Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Երևանյան բեսթսելեր». Թումանյանի հեքիաթները մշտապես պահանջված են. մանկական գրականություն. հուլիս, 2018

«Երևանյան բեսթսելեր».  Թումանյանի հեքիաթները մշտապես պահանջված են. 
մանկական գրականություն. հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքի տվյալների:

«Ով է ապրում տնակում» հեքիաթն առաջին հորիզոնականում է: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչո՞ւ է փայտփորիկը հարվածում ծառին, ինչո՞ւ է սարդը սարդոստայն գործում և այլն: Փոքրիկ ընթերցողներն այս գրքից կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:

Երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում «Մոխրոտը» հեքիաթը:  Հեքիաթի սյուժեն հայտնի է բոլորին: Մի հարուստ մարդու կինը մահանում է։ Մահվանից առաջ վերջինս դստերը պատվիրում է լինել բարի։ Աղջիկն ամեն օր այցելում է մոր գերեզմանին և լաց լինում, ինչպես նաև կատարում մոր պատվերը։ Գալիս է ձմեռը, հետո գարունը, և հարուստն ամուսնանում է երկրորդ անգամ։ Խորթ մայրը երկու դուստր ուներ՝ չար, բայց հիմար։ Նրանք աղջկանից խլում են գեղեցիկ զգեստները և ուղարկում խոհանոցում ապրելու։

Երրորդ հորիզոնականում է «Գայլը և յոթ ուլիկները»: Մայր այծը, գնալով տանից, իր ուլիկներին խրատում է զգուշանալ մոտակայքում թափառող գայլից: Գայլը, օգտվելով հարմար առիթից, թակում է այծի տան դուռն ու հայտարարում, որ նրանց մայրն է: Գրիմ եղբայրների հեքիաթի հերոս խորամանկ գայլը փորձում է օգտագործել ցանկացած մեթոդ՝ նպատակին հասնելու համար:

Չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում «Լինում է, չի լինում» ժողովածուն: «Լինում է, չի լինում» խորհրդավոր բառերով սկսվող Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերրոյի, Գաբրիել դը Վիլնյովի այս հեքիաթները փոքրիկների ամենասիրելիներից են, որոնք իրենց նոր նկարազարդումներով էլ ավելի հետաքրքիր կդարձնեն ընթերցումը:

Կորնեյ Չուկովսկու «Այբոլիտը» հինգերորդն է: Այն պատմություն է հանրահայտ բժշկի մասին, ում սիրում են գրեթե բոլոր երեխաները:  Չուկովսկին իր այս հերոսին ներկայացրել է մի շարք հեքիաթներում:

Վեցերորդ հորիզոնականում է «Հայկական հեքիաթներ» գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:

Յոթերորդ հորիզոնականում Ա. Կոնան Դոյլի «Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից» գիրքն է: Գիրքը Արթուր Կոնան Դոյլի՝ շատերի կողմից սիրված հերոս Շերլոկ Հոլմսի զանազան արկածների մասին է:

Բոլոր ժամանակներում ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն ութերորդն է: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով վերընթերցում են նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները: 

Թումանյանի մեկ այլ գիրք՝ դարձյալ «Հեքիաթներ» անվանմամբ, իններորդն է: Այն ներառում է մեծ լոռեցու լավագույն գործերը:

Տասներորդ հորիզոնականում է Ջերոնիմո Ստիլտոնի «Իմ անունն է Ստիլտոն, Ջերոնիմո Ստիլտոն» գիրքը: Հեռո՜ւ-հեռո՜ւ, հեռավոր մի վայրում, շրջապատված Հարավային Առնետ օվկիանոսի խոր ջրերով, կա մի արտասովոր կղզի՝ բնակեցված միայն կրծողներով, դա Մկների կղզին է։ Այստեղ է ապրում Ջերոնիմո Ստիլտոնն իր ընտանիքի և ընկերների հետ, որոնք հաճախ նրան ներքաշում են աներևակայելի, բայց միշտ չափազանց զվարճալի արկածների մեջ...

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների ցանցերը: Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 * «Ով է ապրում տնակում» Բուկինիստ 128
2 * «Մոխրոտը»  Բուկինիստ 69
3 * «Գայլը և յոթ ուլիկները» Բուկինիստ 64
4 -3 Լինում է, չի լինում» Զանգակ 47
5 * «Այբոլիտը» Բուկինիստ 45
6 -1 «Հայկական հեքիաթներ» GSM 45
7 +1 Ա. Կոնան Դոյլ, «Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից» 45
8 -3 Հովհաննես Թումանյան, «Հեքիաթներ» Արևիկ 34
9 * Հովհաննես Թումանյան, «Հեքիաթներ» Արևիկ 33
10 նոր Ջերոնիմո Ստիլտոնի «Իմ անունն է Ստիլտոն, Ջերոնիմո Ստիլտոն» Զանգակ 25

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]