Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

ՀՀ վարչապետը կառավարության 100 օրվա պաշտոնավարման ձեռքբերումներից է համարում կոռուպցիայի դեմ պայքարը


ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր 100 օրվա պաշտոնավարման ամենահիշարժան ձեռքբերումներից մեկն է համարում կոռուպցիայի դեմ պայքարը, և այդ պայքարում՝ժողովրդից գողացված գումարները լումա առ լումա վերադարձնելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանի Հանրապետության հրապարակում իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ կառավարության 100 օրվա ամենահիշարժան ձեռքբերումներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է. «Մենք ձեզ խոստացել էինք, որ հերթով բացահայտելու ենք Հայաստանի Հանրապետության բոլոր թալանչիներին, և անում ենք դա: Բայց կոռուպցիայի դեմ պայքարում մեր կարևորագույն խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ՝ ձեզնից գողացված գումարները լումա առ լումա վերադարձնելը ժողովրդին և պետությանը: Այսօր արդեն տասնյակ միլիոնավոր դոլարներ վերադարձվել և վերադարձվում են: Մենք այսօր ունենք իրավիճակ, երբ իրավապահ մարմիններն աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հնչում է տեսակետ, թե դատական համակարգի մի մասը պատկանում է նախկին կոռուպցիոն համակարգին:

«Բաղրամյան 26-ում հայտնվելով՝ ես հրաժարվել եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից, բայց սա չի նշանակում, որ որոշ դատավորներ պետք է հրահանգներ ստանան նախորդ կոռումպացված իշխանության ներկայացուցիչներից»,- նկատեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով՝ օրենսդրության որոշ խնդրահարույց դրույթներ հաղթահարելու համար անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու անհրաժեշտություն կա:

«ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հարազատ եղբոր միայն մեկ հաշվեհամարում հայտնաբերվել է 30 մլն դոլար, բայց քանի որ ապօրինի հարստացման մասին օրենքն ընդունվել է 2017թ.-ի հունիսի 1-ին, դրանից առաջ թալանվածը հետ բերելու գործում բարդություններ են առաջանալու, որովհետև այդ մարդը երկար տարիներ պաշտոնյա չի եղել և հայտարարագիր չի ներկայացրել»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և գործընկեր պետություններ պատրաստակամություն են հայտնել՝ աջակցել օտարերկրյա պետություններում ու օֆշորներում հայ պաշտոնյաների ունեցած ակտիվները սառեցնելու և Հայաստան փոխանցելու հարցում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 1-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցի էր էջում ուղիղ եթերով հայտարարել էր, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում անցկացնելուէ մեծ հանրահավաք, որի ընթացքում էլ ամփոփելու է իր պաշտոնավարման 100 օրը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ