Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Հայկական դրամը առևտրային և քաղաքական պատերազմների կիզակետում՝ որպես տարածաշրջանի ամենակայուն արժույթ


ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի կողմից նախատեսվող նոր պատժամիջոցների փաթեթն ուղղված է Հայաստանի համար երկու ռազմավարական նշանակություն ունեցող երկրներին՝ Իրանին ու Ռուսաստանին, որտեղ վերջին շաբաթվա ընթացքում ֆինանսական շուկաները վայրիվերումների են ենթարկվում, իսկ ազգային արժույթները կտրուկ արժեզրկվում են: Մյուս կողմից, ԱՄՆ-ն պատժամիջոցներով լրջորեն հարվածել է նաև Թուրքիայի տնտեսությանը, որտեղ թուրքական լիրան աննախադեպ արժեզրկման է ենթարկվել: Այս ամենի արդյունքում տատանման միտումներ են դրսևորում նաև վրացական լարին և ադրբեջանական մանաթը: Գերտերությունների «խաղերի» կիզակետում ակամա հայտնված հայկական դրամը շարունակում է մնալ տարածաշրջանի ամենակայուն արժույթը: 

Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները, չնայած ուժի մեջ են մտնելու օգոստոսի 22-ից, բայց արդեն հասցրել են հարվածել ինչպես ռուսական արժույթին, այնպես էլ ռուսական խոշոր ընկերությունների բաժնետոմսերի գնանշումներին: Այսպես, հուլիսին ԱՄՆ դոլարի փոխարժեքը 62-63 ռուբլի էր կազմում, իսկ արդեն օգոստոսի 13-ին հասել է 68.27 ռուբլու: Պատժամիջոցների մասին հայտարարությանը հաջորդեց «Աերոֆլոտ» ընկերության բաժնետոմսերի 12 տոկոսով արժեզրկումը: Քանի որ ամերիկյան պատժամիջոցների նոր փաթեթը նախատեսվում է ուղղել հատկապես ռուսական բանկերի դեմ, այդ լուրի ֆոնին արդեն իսկ 7.5%-ով էժանացել են «ՎՏԲ բանկի» և գրեթե 6%-ով «Սբերբանկի» արժեթղթերը: 

Օգոստոսի 6-ին ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի ստորագրած հրամանագրով վերականգնվեցին 2015 թվականի՝ Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները: Հաջորդ օրվանից արդեն Իրանի տարածքում տարադրամի փոխանակման կետեր բացվեցին, որտեղ 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը հասել է մինչև 93 հազար իրանական ռիալի, մինչդեռ նույն օրը Իրանի կենտրոնական բանկը սահմանել էր 1 ԱՄՆ դոլարի դիմաց 42 հազար իրանական ռիալ փոխարժեքը: Միևնույն ժամանակ, իրանական սև շուկաներում փոխարժեքը հասել է մինչև 98 հազար ռիալի, այսինքն՝ 133 տոկոսով ավելի բարձր՝ քան պաշտոնական փոխարժեքն է:       

Ամերիկա-թուրքական տնտեսական «պատերազմի» հետևանքով թուրքական լիրան մեկ ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2.8 անգամ: Եթե հուլիս ամսվա ընթացքում 1 ԱՄՆ դոլարի դիմաց լիրայի փոխարժեքը  տատանվում էր 2.43-2.44 միջակայքում, ապա օգոստոսի 13-ին նույն փոխարժեքը հասել է 7.011 լիրայի:  Թուրքիայում քաղաքական տարբեր հարթակներից գնահատականներ ու մեղադրականներ են հնչում ԱՄՆ-ի այս քայլերի վերաբերյալ: Թուրքիայի վերնախավն ամեն կերպ փորձում է պայքարել ազգային արժույթի ամրապնդման համար՝ կոչ անելով վաճառել դոլարներն ու եվրոները: Բայցևայնպես, այս ամենը դեռևս արդյունք չի տալիս, իսկ թուրքական լիրայի արժեզրկման միջին տեմպը օգոստոսի 1-13-ը կազմել է օրական 37.2%:   

Ռուսական և թուրքական արժույթների արժեզրկումն ու ֆինանսական տատանումները աստիճանաբար ներազդում են ինչպես վրացական լարիի, այնպես էլ ադրբեջանական մանաթի վրա: Այսպես, վրացական լարին հուլիսի 17-ի համեմատ օգոստոսի 13-ին արժեզրկվել է 4.5%-ով: Ներկայումս ԱՄՆ դոլարի փոխարժեքը տատանվում 2.55 վրացական լարիի շրջակայքում: Ադրբեջական բանկերը, փորձելով կանխարգելել արժութային սպեկուլյացիոն գործարքները, սահմանափակել են արտարժույթի կանխիկ վաճառքը՝ այսպիսով վերահսկելի դարձնելով մանաթի հնարավոր արժեզրկումը: Բայց սա երկար շարունակվել չի կարող, քանի որ Թուրքիան Ադրբեջանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է, հետևաբար թուրքական լիրայի արժեզրկումը վնասելու է նաև ադրբեջանական մանաթին: 

Իրադարձությունների խաչմերուկում գտնվող Հայաստանին դեռևս հաջողվում է պահպանել հայկական դրամի կայունությունը, ինչը Հայաստանի ֆինանսական շուկաների և տնտեսության զարգացման, հատկապես՝ ներդրումային միջավայրի գրավչության համար շատ կարևոր է: Իհարկե, անհրաժեշտ է նաև հստակ հաշվի առնել և արձանագրել, որ ռուսական տնտեսության ցնցումները ուղղակի անդադարձ կարող են ունենալ, օրինակ, դեպի Հայաստանի դրամական փոխանցումների, ինչպես նաև՝ դեպի Հայաստան ուղղվող ներդրումների վրա: 

Մյուս կողմից Ռուսաստանում, Իրանում և Թուրքիայում նկատվող ազգային արժույթների արժեզրկման միտումները կարող են ազդել այդ երկրներից ներկրվող ապրանքների ծավալների վրա՝ բերելով ներմուծման զգալի մեծացման: Սա իր հերթին կարող է հարվածել հայկական արտադրողին, քանի որ էժան գնի հաշվին կմեծանա նշված երկրներից ներմուծվող արտադրանքի մրցունակությունը: 

Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների արդյունքում արտաքին շուկաներին կապող վրացական ուղին Հայաստանի համար կրկին կարող է դառնալ միակը: Մինչդեռ, Իրանը «մրցակցային ոգի» էր ձևավորում՝ հնարավորություն ստեղծելով ապահովել ավելի էժան տրանսպորտային այլընտրանքներ: Այս ամենն այն ռիսկերն են, որոնք վերջնական հաշվով կարող են ազդել տարածաշրջանում դեռևս միակ կայուն արժույթի՝ ՀՀ դրամի վրա:  

 Տնտեսագետ Տաթև Վարդանյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ