Ոստիկանության պետն ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպանին
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 17-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ողջունելով հյուրին՝ Վալերիյ Օսիպյանը բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության և ԱՄԷ դեսպանության ու իրավապահ մարմինների համագործակցությունն ու համոզմունք հայտնեց, որ գործընկերությունն ավելի կխորանա՝ ի շահ հանցավորության դեմ երկու երկրների իրավապահների համատեղ պայքարի:
Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ կարևորեց Հայաստանում հասարակական կարգի ապահովմանն ուղղված ոստիկանության ջանքերը, ինչը գնահատելի է, մասնավորապես, զբոսաշրջության զարգացման համատեսքստում:
Դեսպանը փոխանցեց նաև հայրենակիցների գոհունակությունը՝ նշելով, որ Միացյալ Էմիրություններից Հայաստան զբոսաշրջիկների տսրեցտարի աճող հոսքի պայմաններում միշտ նրանցից դրական գնահատականներ է լսել Հայաստանի ոստիկանության աշխատանքի և երկրում հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունների մասին:
Կողմերը անդրադարձան նաև տեղեկատվության փոխանակման, իրավապահների փոխադարձ այցելությունների և հետախուզվողների հետ կապված խնդիրներին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում