ՀՀ վարչապետը համոզված է, որ Ղարաբաղյան հարցով Արցախի անունից պետք է բանակցի ԱՀ իշխանությունը
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Հայաստանի անունից լիարժեք բանակցել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում, սակայն համարում է, որ Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանի Հանրապետության հրապարակում իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պատրաստ եմ լիարժեք Ղարաբաղի հարցով բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց Արցախի անունից պետք է բանակցի ԱՀ իշխանությունը»,- շեշտեց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ Հայաստանը պատրաստ է հակահարված տալ Ադրբեջանին, բայց կողմ է խնդրի խաղաղ կարգավորմանը:
«Մենք պատերազմ չենք ուզում: Պատրաստ ենք հասնել խաղաղ կարգավորման, բայց նրանք, ովքեր փորձում են ինձ վրա հող հանձնելու որևէ կասկած գցել, չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը ժողովուրդն է, ոչ թե կառավարությունը»,- նշեց վարչապետը:
ՀՀ վարչապետի խոսքով՝ ինքը բանակցային գործընթացի հետ կապված որևէ թուղթ չի ստորագրի՝ առանց ժողովրդի հետ խորհրդակցելու:
«Եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի մի տարբերակ, որին ես կհավատամ ու կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզանից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ: Ես մանրամասն կներկայացնեմ ձեզ և դուք կորոշեք՝ գնում ենք կարգավորման այդ տարբերակին, թե ոչ»,-ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 1-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցի էր էջում ուղիղ եթերով հայտարարել էր, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում անցկացնելու է մեծ հանրահավաք, որի ընթացքում էլ ամփոփելու է իր պաշտոնավարման 100 օրը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում