Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

«Ելման կետ». վերջին տասնամյակում Հայաստանի պետական պարտքն ավելացել է 300%-ով


ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած տնտեսության զարգացման նոր հայեցակարգի ներդրմանն ընդառաջ, ինչպես նաև նախկին իշխանության թողած ժառանգությունը ամփոփելու և գործող իշխանության գործունեության մեկնարկային պայմանների ուսումնասիրության համար որպես «Ելման կետ» դիտարկենք ՀՀ պետական պարտքի միտումները նախորդ տասնամյակում: 

2008թ-ի տարեսկզբի համեմատ Հայաստանի համախառն պետական պարտքը 10 տարվա ընթացքում աճել է գրեթե 4 անգամ: Այդ ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունները տարեկան կուտակել են միջինը գրեթե կես միլիարդ ԱՄՆ դոլար պարտք: 

2008-ի տարեսկզբի դրությամբ ՀՀ համախառն պետական պարտքը կազմել է 1 մլրդ 696 մլն ԱՄՆ դոլար, իսկ արդեն 2017-ին այն հասել է 6 մլրդ 774 մլն ԱՄՆ դոլարի՝ ավելանալով գրեթե 300%-ով: Պետպարտքի նման սրընթաց աճի հետևանքով Հայաստանի պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը մոտեցել է 60%-ի սահմանագծին (58.9%), որն օրենսդրությամբ թույլատրված առավելագույն շեմն է:

Հատկանշական է, որ պետական պարտքն օրենսդրությամբ սահմանված առավելագույն շեմին մոտեցել էր դեռևս 2015թ-ին, և այդ ժամանակ կառավարությունը նոր պարտք վերցնելու հնարավորություն չուներ: Սակայն պարտք վերցնելու կարիքն ավելի գերակա էր, և ժամանակի իշխանությունները որոշեցին դիմել խորամանկ քայլի. 2015թ-ի հունիսին կառավարության առաջարկով «Պետական պարտքի մասին» օրենքում կատարվեցին փոփոխություններ, որով Կենտրոնական բանկի պարտքը դուրս հանվեց պետական պարտքի ընդհանուր ծավալից: Այդ փոփոխության արդյունքում պետական պարտք սկսեց համարվել միայն կառավարության կուտակած պարտքը, ինչն այդ ժամանակվա իշխանություններին նոր պարտքեր վերցնելու հնարավորություն ստեղծեց: 

2017թ-ին Հայաստանի արտաքին պետական պարտքը 2007-ի համեմատությամբ ավելացել է 4 մլրդ 046 մլն ԱՄՆ դոլարով կամ 3.8 անգամ, իսկ ներքին պարտքը՝ 1 մլրդ 031.8 մլն ԱՄՆ դոլարով կամ 5.16 անգամ:

Կառավարության արտաքին պարտքի մեծ մասը՝ 84.1%-ը, բաժին է ընկնում միջազգային կազմակերպություններին: Ամենախոշոր վարկատուներն են Զարգացման միջազգային ընկերակցությունը (27.6%), Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (16.8%) և Ասիական զարգացման բանկը (16.2%): Օտարերկրյա պետություններին բաժին է ընկնում կառավարության արտաքին պարտքի 15.1%-ը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությանը՝ 6.7%, Ճապոնիային՝ 5.9%, Գերմանիային՝ 4%։ Կենտրոնական բանկի արտաքին պարտքի մեծ մասը՝ 56.6%-ը բաժին է ընկնում Արժույթի միջազգային հիմնադրամին, շուրջ 20%-ը՝ Գերմանիային (KfW): 

Ուսումնասիրելով պետական պարտքի վերջին տասնամյակի միտումները` կարող ենք ասել, որ նոր կառավարության համար պետական պարտքի արդյունավետ կառավարումն օրակարգային է: Պետական պարտքի մարման առաջին խոշոր չափաբաժինն ընկած է 2019-2020թթ-ին։ Այդ ընթացքում Հայաստանը պետք է վճարի 900 միլիոնից մինչև 1 միլիարդ ԱՄՆ դոլար մայր գումար և տոկոսներ։ Դա կկազմի բյուջեի մեկ երրորդից ավելին, և այդ բեռը մեծ ազդեցություն է ունենալու տնտեսության ծանրաբեռնվածության, ինչպես նաև մինչ այդ թվականը վարվող բյուջետային քաղաքականության վրա: 

Հայաստանը պարտքերը վճարելուց խուսափելու դեպքում կզրկվի նոր վարկեր ստանալու հնարավորությունից, ինչն աղետալի հետևանք կարող է ունենալ տնտեսության վրա: Պետական պարտքի մարման բեռն ընկած է պետական բյուջեի վրա, հետևաբար, պարտքը պատկանում է ցանկացած ՀՀ քաղաքացու, ով այս կամ այն կերպ հարկ է վճարում պետական բյուջե: Այսօր Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի «իր ուսերին» ունի նախորդ իշխանությունների կողմից կուտակված շուրջ 2268,5 դոլար պարտք: 

Պանդուխտ Մարտիրոսյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ