Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համալրվեց Այնթապի հերոսամարտում օգտագործված ատրճանակով

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համալրվեց Այնթապի հերոսամարտում օգտագործված ատրճանակով

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այնթապի հերոսամարտի ընթացքում՝ 1920-ին օգտագործված ատրճանակնեից մեկը Սիրիայից հասել է Հայաստան ու իր տեղը գտել  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Այն թանգարան-ինստիտուտին է նվիրաբերել ատրճանակի տիրոջ՝ Գրիգոր Բարսեղյանի թոռը՝ սիրիահայ հայրենադարձ Ջորջ Բարսեղյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 29-ին կայացավ նվիրատվության արարողությունը:

«Ատրճանակը եղել է իմ մեծ հորը՝ Գրիգոր Բարսեղյանին: Նա այն օգտագործել է Այնթապի հերոսամարտի ընթացքում, հետո, Սիրիա գաղթելիս, տարել է իր հետ: Պապս ու հայրս դրա մասին շատ պատմություններ են պատմել: Այս ատրճանակի տեղը Հայաստանը, հատկապես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն է, քանի որ, մենք հավատում ենք, որ Ցեղասպանությունը վերապրածների հոգիները գտնվում են այս հուշահամալիրում»,- ասաց Ջորջ Բարսեղյանը:

Ատրճանակը 1877-ի արտադրության է: Մինչ տեղափոխումը ատրճանակը գտնվել է Ջորջ Բարսեղյանի տանը՝ Դամասկոսում: Հետո Ջորջ Բարսեղյանն այն հանձնել է Սիրիայում Հայաստանի դեսպանություն՝ այն Հայաստան հասցնելու մտադրությամբ: Տեղափոխման հարցերը լուծվել են մոտ 4 տարվա ընթացքում:  Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանի ջանքերով ու օգնությամբ են կարողացել արտոնություն ստանալ և այն բերել: Դեսպան Արշակ Փոլադյանը հիշեց՝ այս զենքն իրենց փոխանցել են սիրիական պատերազմի ժամանակ:

«Դժբախտաբար նաև պատերազմական պայմանների պատճառով դժվարություններ առաջացան տեղափոխման համար: Միայն վերջերս սիրիացի պաշտոնյաներին դիմելուց հետո կարողացանք այն փոխադրել Հայաստան»,- ասաց դեսպանն ու իր խորին երախտագիտությունը հայտնեց սիրիական իշխանություններին:

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ատրճանակի մասին իմացել է անձամբ Ջորջ Բարսեղյանից՝ մեկ ամիս առաջ:  Նախարարությունն էլ կազմակերպել է հանձնման արարողությունը: «Այս ատրճանակը պատմական մեծ նշանակություն ունի: Այս լոկ զենք չէ, խորհրդանշում է ծանր կացության մեջ գտնվող հայի  ոգու, կամքի ուժը, միասնականությունը»,-ասաց նախարար Մխիթար Հայրապետյանը:

Հանձնման արարողությանը ներկա էր նաև Հայաստանում Սիրիայի դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]