Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Արթուր Գրիգորյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը


ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արթուր Գրիգորյանն օգոստոսի 17-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ)  էներգետիկայի  նախարարի տեղակալ Հոմայուն Հաերիի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքն ու ներդրումային նախագծերի հնարավորությունները: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են Իրան-Հայաստան բարձրավոլտ  երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ընթացքին, մասնավորապես՝ կապալառուի կողմից  աշխատանքները  պատշաճ և սահմանված ժամանակացույցին համապատասխան  իրականացնելուն:

Իրանի  էներգետիկայի նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը բավական նպաստավոր է Իրանի, Վրաստանի, Ռուսատանի, ինչպես նաև Ծոցի երկրների միջև էլեկտրաէներգետիկական ծրագրեր իրականացնելու  առումով:

Նախարար  Գրիգորյանը իր  հերթին նշել է, որ տնտեսական համագործակցության  ակտիվացման համատեքստում լուրջ դերակատարություն կարող է ունենալ նաև Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել  նաև 2018 թ. Երևանում  կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ  նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և  համատեղ  ծրագրերը կյանքի կոչելու վերաբերյալ:

Ընդգծվել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման գործում առանձնահատուկ  առաքելություն ունի հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը:

Երկուստեք կարևորվել է փոխայցերի ակտիվացման անհրաժեշտությունը և նշվել, որ դրանք հնարավորություն են ընձեռում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին տալ  արդյունավետ լուծումներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ