Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայերենի զարգացումն ու տարածումն ապահովելու համար պետք է լեզվական, քաղաքական ծրագիր մշակենք. Դավիթ Գյուրջինյան

Հայերենի զարգացումն ու տարածումն ապահովելու համար պետք է լեզվական, քաղաքական ծրագիր մշակենք. Դավիթ Գյուրջինյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մենք հայերենի պահպանման ու զարգացման համար տուգանման քաղաքականությունից պետք է անցում կատարենք մեկ այլ տեսակի քաղաքականության: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:

«Քաղաքականությունը, որը մենք կիրառելու ենք, լինելու է քարոզչական և կանխարգելիչ: Իրականացնելու ենք հորդորական-քարոզչական աշխատանքներ,  ուղիղ կապ ենք հաստատելու տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որպեսզի նրանք «յուրահատուկ լեզվական տեսուչների» դեր կատարեն: Օտարագիր անվանումներն ուղղակի պետք է արգելվեն, չարտոնվեն, չգրանցվեն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Գյուրջինյանը:

Նրա հավաստմամբ՝ եթե 90-ական թվականներին ունեինք հայերեն՝ ռուսերենի գերիշխանությամբ, ապա ներկայումս համատարած  հայախոսություն է, օտարալեզու դպրոցներ քիչ ունենք, բայց լեզուն ճիշտ չի մատուցվում: «Լեզվական վերահսկողություն ենք իրականացնելու ԶԼՄ-ների նկատմամբ, դասընթացներ ենք կազմակերպելու, հորդորական նամակներ ենք ուղարկելու և այլն: Տուգանքը միշտ կա, սակայն այդպիսով արդյունքի չենք հասնի»,- ասաց նա:

Դավիթ Գյուրջինյանի խոսքով՝ 2002 թվականից մեր երկիրը չի ունեցել պետական, լեզվական քաղաքական ծրագիր: «Շրջանառության մեջ դրվել է մի ծրագիր, բայց չի հաստատվել: Պետք է հայեցակարգ և ծրագիր մշակենք, որովհետև Լեզվի կոմիտեն լեզվի բնագավառի պետական քաղաքականություն ապահովող, իրականացնող պետական մարմինն է: Այդ ծրագիրը պիտի նոր հայացք լինի»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ մենք սիրում ենք օտար բառեր օգտագործել, որովհետև հայերենը լավ չի քարոզվում: «Մենք, հաշվի առնելով 21-րդ դարի նորությունները, նոր դաշտ ենք բացելու հայերենի զարգացման, առաջընթացի ու տարածման համար: Հայերենը պետք է 21-րդ դարի լեզու դառնա»,- նշեց նա:

Դավիթ Գյուրջինյանը հայերենի զարգացման ու պահպանման ճանապարհներից մեկն է համարում էլեկտրոնային բառարանների, ուսուցման ծրագրերի ստեղծումը: «Կոմիտեն դրանք մշակում է, բայց եթե չլինի բուն կատարողը, չենք հասնի մեր ուզած արդյունքին»,-ընդգծեց Լեզվի կոմիտեի նախագահը:

Դավիթ Գյուրջինյանը մտահոգություն հայտնեց նաև շտեմարանների օգտագործման վերաբերյալ՝ նշելով, որ դրանք և հարցաթերթիկները սպառել են իրենց: «Դրանք կապ չունեն դպրոցական ուսուցման հետ: Պետք է փոխվեն, կամ պետք է ի վերջո հրաժարվենք: Ես այն ժամանակ էլ ու հիմա էլ պնդում եմ, որ հայ շրջանավարտը պետք է գրի ու մտքեր շարադրի»,-եզրափակեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]