Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Ոստիկանության զորքերը ստանձնում են ՀՀ ԶՈՒ-երին աջակցություն ցուցաբերելու կարևոր առաքելություն. Նիկոլ Փաշինյան


ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ոստիկանության ներքին զորքերի ծառայողներին սահմանագիծ ճանապարհելու հանդիսավոր արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով սահմանագիծ մեկնող ոստիկանության ծառայողներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Սիրելի բարեկամներ, ոստիկանության զորքերի սիրելի ծառայողներ, այսօր շատ կարևոր օր է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի համար, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի և Հայաստանի քաղաքացիների հարաբերությունների մեջ: Ոստիկանության զորքերն այսօր շատ կարևոր առաքելություն են ստանձնում, և այդ առաքելությունը Հայաստանի Հանրապետության բանակին, զինված ուժերին աջակցություն ցուցաբերելն է Հայաստանի Հանրապետության պետական սահմանների պահպանության գործում: Կարծում եմ, որ սա պատմական մի շրջան է ոչ միայն ոստիկանության զորքերի, այլև ոստիկանության համար, որովհետև կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոստիկանությանը, ոստիկանական համազգեստով ցանկացած մարդու պետք է վերաբերվեն որպես հարազատի: Թող ասածս տարօրինակ չթվա, որովհետև հարազատ է համարվում այն մարդը, ում քաղաքացին առաջին հերթին դիմում է դժվարության պահին՝ հայտնվելով ծանր իրավիճակում: Եվ մեր խնդիրն է այնպես անել, որ ՀՀ քաղաքացիները ոստիկանությանն ընկալեն հենց այդպես, ընկալեն, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և ոստիկանության զորքերը պաշտպանում են, պահպանում են ՀՀ քաղաքացիներին, Հայաստանի պետականության, Սահմանադրության, օրինականության անվտանգությունը: Եվ այսօր տեղի ունեցողը հենց առաջին հերթին նպաստելու է ոստիկանության և ոստիկանության զորքերի  այդպիսի ընկալմանը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ոստիկանության զորքերին, ոստիկանության զորքերի այն ծառայողներին, ովքեր պատասխանատվությամբ, պատրաստակամությամբ և հպարտությամբ ստանձնել են այս պարտականությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ոստիկանության ողջ համակարգին այս պատրաստակամության համար, այս հայրենասիրական քայլի համար, այս խիզախումի համար, և վստահ եմ, որ ոստիկանության զորքերն իրենց վրա դրված այս պատասխանատու պարտականությունը կատարելու են բարձր մակարդակով, յուրաքանչյուր հերթապահությունից հետո հպարտությամբ ու բաց ճակատով վերադառնալու են իրենց ընտանիքներ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ոստիկանության զորքերի ծառայողների ընտանիքների անդամներին, նրանց կանանց և ծնողներին, նրանց երեխաներին, ովքեր, համոզված եմ, սիրով և հպարտությամբ են իրենց զավակներին, ամուսիններին, հայրերին ճանապարհում այս ծառայությանը: Սիրելի բարեկամներ, սիրելի եղբայրներ, ես ձեզ բարի, անփորձանք և  հաղթական ծառայություն եմ մաղթում և համոզված եմ, որ դուք այդ ծառայությունը կիրականացնեք պատվով և հաղթական:

Եվ ուրեմն, կեցցե  Հայաստանի Հանրապետությունը, կեցցեն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, կեցցեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը և կեցցե  հայ ժողովուրդը»:      

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ