Հայաստանը կմասնակցի Դամասկոսի միջազգային էքսպոյին
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բիզնես Արմենիա»-ի և Սիրիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Դամասկոսի 60-րդ միջազգային ցուցահանդեսին ներկայացվելու նպատակով երեկ երեկոյան Սիրիայի մայրաքաղաք են ուղարկվել արտահանման ենթակա ապրանքների նմուշներ ու կատալոգներ։
Հոկտեմբերի 6-15-ը «Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ առաջին անգամ հայաստանյան արտահանող և արտահանման ներուժ ունեցող 34 ընկերություններ կմասնակցեն Դամասկոսի միջազգային էքսպոյին՝ ներկայացնելով մեքենաշինության, շինանյութերի արտադրության, դեղագործության, սննդարդյունաբերության ոլորտները։
«Սիրիան ակտիվ քայլեր է անում տնտեսության վերականգնման նպատակով։ Սա հայաստանյան տնտեսվարողների համար լավ փուլ է՝ շոշափելու մերձավորարևելյան շուկայի պահանջարկը։ Դրական արձագանքի դեպքում կարող ենք ակնկալել արտահանման պայմանագրեր»,- նշել է «Բիզնես Արմենիա»-ի Արտահանողների աջակցության կառավարիչ Անահիտ Մկրտչյանը։
Ցուցահանդեսի շրջանակում կներկայացվեն նաև Հայաստանի գործարար միջավայրի, զբոսաշրջային գրավչությունների վերաբերյալ տպագիր նյութեր։
Նմուշների առաքմանը նախորդել է Սիրիայում մեր երկրի դեսպան Արշակ Փոլադյանի և հայաստանյան գործարարների հանդիպումը:Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում