Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

ՀՀ քաղաքացիություն ստացած և զինված ուժերում հաշվառված Դեն Բիլզերյանը օտարերկրյա ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է


ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ միլիոնատեր, «Ինստագրամ»-ի աստղ և պոկերի պրոֆեսիոնալ խաղացող Դեն Բիլզերյանի այցը Հայաստան օտարերկրյա լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այցին մանրամասն անդրադարձել է բրիտանական Daily Mail-ը, որը գրում է՝ Բիլզերյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել ու հաշվառման կանգնել ՀՀ զինված ուժերում՝ ինչպես պահանջում է երկրի օրենքը:

Լրատվամիջոցը նշում է, որ Դենը Հայաստան է ժամանել եղբոր հետ: «Բիլզերյանը, ով ինստագրամում 24 մլն հետևորդ ունի, տոնել է քաղաքացիություն  ստանալու փաստը հայ զինվորների հետ «վարժանքներով»,- գրում է Daily Mail-ը՝ հրապարակելով Արցախի Հանրապետություն կատարած այցից լուսանկարներ: Բրիտանական լրատվամիջոցը հրապարակել է նաև տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Դեն Բիլզերյանը կրակում խոշոր տրամաչափի զենքերից ու թռչում ռազմական ուղղաթիռով:

ՀՀ քաղաքացիություն ստանալու, խոշոր տրամաչափի զենքերից կրակելու փաստին անդրադարձել է նաև ժամանցային The Blast կայքը՝ նշելով. «Ինչպես երևում է, Բիլզերյանը շատ է սիրելու իր նոր հայրենիքը»:

Հայաստան այցին ու դրա մանրամասներին անդրադարձել են մի շարք այլ լրատվամիջոցներ ևս:

Ինքը՝ Դեն Բիլզերյանը, ժամեր առաջ սոցցանցերում հրապարակել է լուսանկար Արցախի Հանրապետությունից, որում նա կրակում է ականանետից՝ գրելով. «Առաջին օրը որպես Հայաստանի քաղաքացի»:

First day as Armenian citizen

A post shared by Dan Bilzerian (@danbilzerian) on

Դենը եղբոր՝ Ադամ Բիլզերյանի հետ Հայաստան էր ժամանել օգոստոսի 27-ին: Օգոստոսի 29-ին նա Հայաստանից կմեկնի Թայլանդ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ