Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Մշակույթի նախարարությունը թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսի անցկացման սրահ է փնտրում


ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսի համար Հայաստանի պատմության թանգարանի կողմից հատկացվող ցուցասրահը փոքր և անհարմար է եղել. մշակույթի նախարարությունն այս պահին այլ վայր է փնտրում: Այս մասին օգոստոսի 16-ին լրագրողներին հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը.  նա նշված թանգարանում թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես անցկացնելու մտադրության մասին նախկինում գրել էր իր ֆեյսբուքյան էջում:

«Պատմության թանգարանում հատկացված ցուցասրահը բավականին փոքր էր և անհարմար, իսկ այլ սենյակ առանձնացնելն այս պահին բարդ է: Մենք դեռ մի փոքր հապաղում ենք, որպեսզի տեսնենք, թե երբ ավելի հարմար սրահ կլինի, քանի որ հատկացված ցուցասրահը նեղ է, փոքր և խոնավ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մակունցը:

Անդրադառնալով նմուշների հավաքագրմանը՝ նախարարն ընդգծեց, որ բազմաթիվ մարդիկ դիմել են ու ներկայացրել թե՛ լուսանկարներ, թե՛ այլ նմուշներ:  

«Մեզ համար կարևոր է, թե ինչպիսի գաղափարներով և ինչպիսի կոնցեպտուալ մոտեցմամբ ենք իրականացնում ցուցադրությունը: Կա գաղափար, որ այն կարող է լինել ինֆոգրաֆիկաներ պարունակող տեսանյութ, և այժմ քննարկման փուլում ենք: Հետո մրցույթ ենք հայտարարելու, ինչը կախված կլինի այն վայրից, որտեղ կլինի ցուցադրությունը: Հնարավոր է, որ մրցույթ հայտարարենք նաև անցկացման վայրի համար»,- ասաց մշակույթի նախարարը:

Նա հավելեց, որ կփորձեն ամեն ինչ անել, որպեսզի այս տարի ցուցահանդեսը բացվի, սակայն չեն կարող չեղարկել այն ցուցադրությունները, որոնք արդեն իսկ ընթացքի մեջ են: 

Ցուցահանդեսը կլինի ժամանակավոր՝ մեկ կամ երկու ամիս տևողությամբ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ