Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Նիկոլայ Նիկողոսյանին վերջին հրաժեշտը տեղի կունենա օգոստոսի 17-ին Հայաստանի նկարիչների միության տանը


ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործՆիկոլայ Նիկողոսյանի  հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Նիկոլայ Նիկողոսյանի վերջին հրաժեշտի ծիսակարգը տեղի կունենա օգոստոսի 17-ին, ժամը 13:30-15:00-ն, Հայաստանի նկարիչների միության տանը (Երևան, Աբովյան 16), հուղարկավորությունը` Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:  

 

ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանը մահկանացուն կնքեց 2018 թվականի օգոստոսի 10-ին, կյանքի 100-րդ տարում :

Նիկոլայ Բագրատի Նիկողոսյանը ծնվել է 1918 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության Շահրիար (այժմ՝ Արմավիրի մարզի Նալբանդյան) գյուղում: 1947 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտը:

1944 թվականից ապրել և ստեղծագործել է Մոսկվայում: 

Նիկոլայ Նիկողոսյանը հայ և համաշխարհային կերպարվեստի երախտավորներից էր, հռչակավոր քանդակագործ, որի ստեղծագործությունն ու արվեստը գրանցվել են համաշխարհային արվեստի տարեգրության ոսկե մատյանում՝ տասնամյակներ ի վեր ուղենիշ հանդիսանալով քանդակագործների և արվեստագետների համար:

1940-ական թվականներին արվեստագետը ստեղծել է «Պարտիզանի ընտանիքը» մանրաքանդակների շարքը, «Չեմ ասի», «Վերջին խուրձը» թեմատիկ հաստոցային քանդակները: Նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է հատկապես նույն շրջանում կերտած բանաստեղծ Ավետիք Իսահակյանի, դաշնակահար Կոնստանտին Իգումնովի և ուրիշների դիմաքանդակներում:

1950-70-ական թվականներին Նիկողոսյանի ստեղծագործության գերիշխող ժանրը դիմաքանդակն էր: Լավագույն գործերից են կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, ռեժիսոր Եվգենի Սիմոնովի, քանդակագործ Արա Սարգսյանի, դերասան Սերգեյ Մարտինսոնի, կենսաբան Գուրգեն Ավետիսյանի դիմաքանդակները, որոնց առանձնահատուկ լիցք են հաղորդում նյութի դինամիկ մեկնաբանությունը, մոդելի ընկալման սրությունն ու պլաստիկությունը: Բարդ հոգեբանական նկարագիր ունեն Միքայել Նալբանդյանի և ֆրանսիացի բանաստեղծ Լուի Արագոնի` կոմպոզիցիոն տարբեր լուծումներով կիսանդրիները:

Նիկողոսյանի արվեստում նշանակալի տեղ ունի մոնումենտալ և մոնումենտալ- դեկորատիվ քանդակագործությունը: Երևանում հայտնի են Միքայել  Նալբանդյանի, Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, Գյումրիում՝ Ավետիք Իսահակյանի և այլ հուշարձաններ: Արժեքավոր են նաև նրա ստեղծած շուրջ 30 (այդ թվում՝ ճարտարապետ Կարո Հալաբյանի) մահարձանները Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը:

Նիկողոսյանը ստեղծագործել է նաև հաստոցային գեղանկարչության («Վարդան  Աճեմյանի դիմանկարը», 1974 թ. և այլն) ու գրաֆիկայի («Ինքնանկար կարմիր գլխարկով», 1977 թ. և այլն) բնագավառներում:

Նիկողոսյանը Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ է: Արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի (1977 թ.), անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում (1956, 1980, 1996 թթ.), Երևանում (1980 թ.), Հելսինկիում (1981 թ.), Բրյուսելում (1982 թ.):

Քանդակագործության և կերպարվեստի զարգացման, հայ-ռուսական մշակութային կապերի խորացման և ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, Նիկոլայ Նիկողոսյանը 2009 թվականին պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ