Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության աջակցության շնորհիվ ավտոբուսի խափանման պատճառով Իտալիայում մնացած 36 երեխաները վերադարձան Հայաստան

«Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության աջակցության շնորհիվ ավտոբուսի 
խափանման 
պատճառով Իտալիայում մնացած 36 երեխաները վերադարձան Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Սարդինիա մարզի Ուտա քաղաքում «Լեռնեցիներ» պարային անսամբլը , մասնակցելով միջազգային մանկական փառատոնին, վերադառնում էր ավտոբուսով Հայաստան: Գիշերը հասնելով Իտալիայի Ֆերերա քաղաք՝ ավտոբուսը խափանվում է, և երեխաները հայտնվում են ծանր դրության մեջ, սակայն Սփյուռքի նախարարության, «Ավիակոմպանիա Արմենիա»  ընկերության և հայ բարերար Ոսկան Անդրեասյանի աջակցության շնորհիվ կարճ ժամանակում լուծվում է երեխաների սննդի, կացության և Հայաստան վերադառնալու հարցը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Երեմ Սիմոնյանը նշեց, որ գիշերը իրեն զանգահարել է «Ավիակոմպանիա Արմենիա»  ընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը և ներկայացրել ստեղծված իրավիճակը:

«Փորձեցինք օպերատիվ ձևով ճշտումներ կատարել, թե երեխաները ո՞ր քաղաքում են գտնվում, ի՞նչ է  պատահել, երեխաների անվտանգության հետ կապված որևէ խնդիր կա՞, թե ոչ: «Ավիակոմպանիա Արմենիա»  ներկայացուցիչը ինձ ավելի մանրամասն ներկայացրեց խնդրի էությունը: Թեկուզ մեր դաշտից դուրս էր խնդրի լուծումը, սակայն արագ կապվեցինք Իտալիայում ամենամոտ հայ համայքների հետ: Քանի որ ավտոբուսի խափանումը տեղի էր ունեցել Իտալիայի Ֆերերա քաղաքում, ամենամոտ համայնքը` Բոլոնիայինն էր: Այդ ընթացքում մենք նաև կապվեցին հայ բարերար Ոստան Անդրեասյանի հետ, ով շատ սերտ կապեր ունի Բոլոնիայում:  Գտնվելով Հայաստանում՝  նա արագ արձագանքեց և փորձեց խնդրին լուծում տալ:  Նա կապ հաստատեց պարային համույթի ղեկավարի հետ, որից հետո կարողացան երեխաների ապահովել սննդով և լուծել կեցության հարցը»,- ասաց Սիմոնյանը:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարը ասաց նաև, որ խնդիր էր առաջացել Իտալիայի ոստիկանության ծառայողների հետ, ովքեր մտածել են, թե ավտոբուսում փախստականների խումբ է եղել, սակայն Ոստան Անդրեասյանի անձնական կապերի շնորհիվ այս խնդրին նույնպես լուծում է տրվել:

Ինչ վերաբերում է ավտոբուսով նման երկար շրջագայություններին՝ Սիմոնյանը կարծում է, որ պետք է ավելի պատրաստված և զգույշ լինել՝ չնայած որևէ մեկը երաշխավորված չէ նման իրավիճակներից:

«Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը նշեց, որ  ընկերությունը դիտարկել էր երկու տարբերակ երեխաներին Հայաստան վերադարձնելու համար` Լիոնից կամ Վենետիկից Երևան կանոնավոր չվերթներով:

«Սակայն Լիոնում խնդիր առաջացավ, քանի որ օդանավում 36 տեղ չկար, ուստի որոշում կայացվեց Վենետիկով Երևան թռչել:  Տոմսերը գրեթե 50 տոկոս զեղջով տրամադրվեց մեր ավիաընկերությունը:

Մենք նաև նախաձեռնեցինք  կազմակերպչական աշխատանքները` կապ հաստատեցինք Սփյուռքի , Արտաքին գործերի նախարարությունների հետ, քանի որ մեր իրավասությունների մեջ չէր զբաղվել որոշակի գործառույթներով»,- ասաց Խաչատրյանը: 

«Լեռնեցիներ» պարային համույթի ղեկավար Արթուր Հակոբյանը նշեց, որ իր խումբը մասնակցում էր  Իտալիայի Սարդինիա մարզի Ուտա քաղաքում անցկացվող միջազգային  մանկական փառատոնին, որից հետո վերադառնում էին Հայաստան:

«Մենք ավտոբուսով բարեհաջող ժամանեցինք և պատվով ներկայացրեցինք մեր ազգագրական պարերը: Հետադարձ ճանապարհին  ավտոբուսը վնասվել էր, և փորձեցինք կապ հաստատել մեր հարազատների հետ, ինչպես նաև Սփյուռքի նախարարության, «Ավիակոմպանիա Արմենիա»  ընկերության հետ,  որոնք տեղում լուծեցին խնդիրը»,- ասաց Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով իրենց աջակցություն ցուցաբերողներին:

Հակոբյանը նշեց, որ սա իր 44-րդ շրջագայությունն էր աշխարհի շուրջ 34 պետություններում սակայն նման իրավիճակում առաջին անգամ էր հայտնվել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]