Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արամ Սարգսյանը ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը Հայաստանի համար գերկարևոր խնդիր է համարում

Արամ Սարգսյանը ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը Հայաստանի 
համար գերկարևոր խնդիր է համարում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք»  խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը Հայաստանի համար գերկարևոր խնդիր է համարում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը: Ազգային ժողովում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ պատգամավորն ընդգծեց, որ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը ռազմավարական խնդիր է՝ ընդգծելով, որ շատ կցանկանար, որպեսզի այս հարցը լինի կառավարության առաջնահերթությունների թվում: «Ես համոզված եմ, որ Հայաստանի բոլոր կառավարությունների՝ բացառությամբ 1960-ականներից հետո Սովետական Հայաստանի կառավարության, դժբախտությունը կայացել է նրանում, որ փորձել են լուծել օրվա խնդիր, լավագույն դեպքում՝ տարվա խնդիր: Այս հարցն էլ նայում եմ այդ ենթատեքստում, որովհետև բերվել է հարց՝ գյուղացիներին ջուր տալ, թե չտալ, և, ժողովրդական լեզվով ասած, բերաններս ինչ է, որ ասենք չէ, չենք տալիս, տարբերակ չունենք: Հետևաբար, ցանկանում եմ ուշադրություն դարձնել մի հարցի վրա: Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարումը գերկարևոր խնդիր է, նույնիսկ ստրատեգիական խնդիր, և ես շատ կուզենայի, որ դա մտներ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթությունների մեջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սարգսյանը:

Նա հավելեց, որ Հայաստանը երեք տարին մեկ Սևանա լճի ավազանի չափ ջուր է կորցնում, իսկ դա կազմում է 33 միլիարդ խորանարդ մետր ջուր: «Ամենաէժան թվաբանությունն անելու դեպքում դա կազմում է 6,6 միլիարդ դոլար գումար՝ երեք տարին մեկ: Այսինքն՝ այդ երեք տարվա ընթացքում ամեն տարի այդ ջրից 2,2 միլիարդ գումար կարող է մտնել Հայաստանի բյուջե: Եթե հաշվի առնենք, որ Սևանը ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա է, այս խնդրի լուծումն այնքան էլ բարդ չէ»,- ընդգծեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ ջրային ռեսուրսների կառավարումը լուրջ ներդրումներ է ուզում: Արամ Սարգսյանը հակված է, որպեսզի ՀՀ կառավարությունը բյուջեի նախագծում բյուջեի ուղերձի հետ ներկայացնի նաև 15 տարվա ծրագիր, որտեղ նշված կլինի ջրային ռեսուրսների կառավարման խնդիրը:

 «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է Սևանա լճից լրացուցիչ 40 միլիոն խորանարդ մետր ջրառ իրականացնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]