հայերից մեկի հիշատակին


ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակի առիթով օգոստոսի 31-ին Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում հարգանքի տուրք մատուցելու էին եկել Հայաստանի գրողների միության անդամներ, գրադարանների աշխատակիցներ, արվեստի ու մշակույթի գործիչներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խոսելով Սարոյանի կյանքի եւ ստեղծագործական ժառանգության մասին՝ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը շեշտեց՝ նա գրում էր անգլերեն, բայց հոգին հայկական էր. «Նրա ծնունդով Ամերիկայում ծնվեց ու բացահայտվեց նաեւ հայկական ոգին: Սարոյանի գրվածքներն ամեն մի թելով հայկական են: Նրա պատմությունները բանահյուսական գունագեղ երանգներով, մարդկային հոգու տեսանելի, խիստ շոշափելի արծարծումներով եւ հարաբերություններով ինձ պատկերանում է հայկական մի էպոսի շարունակություն: Սարոյանի մտածողության մեջ կային ե՛ւ բանահյուսական, ե՛ւ ժամանակակից ոճական տարրեր: 1930-ական թվականներին Ամերիկայում իր առաջին գրքով անմիջապես շահեց ընթերցողների համակրանքը: Նրա պատմվածքներն ու պիեսները դարձան մեր գրականության շարժիչ ուժը: Հատկապես 1960-ական թվականներին հայ գրականությունը մեծ շունչ ստացավ հենց սարոյանական ստեղծագործություններից»:

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանի խոսքով՝ Վիլյամ Սարոյանը մեր գրականության հսկաներից մեկն է: Ամենաընթերցվող գրքերի շարքում Սարոյանի ստեղծագործությունները նույնպես պատվավոր դիրքերում են: «Նրա ստեղծագործությունները պահանջված են գրեթե բոլոր ժամանակներում: Սարոյանն իր ստեղծագործություններում հաստատում է այն միտքը, որ մարդը, ինչպիսի հոգեվիճակում էլ լինի, չպետք է կորցնի մարդկային հատկանիշները: Նա կարողացել է փոխկապակցել հայ ժողովրդի ու ամերիկյան հասարակության մշակութային առանձնահատկությունները: Երբ մի առիթով հարցրել են, թե ինչու է մշտապես պահում բեղեր, պատասխանել է, թե միտումնավոր է անում, եւ խոսում է գոռալով, որ աշխարհն իմանա՝ հայի տեսակը այդ է: Նա ուզում էր, որ մենք չփորձենք նմանվել այլ ազգերին, չկորցնենք մեր ազգային հատկանիշները»,- նշեց Ռուզաննա Բարսեղյանը:

Սարոյանի գրականությունը ե՛ւ նախնական է, ե՛ւ արդիական, ժամանակակից է իր բոլոր պահանջներով, խնդիրներով ու հարաբերություններով, նկատում է բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը. «Ժամանակակից արվեստի պատմության կերտմանը մասնակցում է սարոյանական ստեղծագործությունը, որպես հզոր ու սրբազան հումք: Գրականությունը, որ ստեղծեց Սարոյանը, տարբերվում է: Նա իր ուրույն ձեռագիրն ուներ: Երբ Ֆելինիին հարցազրույցներից մեկի ժամանակ հարցնում են իր սիրելի գրողների անունները, Դանթեի հետ մեկտեղ հիշատակում է նաեւ Սարոյանին: Մենք պետք է հաճախակի անդրադառնանք նրա ստեղծագործություններին: Երբ մարդկությունն ընկնում է քաղաքակրթական ճգնաժամի մեջ, այդ ժամանակ պետք է օգտվի մարդասիրական իր պաշարից, որն է՝ արվեստը, մշակույթը, գրականությունը, եւ որի ամենապայծառագույն դեմքերից մեկն է Վիլյամ Սարոյանը»,- ընդգծեց Շանթ Մկրտչյանը:

Լիանա Սարգսյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ