Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

«Խաղացողը» և «Հայկական թավշյա հեղափոխություն» գրքերը կներկայացվեն Սյունիքում


ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքը (հեղինակ՝ Ուիլյամ Չ. Ռեմփել) և քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանի «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը գրքերը կներկայացվեն Սյունիքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Էդիթ Պրինտ» հրատարակչության և «Սյուն» գրախանութների ցանցի նախաձեռնությամբ գրքերի շնորհանդեսները կանցկացվեն օգոստոսի 24-ին, ժամը 18:00 Կապանի դրամատիկական թատրոնում:

«Մեզ համար շատ կարևոր է, որ մարզաբնակ ընթերցասերն անմասն չմնա մշակութային միջոցառումներից: Այս անգամ մենք միանգամից երկու մեզ համար շատ կարևոր գրքեր կներկայացնենք Սյունիքում: Երկու գրքերն էլ լույս են տեսել վերջերս: Վստահ ենք, որ դրանք անպայման կհետաքրքրեն մարզաբնակ ընթերցողներին»,-նշում է  «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:

«Խաղացողը. Թե ինչպես անփող, թերուս Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարը» անգլերեն գիրքը լույս է տեսել 2018 թ. հունվարի 23-ին: Գրքի թարգմանիչներն են Ալինա և Աննա Միրզոյանները: Այս հափշտակող կենսագրականի մեջ հետաքննող լրագրող Ուիլյամ Չ. Ռեմփելը, խորամուխ լինելով Քըրքորյանի՝ երկար ժամանակ գաղտնի պահված կյանքի պատմության մեջ, ներկայացնում է հակասություններով լի մի մարդու՝ թերի կրթությամբ, սակայն գործարքների հանճարեղ վարպետի, անչափ ամաչկոտ մի մարդու, որն ամենահամարձակ ու հանդուգն բիզնես նախաձեռնությունների հեղինակ էր, զգուշավոր և ամեն ինչ մանրամասն հաշվարկող ներդրողի, որը պատրաստ էր ամեն ինչ դնել խաղասեղանին: «Խաղացողը» լույս է սփռում ամեն ինչին ինքնուրույն հասած այս սակավաճանաչ ձեռնարկատիրոջ ոգեշնչող պատմության վրա:

«Հայկական թավշյա հեղափոխություն»-ը գրքում ներկայացվում է վերջին մի քանի տարիներին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը, ինչպես նաև՝ երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների ժամանակագրությունն ու վերլուծությունը՝ սկսած 2018 թ. մարտի 31-ից, (երբ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ Գյումրի քաղաքի կենտրոնական Վարդանանց հրապարակից սկսեց քայլարշավը մինչև Երևան), մինչև մայիսի 8-ը, երբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ