Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Ախուրյանում բացված  Ծերերի տանը ապրելու հնարավորություն կունենա խնամքի կարիք ունեցող 27 տարեց


ԳՅՈՒՄՐԻ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ :  Շիրակի մարզի Ախուրյան համայնքում այսուհետեւ կգործի   «Վորտիկ Գյուլբենկյան տարեցների» տունը: Տանը  բնակվում են միայնակ կամ անժառանգ,  օթևան չունեցող տարեցները: Հաստատությունը բարեգործական է, բացի օթևանից  տարցներն այստեղ  ստանում են երեքանգամյա  սնունդ:

Հաստատությունը  կառուցվել է Գերմանիայում բնակվող, Արևմտյան Հայաստանից ներգաղթած Ալբերտ Սեվինսի հիմնադրամի միջոցներով: 4000 քառ. մետր տարածքի վրա կառուցված երեք մասնաշենքերում բնակվելու հնարավորություն կունենան 27 տարեցներ՝ ոչ միայն Շիրակի մարզից, այլև հանրապետության այլ մարզերից,  հաստատությունում բնակվելու չափորոշինչներին համապատասխանելու դեպքում:

Ինչպես «Արմենպրես»-ին ասաց ծերերի տան մենեջեր Գևորգ Սարիբեկյանը, Շիրակի մարզից եւ հատկապես Գյումրի քաղաքից նախապատվությունը կտրվի տնակներում բնակվող միայնակ տարեցներին՝  անկախ նրանից ժառանգ ունեն թե ոչ, քանզի գաղափարի հիմնական նպատակն է ևս մեկ տնակից քաղաքն ազատելը:

Տարեցների տունը կրում է բարերարի պապի՝ Վորտիկ Գյուլբենկյանի  անունը, ով հայտնի հայ գործարար Գալուս Գուլբենկյանի հորեղբոր որդին է  եղել:

Ծերերից շատերն արդեն ավելի քան 5 ամիս է  բնակվում են Ծերերի տանը: Նրանց համար  սա  լավագույն օթևանն է, որտեղ իրենք ոչ միայն ծածկ  ունեն  ու  տաք  կերակուր, այլ նաև  ճակատագիրը կիսող հարևաններ: Ազատ ժամանակն այսպես ավելի հեշտ է  անցնում, ավելին, այստեղ տարեցը  հեռու է առօրյա  կենցաղային հոգսերից՝ չի մտածում ջեռուցման, Էլեկտրաէներգիայի կամ կենցաղային այլ խնդիրների մասին, իսկ իրեն  հասանելիք  պետական թոշակը տնօրինում է՝ ինչպես կամենա:

Օգոստոսի  18-ին երեկոյան տեղի ունեցավ Ծերերի տան պաշտոնական բացման արարողությունը,  որին ներկա էին  բարերան ու ավելի քան 200 հյուրեր՝ աշխարհի  տարբեր երկրներից: Կառույցը  բացվեց Տերունական աղոթքով ու    Գուգարարց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան բարեմաղթանքով:

«Այսօր Ալագյազի փեշերին համախմբվել ենք և տոնախմբում ենք այս  գեղեցիկ համալիրի՝  Տարեցների տան բացումը:  Այսօր շնորհակալություն ենք հայտնում հատկապես Ալբերտ Սեվինսին, ով իր խնայողություններից առաջին կամ երկրորդ բարեգործությունը չէ, որ անում է,  շարունակ  անում է ու  այսօր  էլ  ավելի հիմնարար մեծ բարերարություն կատարեց՝ կառուցելով այս  տունը: Հասկանալի է՝ Գյուլբենկյան գերդաստանի ժառանգներն են, ովքեր հայրենասիրության լավագույն արտահայտությունն այս կերպ են դրսևորում՝  մայր հայրենիքը  զորացնել, մայր հայրենիքում՝ հային զորացնել: Հայաստանի զորացումը պայմանավորված է յուրաքանչյուր հայի  ազգային ինքնությամբ,  գիտակցությամբ  և սիրով՝ առ հայրենիք: Բարեգործությունն աստվածային շնորհ  է»,-նշեց թեմակալ առաջնորդը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ