Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բնապահպանն առաջնային է համարում Հայաստանի ջրային պաշարի ճիշտ կառավարումը

Բնապահպանն առաջնային է համարում Հայաստանի ջրային պաշարի ճիշտ 
կառավարումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի Սևանա լճի էկոլոգիական վիճակը խիստ անկայուն է, և յուրաքանչյուր մի փոքրիկ սխալ քայլ կարող է ճակատագրական լինել լճի համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:

Բնապահպանի կարծիքով, լճի փրկության միակ ուղին մակարդակի բարձրացումն է:

«Լճի մակարդակի բարձրացմամբ կմեծանա լճի ջերմունակությունը, և այդ լիճը ավելի դանդաղ կտաքանա: Ջրի տաքացմամբ լիճը լուրջ խնդիրների առջևէ կանգնում: Տաքացման հետևանքով անմիջապես ակտիվանում են բոլոր կենսական գործընթացները, քիմիական ռեակցիաներն են արագանում և, դրա հետ միասին, ջրիմուռների համար ստեղծվում են խիստ նպաստավոր պայմաններ աճի զարգացման առումով», -ասաց Ղուկասյանը:

Ղուկասյանը նշեց, որ այս երևույթները նկատվել են դեռևս 1960-ական թվականներին, երբ արդեն լճի  մակարդակը բավականին իջել էր և առաջին բացասական ահազանգը լիճը «հնչեցրեց» հենց ջրիմուռների ծաղկումով:

«Այդ տարվա ծաղկման մակարդակը գրեթե համապատասխանում է այս տարվա ունեցած  լճի ծաղկման  մակարդակին: Դա նշանակում է, որ մենք պետք է չափազանց զգույշ լինենք այս հարցում»,- նշեց Ղուկասյանը:

Բնապահպանը մշտապես Սևանա լճից  ավելորդ ջրառ իրականացնելուն դեմ է, որովհետև գտնում է, որ ցանկացած խորանարդ միլիոն ջրի կորուստը լճի էկոլոգիական վիճակի վատացումն է:

«Հասկանում եմ, որ Արարատյան դաշտում այս շոգ եղանակներին ստեղծվում է  մի իրավիճակ, երբ պետք է գյուղատնտեսությանը նաև հնարավորություն տալ զարգանալու, սակայն մենք մոռանում ենք մի փաստ, որ, եթե Արարատյան դաշտում երաշտ է, նմանատիպ  իրավիճակ է նաև Սևանի ավազանում: Սևանի ավազանի գետերը նույնքան պակաս ջուր են բերում և մեծանում է ջրի գոլորշունակությունը: Ամեն անգամ հույսը դնել, որ Արարատյան  դաշտի  ջրերը  պետք է ոռոգվեն Սևանա լճի միջոցով, կարծես թե, դարձել է սովորություն»,- ընդգծեց Ղուկասյանը:

ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենը առաջնային է համարում բոլոր գետավազաններում մոնիտորինգային ջրաբանական հետազոտություննների իրականացումը:

«Այսօր մենք խոսում ենք կլիմայական փոփոխությունների մասին, բայց հենվում ենք հին հաշվարկների վրա», -եզրափակեց Ղուկասյանը:

Բնապահպանին անհանգստացնում է ջրիմուռների մահացությունից հետո թթվածնի կլանման  գործընթացը: Այն տարածքներում և լճախորշերում, որտեղ ջուրն ավելի ծանծաղ է, կարող են նկատվել թթվածնային քաղցի երևույթներ, և այդ պակասը կարող են զգալ խեցգետինները:

Ըստ Ղուկասյանի՝ անգամ ամենաջրառատ տարիներին ջրամբարները մնում են կիսով չափ լցված, ուստի պետք է ջրային պաշարները ճիշտ կառավարել:

«Պետք է ներդրումներ անել այդ ոռոգման համակարգը կարգավորելու ուղղությամբ: Ջրային ռեսուրսները շատ վատ են կառավարվում, և նման դեպքերում անընդհատ դիմել Սևանա լճին՝ որպես միակ ջրային պաշարի, մենք չենք ընդունում, ուստի անհրաժեշտ է այլընտրանքային միջոցներ գտնել Արարատյան դաշտի հողերը ոռոգելու համար»,- ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]