Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Երևանում առաջին անգամ մանկահասակ երեխայի ցողունային բջիջների աուտոփոխպատվաստում է իրականացվել


ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում՝ Երևանի արյունաբանական կենտրոնում առաջին անգամ մանկահասակ երեխայի ցողունային բջիջների աուտոփոխպատվաստում է իրականացվել:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` բացառիկ վիրահատությունը տեղի է ունեցել հունիսի 17-ին: ՀՀ գլխավոր արյունաբան Սամվել Դանիելյանի խոսքով` 2 տարեկան երեխայի առողջական վիճակն այժմ բավարար է:

«Երեխան արդեն դուրսգրման ենթակա է, բայց պարբերաբար պետք է շփվի բժիշկների հետ ու լինի նրանց հսկողության տակ: Այս վիրահատությունն անհամեմատ բարձրացնում է առողջացման հավանականությունը: Նման բան Հայաստանում երբևէ չի արվել, հուսանք, որ սա շարունակական կլինի ու էլի լուրջ հաջողությունների կհասնենք»,- նշեց Դանիելյանը:

2 տարեկան երեխայի մոտ 2018թ. հունվարիн ախտորոշվել է նեյրոբլաստոմա 4-րդ աստիճանի: Քիմիաթերապիայի երկու կուրս ստանալուց հետո Արյունաբանական կենտրոնում կատարվել է ցողունային բջիջների հավաքագրում: Վիրահատությանը մասնակցել են նաև Սանկտ-Պետերբուրգից հրավիրված մասնագետները:

«Մեր բժիշկները պատրաստ են նման վիրահատությունները նաև միայնակ իրականացնել, բայց, քանի որ առաջին դեպքն էր, նպատակահարմար գտանք, որ իրենք ներկա լինեն»,- նշեց ՀՀ գլխավոր արյունաբանը:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով` Հայաստանում նմանատիպ վիրահատությունն ավելի մատչելի է, քան Եվրոպական մի շարք պետություններում, և հնարավոր է` ապագայում Հայաստանում վիրահատվեն նաև արտերկրից եկած հիվանդները:

«Մենք ունենք մրցակցային առավելություն, որովհետև մեզ մոտ անհամեմատ ավելի մատչելի է նման վիրահատություններ անելը: Բժիշկներն էլ իրենց մասնագիտական որակներով չեն զիջում եվրոպացի կոլեգաներին: Մենք պետք է որոշակի քանակով նման միջամտություններ կատարենք, կուտակենք որոշակի փորձ և կարողանանք դուրս գալ միջազգային ասպարեզ»,- ասաց Թորոսյանը:

Առողջապահության նախարարը նշեց, որ որոշ հիվանդների բուժման ծախսերը ամենայն հավանականությամբ կվճարի պետությունը:

«Արդեն բուժման ծախսերի գնագոյացման հաշվարկներ են տեղի ունենում: Հավանաբար, ինչ-որ քանակի հիվանդների վիրահատական ծախսերը պետությունն իր վրա կվերցնի: Մանուկների մասով իրավիճակն ավելի բարվոք է, քանի որ բավական ֆոնդեր աջակցում են ծախսերը փակելու հարցում»,- նշեց Արսեն Թորոսյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ