Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար. նախաքննությունն ավարտվել է


ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 2007 թվականին Դավիթ Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ձեռք բերված ապացույցների համակցությամբ` մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Դավիթ Սիմոնյանը, հրազենային վնասվածքով թիվ 3 կլինիկական հիվանդանոց էր տեղափոխվել 2007 թվականի ապրիլի 1-ին՝ Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից: Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին էր ներկայացել քաղաքացի Ա.Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակ և հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ, որի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել է՝ մարմնական վնասվածք պատճառելով ընկերոջը՝ Դ.Սիմոնյանին:

Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում 2007 թվականի մայիսի 28-ին որոշում էր կայացվել՝ փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու և Ա.Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված՝ կողմերի հաշտության և բողոքի բացակայության հիմքով:

Նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված` 2018 թվականի հուլիսի 3-ին վերացվել է քրեական գործի վարույթը կարճելու որոշումը, հարուցվել է նոր քրեական գործ, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին։ Քննիչն այն վարույթ է ընդունել և ձեռնարկել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Դավիթ Աշոտի Սիմոնյանին մարմնական վնասվածքը պատճառվել է ոչ թե անզգուշությամբ Արթուր Ղևոնդյանի կողմից, այլև նշված օրը նրա նկատմամբ կատարվել է սպանության փորձ, պարզվել առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Մասնավորապես՝ քննության տվյալներով` Դ.Սիմոնյանն իրականում հրազենային վնասվածքն ստացել է Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի՝ Երևանի կենտրոնում գտնվող բնակության վայրի նկուղային հարկում գտնվող սենյակում՝ 2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետևանքով։

Կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տուժողի ուղղությամբ կրակոցն արձակվել է «SIG SAUER» տեսակի «P 266» մոդելի ատրճանակից, որովայնի ուղղությամբ՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս՝ որովայնի խոռոչի հրազենային միջանցիկ վիրավորման ձևով՝ լյարդի և աջ երիկամի վնասումով, աջ երիկամի հեռացումով՝ ուղեկցված հետորովայնային հեմատոմայով, ներքին արյունահոսությամբ։

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «SIG SAUER» տեսակի «P 266» մոդելի ատրճանակը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։ 2018թ. օգոստոսի 17-ին հայտարարվել է նախաքննության ավարտի մասին:

Նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք են բերվել տվյալներ սույն դեպքի առթիվ նախկինում քննված քրեական գործով պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու վերաբերյալ՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, և որոշում կայացվել՝ այն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ