Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռումինիայի հայ համայնքը մեծ շուքով նշել է սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը

Ռումինիայի հայ համայնքը  մեծ շուքով նշել է սուրբ Մարիամ Աստվածածնի 
Վերափոխման տոնը

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի հայ համայնքը օգոստոսի 10-13-ը մեծ շուքով նշել է սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումինիայի Հայոց թեմի մամլո դիվանից, դեռևս օգոստոսի 10-ից սկսվել է հարյուրավոր ուխտավորների երթը դեպի Սուչավա քաղաք, ուր տեղի հայկական վանքերում ու եկեղեցիներում տեղի պիտի ունենային տոնական միջոցառումներն ու սրբազան արարողությունները:

Օգոստոսի 10-ին, Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ դեպի Սուչավա ճանապարհին առաջին կանգառը տեղի  է ունեցել Ռոման քաղաքում, ուր տեղի Սուրբ Աստվածածին հայոց եկեղեցում կատարվել է երեկոյան ժամերգություն՝ ներկայությամբ տարբեր քաղաքներից ժամանած ուխտավորների և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների։

Օգոստոսի 11-ին ուխտավոր ժողովուրդը առաջնորդի գլխավորությամբ հավաքվել է Բոտոշան քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ուր մատուցվել է Սուրբ Պատարագ, որին մասնակցել են նաև տեղի ծխական խորհրդի անդամներն ու հավատացյալները։

Տոնին ընդառաջ, օգոստոսի 11-ի երեկոյան, ժամը 17:30-ին, Սուչավայի Սուրբ Խաչ եկեղեցում ուխտավորները մասնակցել են երեկոյան ժամերգությանը, կատարվել է նախատոնակ՝ հանդիսապետությամբ Թեմակալ Առաջնորդի:  Ավարտին եկեղեցու բակում Տաթև սրբազանն օրհնել է մատաղի աղը և պատրաստվող ականջապուրը, որն ավանդույթի ուժով ամեն տարի պատրաստվում է հենց ուխտավորների ձեռքով: Մատաղօրհնությունից հետո Ս. Խաչ եկեղեցուն կից գտնվող ծխապատկան կառույցում ներկաները մասնակցել են դասական երաժշտության երեկոյի:

Օգոստոսի 12-ին, կիրակի օրը, սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին, ուխտավորների խումբն իր ճամփան բռնել է դեպի հռչակավոր Հաճկատարի վանքը, որը սուրբ Մարիամ Աստվածածնի անունն է կրում: Վանքը հիմնադրվել է 1512 թվականին Տոնավագ եղբայրների բարերարությամբ  և հռչակված է իր հրաշագործ զորությամբ: Բազում հրաշքների  և բժշկությունների վկայություններ կան կապված վանքի  անվան հետ: Հաճկատար, այսինքն՝ հաճոյակատար, կամակատար: Այսօր էլ այն ուխտավորի պակաս չի զգում: Տոնական սուրբ պատարագ է մատուցել Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Պատարագին ներկա էին Ռումինիայի Հայերի Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի խորհրդարանի մեջ ազգային փոքրամասնությունները ներկայացնող Վարուժան Փամբուկչյանը, Սուչավայի քաղաքապետ Իոն Լունգուն, փոխնահանգապետ Վիորել Սերեդենչուկը, թեմի հոգևոր դասը, ուխտավորներ` ժամանած Ռումինիայի հայաշատ քաղաքներից՝ Բուխարեստ, Կոնստանցա, Բակըու, Բոտոշան, Յաշ, Պիտեշտ, Գալաց, Ռոման, ինչպես նաև Միացյալ Նահանգներից և Ուկրաինայից: Պատարագի ավարտին Թեմակալ Առաջնորդն իր օրհնությունն է բաշխել ուխտավորներին և կատարվել է խաղողօրհնության կարգ: Օրհնված խաղողը բաժանվել է ուխտավոր ժողովրդին:

Նույն օրը երեկոյան, Սուչավայի հայկական մյուս ՝ Սուրբ Սիմեոն եկեղեցում կատարվել է երեկոյան ժամերգություն։

Ինչպես և մյուս Տաղավար տոներին, Վերափոխման տոնի հաջորդ օրը Մեռելոց էր: Օգոստոսի 13-ին, ժամը 10:00-ին, Սուչավայի մյուս նշանավոր՝ Զամկայի հայոց վանքում, Տաթև Սրբազանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան պաշտոն և աղոթք բարձրացվել առ Աստված ննջեցյալ հոգիների հանգստության և փրկության համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]