Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Նոր Թուրքիան» կառավարության հին դեմքերով. թուրքագետի անդրադարձը

«Նոր Թուրքիան» կառավարության հին դեմքերով. թուրքագետի անդրադարձը
ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018-ի հունիսի 24-ին Թուրքիայում կայացած արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշանակեց կառավարության և բարձրագույն զինվորական կազմը, որով նախնական ուրվագծվեցին Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության գերակա խնդիրները։ Թուրք փորձագետները նշում են, որ նախարարների նշանակմամբ՝ Էրդողանը հստակ ցույց է տալիս, որ առաջիկա տարիներին հատուկ ուշադրություն է դարձնելու անվտանգության, արտաքին քաղաքական և տնտեսական հարցերին։                

Նախ առանձնացնենք նախարարների ամենաուշագրավ նշանակումները, այնուհետև փորձենք ներկայացնել, թե ինչ խնդիրներ են դրված լինելու նորանշանակ նախարարների և զինված ուժերի ուսերին: Արտաքին գործերի նախարար՝ Մևլութ Չավուշօղլու (վերանշանակվել է), Պաշտպանության նախարար՝ Հուլուսի Աքար (զինուժի գլխավոր շտաբի նախկինում պետ), Ներքին գործերի նախարար՝ Սուլեյման Սոյլու (վերանշանակվել է), Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլեր, Գանձապետարանի և ֆինանսների նախարար՝ Բերաթ Ալբայրաք։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի վերանշանակումը կանխատեսելի էր։ Էրդողանն այս հարցում չգնած ռիսկի և վստահեց մի մարդու, ով բավականին փորձառու դիվանագետ է և քաջատեղյակ Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։ Մանավանդ այժմ այնպիսի ժամանակաշրջան է, երբ Թուրքիան ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։  Նոր փուլում Չավուշօղլուի առջև դրվելու են չափազանց բարդ խնդիրներ, որոնցից այս պահին ամենաակարևորներից են՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորումը, Սիրիայի քրդական ուժերի հարցի լուծումը, թուրք-ռուսական և թուրք-ադրբեջանական հարաբերությունների ընդլայնումը։ Պաշտոնական Անկարայի համար գերակա խնդիրներից է լինելու նաև Եվրամիության հետ հարաբերությունների կարգավորումը։ 

Թուրքիայի քաղաքական շրջանակներում լայն արձագանք ստացավ Հուլուսի Աքարի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում։ Պատճառն այն էր, որ Թուրքիայի պաշտպանության նախարարի պաշտոնում 58 տարի դադարից հետո առաջին անգամ զինվորական նշանակվեց։ Այդ պաշտոնը ստանձնած վերջին զինվորականը եղել է Ջեմալ Գյուրսելը (1960թ․), իսկ վերջինիս հաջորդած բոլոր 32 նախարարները եղել են քաղաքացիական անձինք։                                                                                                                            

Թուրք վերլուծաբաններն ընդգծում են, որ Աքարի նշանակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ փոփոխվեցին, ըստ էության ավելի ընդլայնվեցին Թուրքիայի պաշտպանության նախարարի լիազորությունները: Այժմ ցամաքային, ծովային և օդային ուժերի հրամանատարությունները ենթակա են անմիջականորեն պաշտպանության նախարարին։ Երկրի ռազմարդյունաբերական գործարանները, նավաշինարանները, ռազմական արդարադատությանն առնչվող հարցերը, ինչպես նաև զորակոչի ու զինվորագրման հարցերն անմիջական ենթակայություն կունենան պաշտպանության նախարարությանը։                

Իրականում Աքարի նշանակումը բավականին կշռադատված որոշում էր։ Նա այն հազվադեպ զինվորականներից էր, ով հավատարիմ մնաց Էրդողանին։ Դրա ապացույցն եղավ այն, որ Աքարը չմիացավ Էրդողանի դեմ ապստամբած զինվորականներին։ Հասկանալի է, որ Թուրքիայի նախագահը նրա առջև հսկայական խնդիրներ է դնելու, որոնցից են Թուրքիայի զինված ուժերի մարտունակության պահպանումը, հարևան երկրների տարածքում «հաջող» ռազմական գործողությունների իրականացումը, ինչպես նաև երկրի ներսում արդյունավետ պայքարը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զինյալների դեմ։                                                                     

Առանձնակի հետաքրքրական էր Յաշար Գյուլերի նշանակումը Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում։ Նա նախկինում Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատարն էր։ Չնայած նրան, որ կային այլ թեկնածուներ, Էրդողանը ընտրությունը կայացրեց՝ հօգուտ Գյուլերի։ Պատճառները մի քանիսն են, բայց ամենակարևորն այն էր, որ ըստ էության հենց Գյուլերի գլխավորությամբ Թուրքիայի ցամաքային ուժերը Սիրիայի Աֆրին շրջանում հաջող գործողություններ իրականացրեցին տեղի քրդերի դեմ՝ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում։                                                                                            

Փորձագետների և վերլուծաբանների շրջանակներում սպասելի էր նաև Սուլեյման Սոյլուի վերանշանակումը Թուրքիայի ներքին գործերի նախարարի պաշտոնում։ Մինչ հայտնի դարձավ Սոյլուի վերանշանակման լուրը, թուրք վերլուծաբաններն արդեն նախապես խոսում էին դրա մասին։ Նրա նշանակումը նույնպես որոշակի ռազմավարական նպատակներ էր հետապնդում, քանզի նա հայտնի է չափազանց կոշտ դիրքորոշմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) զինյալների հարցում։ Ինչն էլ բնականաբար մշտապես դրական արձագանք է ստացել Թուրքիայի ղեկավար շրջանակներում։  

Սոյլուի նշանակմամբ Էրդողանն ակնհայտ ցույց է տալիս, որ քուրդ զինյալների դեմ գործողությունները Թուրքիայի տարածքում ավելի ինտենսիվ են դառնալու և թուրքական կողմը գուցե և անցնի ավելի կոշտ մեթոդների։       

Նույն Սուլեյման Սոյլուն Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջանակնում իր ներդրումն ունեցավ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության» հաղթանակն ապահովելու գործում։ Նա բազմիցս նախընտրական քարոզարշավի ժամանակ անկարկել էր, որ քրդերի դեմ գործողություններն ընթանալու են ոչ միայն Թուրքիայում, այլև վերջինիս սահմաններից դուրս, ինչը բնակաբար, դրական արձագանք ստացավ Թուրքիայի բնակչության էրդողանամետ, իսլամամետ, ազգայնամոլ զանգվածի շրջանակներում։ Քարոզարշավի ընթացքում նա առաջինն էր, ով խոսեց Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանում՝(PKK-ի գլխավոր ռազմաբազա) քուրդ զինյալների դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին։ Հավանաբար դրանով Սոյլուն ոչ միայն ձայներ բերեց իշխող կուսակցությանը, այլև պահպանեց իր պաշտոնը։                                                                               

Ի դեպ Քանդիլի գործոնը Թուրքիայի իշխող կուսակցության նախընտրական քարոզչության շրջանակներում առանձին ոսումնասիրման թեմա է։                                                                                

Պետք է նշել, որ նման մարդու նշանակմամբ Թուրքիայում ավելի անլուծելի է դառնում քրդական հարցը։ Ակնհայտ է նաև այն, որ Սոյլուի օրոք Թուրքիայում իրականացվող բռնաճնշումները և ազատության սահմանափակումները շարունակական բնույթ են ունենալու։                                                       

Նկատենք, որ Թուրքիայում քննարկումների թեմա դարձավ նաև Էրդողանի փեսայի վերանշանակումը Ֆինանսների և գանձապետարանի նախարարի պաշտոնում։ Իրականում սա էլ, իհարկե, պատահական չէր։ Սրանով Թուրքիայի ֆինանսական համակարգը ամբողջովին հայտնվում է Էրդողանի ընտանիքի ձեռքում։ Բայց մյուս կողմից պետք է նշենք, որ Ալբայրաքի առջև դրված են հսկայական խնդիրներ, որոնցից են Թուրքիայի տնտեսության ծանր դրության վերականգնումը, թուրքական լիրայի ինքնարժեքի անկման դեմ պայքարը, ինչպես նաև բնակչության շրջանում գործազրկության աճի նվազեցումը։ Կկարողանա՞ արդյոք երիտասարդ թուրք նախարարը լուծել իր առջև դրված խնդիրները, ժամանակը ցույց կտա։                                                                                                             

Ինչպես տեսնում ենք, Էրդողանը ռազմավարական կարևորություն ունեցող պաշտոններում նշանակեց փորձառու և տարիների ընթացքում մեծ փորձ ձեռք բերած մարդկանց (բացառությամբ Ալբայրաքի)։ Հիմնականում այդ պաշտոններում նշանակվեցին այնպիսի մարդիկ, ովքեր երկար ճանապարհ են անցել Թուրքիայի նախագահի  հետ և որևէ վտանգ չեն ներկայացնում նրա իշխանության համար։։                                                                                

Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ առաջիկա տարիներին Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականությունում շրջադարձային փոփոխություններ տեղի չեն ունենա։ Թուրքիան կշարունակի իր ակտիվ և ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում, իսկ երկրի ներսում առկա խորքային խնդիրները նման բռնապետ-նախագահի պայմաններում կպահպանվեն ու գուցե  ավելի խորանան։               

 Թուրքագետ
Էդուարդ Մելքումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]