Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արա Բաբլոյանը և Արման Թաթոյանը քննարկել են երկրի ներքաղաքական դրությունը

Արա Բաբլոյանը և Արման Թաթոյանը քննարկել են երկրի ներքաղաքական դրությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օգոստոսի 29-ին հանդիպում են ունեցել: Հանդիպման նախաձեռնության առաջարկով ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին հայտարարությունով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

Օրենսդիր մարմնի ղեկավարը Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցած հանդիպումների ընթացքում կողմերը կարևորել են Սահմանադրության գերակայության հրամայականը, արձանագրել են, որ խնդիրների լուծմանն ուղղված բոլոր քայլերը պետք է լինեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, քաղաքական երկխոսության, բանակցությունների և քննարկումների մթնոլորտում:

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպման ընթացքում ներկայացրել է իր հետևյալ դիրքորոշումները ԱԺ նախագահի բարձրացրած հարցերի առնչությամբ.

  • երկրում ընթացող ցանկացած գործընթաց պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության վրա: Ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը,
  • երկրի ժողովրդավարական զարգացման հիմնարար ցուցիչներից է խոսքի ազատությունը. այս բարձր արժեքի պաշտպանությունը բոլորիս պարտականությունն է: Սրա հետ էլ ուղղակիորեն կապվում է այլակարծության խթանումը. այն մեր երկրին հիմա հատկապես անհրաժեշտ է,
  • անցումային արդարադատության մարմինների հնարավոր ձևավորման հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնված է միջազգային փորձի ու չափանիշների ամբողջական ուսումնասիրություն: Այն կամփոփվի՝ հաշվի առնելով Կառավարության կոնկրետ առաջարկները: Մեկ բան հստակ է. ցանկացած նոր մարմնի գործունեություն պետք է համապատասխանի Հայաստանի միջազգային պարտավորություններին և հիմնված լինի Սահմանադրության ու օրենքների վրա՝ առանցքում ունենալով մարդու իրավունքների երաշխավորման բարձր հանձնառություն և գործող մարմինների աշխատանքի արդյունավետությանը նպաստելու առաքելություն,
  • դատարանների հետ կապված՝ պետք է նկատի ունենալ, որ պետական իշխանությունն իրականացվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա։ Սա էլ իր հերթին ենթադրում է դատական իշխանության անկախություն ինչպես օրենսդիրից ու գործադիրից, այնպես էլ դրանցից դուրս որևէ այլ մարմնից կամ անձից։ Դատական համակարգում առկա խնդիրների լուծմանը պետք է հասնել հետևողական, այդ թվում՝ կոշտ, բայց բացառապես իրավական եղանակներով,
  • պետք է ապահովել իրավունքների պաշտպանության համակարգի անընդհատ զարգացում՝ բացառելով հետնահանջ արձանագրված ձեռքբերումներից: Մարդու իրավունքների պաշտպանն, առաջնորդվելով ապաքաղաքական ու անկողմնակալ աշխատանքի հիմնարար սկզբունքներով, կշարունակի գործադրել այդ ուղղությամբ առավելագույն ջանքեր, այդ թվում՝ աջակցելով Կառավարության՝ դրան ուղղված նախաձեռնություններին,
  • ցանկացած հարց պետք է քննարկվի և լուծվի համերաշխության ու երկխոսության պայմաններում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]