Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Ջավախքում վերաօծվեց Բալխոյի «Սուրբ Հարություն» եկեղեցին


ՋԱՎԱԽՔ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի օգոստոսի 25-ին վերաօծվեց Ախալքալաքից 12 կմ հեռավորության վրա գտնվող Բալխո գյուղի Սուրբ Հարություն եկեղեցին: Եկեղեցու վերաօծման արարողությանը գյուղի բնակիչներից բացի մասնկացել են նաև Հայաստանից ու Ռուսաստանից ժամանած հյուրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վիրահայոց թեմից, 19-րդ դարի կառույց եկեղեցին խորհրդային տարիներին  կորցնելով իր գործառույթները,  վերածվել էր կոլտնտեսության պահեստի, իսկ հետխորհրդային շրջանում   մատնվել անուշադրության: Աղոթազուրկ և անխնամ մնացած եկեղեցին վերանորոգվեց  գյուղի արժանավոր զավակ,  ռուսաստանաբնակ Մեսրոպ Մովսիսյանի բարերարությամբ՝  համագյուղացիներին ընձեռելով Աստծով ապրելու, աղոթքով գործելու հնարավորություն: 

Եկեղեցին վերաօծվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և արժանապատիվ  Տեր Տաթև քահանա Մարուքյանի, Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի ու Տեր Տիգրան  քահանա Մխիթարյանի մասնակցությամբ:  Դռնբացեքի արարողությունից հետո Սրբասուրբ մյուռոնով օծվեցին Սուրբ Հարություն եկեղեցու Սուրբ Սեղանը, Մկրտության ավազանը և 16 սյուները:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը և Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավորներ, հասարակական, պետական գործիչներ, հավատացյալներ:

Վերակառուցված և վերաօծված եկեղեցում անդրանիկ Սուրբ և Անմահ Պատարագը մատուցեց Արակովայի «Սուրբ Գևորգ» եկեղեցու ու հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թադևոս քահանա Տեր-Մկրտչյանը: Հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց խոստովանության կարգ և հավատացյալները ստացան հաղորդություն:
Հավարտ Սուրբ Պատարագի Թեմակալ առաջնորդը տեղի բնակիչներին շնորհավորեց Սուրբ Հարություն եկեղեցու վերաօծման կապակցությամբ, գնահատանքի խոսքեր ուղղեց բարերարի ընտանիքին, Մեսրոպ Մկրտչյանին հանձնեց Օրհնության գիր և նվիրեց Սրբապատկեր: Սուրբ Պատարագն ավարտվեց  Վիրահայոց թեմի առաջնորդի Պահպանիչ աղոթքով:

Այնուհետև Սուրբ  Հարություն եկեղեցու վերաօծման կապակցությամբ հարակից տարածքում կայացավ տոնահանդես, որին իրենց մասնակցում էին Վիրահայոց թեմի Արակովայի «Խրիմյան հայրիկ» կենտրոնի սաները, տոնահանդեսը իրենց կատարումներով  գեղեցկացրեցին նաև հարակից գյուղերից  եկած անհատ կատարողները: 

Տոնական օրը գյուղում ավարտվեց բարերարի ընտանիքի կողմից մատաղի մատուցմամբ և գյուղի հանդիսությունների սրահում տեղացիների համար կազմակերպված հյուրասիրությամբ:

Հիշեցնենք, որ դեռևս 2004 թվականին, եկեղեցու առաջին մասնակի վերանորոգումից հետո փոխառաջնորդ, հոգեշնորհ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանի կողմից կատարվել էր եկեղեցու օրհնության կարգ և տաճարը դարձել էր Վիրահայոց Թեմի գործող եկեղեցիներից մեկը: 

Բալխո գյուղում 160 ընտանիք է ապրում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ