Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Սուրեն Պապիկյանը  խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

Սուրեն Պապիկյանը  խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների հետ, որին մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով գործընկերներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը դրական է գնահատել նախարարներ-մարզպետներ ձևաչափով խորհրդակցությունների արդյունքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը և հավելել, որ պարբերական աշխատանքային խորհրդակցությունները խթան են հանդիսանում առկա հիմնախնդիրների արագ և հասցեական լուծման գործում։ Միաժամանակ Սուրեն Պապիկյանը նաև հարկ է համարել մարզպետներին հիշեցնել բացառապես պետական շահերով առաջնորդվելու և ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին հավատարիմ մնալու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տրված հանձնարարականի մասին և հոդորել պաշտոնական դիրքն ու ռեսուրսները ծառայեցնել ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի։

Իր հերթին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ մարզպետների հետ խորհրդակցությանը մասնակցելու հնարավորության համար և նշել, որ արդեն ավանդական դարձած հանդիպումների նման ձևաչափը մեծապես նպաստում է առողջապահական մարզային կառույցների հետ աշխատանքի որակական բարելավմանը: Նախարար Արսեն Թորոսյանը մարզպետներին նաև խնդրել է մարզային առողջապահական բուժհաստատություններին հանձնարարել առավել ակտիվ և ուղիղ համագործակցել ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ՝ կազմակերպության հնարավորություններն առավել լիարժեք և արդյունավետ օգտագործելու համար։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքների վարչական տարածքում գտնվող հողերի վարձակալությամբ տրամադրման և վարձակալական վճարների հավաքագրման գործընթացին, ինչպես նաև մարզում առաջնային լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացակարգերին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Դիլիջան համայնքում սույն թվականի սեպտեմբերի 9-ին կայանալիք «Մշակութային վերածնունդ» արհեստների և արվեստների համահայկական փառատոնի անցկացմանն ու սեպտեմբերի 15-ին կայանալիք «Մաքուր մոլորակ» միջոցառմանը պատշաճ կերպով մասնակցելու նպատակով նախապատրաստական աշխատանքներին։

Ավարտին նախարար Սուրեն Պապիկյանը մտահոգություն է հայտնել մարզերում կարկտահարության հետևանքով գյուղացիներին պատճառված վնասի գույքագրման ընթացքի վերաբերյալ և կոչ արել ակտիվացնել նրանց համար աջակցության մեխանիզմներ գտնելու աշխատանքները։ Նախարարը նաև մարզպետներին հանձնարարել է անհրաժեշտ վարչական և տեխնիկական միջոցառումներ ձեռնարկել գալիք «Մաքուր Հայաստան» և «Մաքուր մոլորակ» համապետական շաբաթօրյակներին պատշաճ ներկայանալու և մասնակցելու համար, ինչպես նաև աշխատանքներ տանել անկախության տոնին նվիրված միջոցառումներն ըստ արժանվույն կազմակերպելու ուղղությամբ։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ