Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Մադրիդի «Ատլետիկո»-ն դրամատիկ պայքարում հաղթեց «Ռեալ»-ին և նվաճեց ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը


ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղարկության եզրափակի «Ռեալ Մադրիդ»-«Ատլետիկո Մադրիդ» դիմակայությունն ավարտվեց «Ատլետիկո»-ի հաղթանակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դիտարժան ու գոլառատ խաղում «Ատլետիկո»-ն կարողացավ 2-4 հաշվով հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ:

Խաղի առաջին իսկ րոպեին Մադրիդի «Ատլետիկո»-ն առաջ անցավ հաշվի մեջ: Գեղեցիկ անցումից ու հարվածից հետո գոլի հեղինակ դարձավ Դիեգո Կոստան: Բաց թողած գոլից հետո «Ռեալ»-ի ֆուտբոլիստները իրենց ձեռքը վերցրին խաղի ընթացքն ու կարողացան հավասարեցնել հաշիվը: Հանդիպման 27-րդ րոպեին Գարեթ Բեյլի փոխանցումից հետո գլխի հաշվենկատ հարվածով հաշիվը հավասարեցրեց Կարիմ Բենզեման: 

Առաջին խաղակեսում «Ռեալ»-ը կարող էր նաև հաշվի մեջ առաջ անցնել, սակայն մի դեպքում Մարկո Ասենսիոյի հարվածը մի փոքր շեղ ընթացավ, իսկ երկրորդ դեպքում նույն Ասենսիոն, դարպասապահի դեմ մեն-մենակ մնալով, դանդաղեց և կորցրեց աչքի ընկնելու հիանալի հնարավորություն: 

Թիմերն ընդմիջման գնացին 1-1 հաշվով: Երկրորդ խաղակեսում գնդակին ավելի շատ տիրում էին «Ռեալ»-ի ֆուտբոլիստները: 63-րդ րոպեին «Ռեալ»-ի ֆուտբոլիստները կարողացան տարածքային առավելությունը նաև նյութականի վերածել: Մրցավարը ձեռքով խաղի համար 11 մետրանոց նշանակեց «Ատլետիկո»-ի դարպասին, որը հստակ իրացրեց Սերխիո Ռամոսը: 

Սակայն «Ատլետիկո»-ն չէր պատրաստվում հանձնվել և 79-րդ րոպեին Մարսելոյի կոպիտ սխալից հետո Դիեգո Կոստան հավասարեցրեց հաշիվը: Մարսելոն հանդիպման վերջնամասում կարող էր ուղղել իր սխալը և հաղթանակ պարգևել թիմին, սակայն եզրից Բեյլի կատարած փայլուն փոխանցումից հետո որոշեց շրջադարձ հարված կատարել ու ձախողվեց: 

Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ ավելի հաջողակ գտնվեցին «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստները: 99-րդ րոպեին, օգտվելով Ռաֆայել Վարանի կոպիտ սխալից, «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստները կարողացան առաջ անցնել հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Սաուլ Նիգեսը: Մի քանի րոպե անց վտանգավոր գոտում կոպիտ սխալ թույլ տվեց Դանիել Կարվախալը, ինչի արդյունքում 104-րդ րոպեին Կոկեն հանդիպման հաշիվը դարձրեց 2-4: Մնացած ժամանակահատվածում «Ռեալ»-ն այդպես էլ չկարողացավ ուշքի գալ և Եվրոպայի սուպերգավաթը զիջեց «Ատլետիկո»-ին: Խուլիեն Լոպետեգին «Ռեալ»-ի գլխավոր մարզի պաշտոնում առաջին իսկ պաշտոնական խաղը սկսեց պարտությամբ: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ