Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կյանքի է կոչվում նոր Հայաստանի նոր ճամբարի մոդելը. Ասկերանի շրջանի Պատարա գյուղում տեղի է ունեցել պատանեկան ճամբարի բացումը

Կյանքի է կոչվում նոր Հայաստանի նոր ճամբարի մոդելը. Ասկերանի շրջանի Պատարա 
գյուղում տեղի է ունեցել պատանեկան ճամբարի բացումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղում տեղի է ունեցել պատանեկան ճամբարի բացումը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Նարինե Աղաբալյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ողջույնի խոսքում շեշտել է, որ համատեղ ջանքերով կյանքի է կոչվում նոր Հայաստանի նոր ճամբարի մոդելը, որի  նպատակներից  մեկը  Հայաստանի  և  Արցախի  պատանիների  սերտ շփումն է. «Ճանաչելով միմյանց՝ մենք ավելի ուժեղ ենք դարձնում մեր հայրենիքը։ Ճանաչելով մեր բնությունը՝ ավելի են մեծանում  այն պաշտպանելու և պահպանելու հայրենասիրական  մղումները: Նոր համատեղ  ճամբարային նախագծի նպատակն է ապահովել Հայաստանի  և  Արցախի  պատանիների  սերտ  շփումը, կազմակերպել  մարզական միջոցառումներ,  սովորեցնել ռազմական մի շարք հմտություններ, սովորել ապրել վրանային պայմաններում՝ բարդ տեղանքում,  կարողանալ համատեղ  հաղթահարել բարդ իրավիճակները, շփվել արվեստի ու ստեղծագործողների  հետ, լավ ժամանակ  անցկացնել  ամառային  ամիսներին։  Այս մոդելը գործելու է առաջիկա տարիներին և տարեցտարի Արցախի և Հայաստանի դպրոցականների փոխայցելությունների թիվը ավելանալու է: Երբ կասեցրեցինք «Երկրապահի»  ճամբարների  ֆինանսավորումը,  մեղադրանքներ հնչեցրին, թե ռազմական դրության մեջ գտնվող երկրում ռազմահայրենասիրական ճամբարները կարևոր են։ Նոր ճամբարի մոդելը   պատասխանն է  այդ  քննադատություններին։  Մեր ճամբարներում  կրթվելու են արժանապատիվ, խիզախ, հայրենասեր պատանիներ»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Իր հերթին Արցախի Հանրապետության ԿԳ նախարար Նարինե Աղաբալյանը շնորհավորելով  դպրոցականներին ճամբարի բացման կապակցությամբ՝ նախ շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳ նախարարին նախաձեռնության և աջակցության համար ու  վստահություն հայտնել, որ առաջիկա օրերին երեխաները հնարավորություն կունենան ծանոթանալու ոչ միայն Արցախի բնության  հրաշալիքներին, այլև գյուղի տարածքում գտնվող բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններին։ «Հենց Պատարա գյուղի անտառներում են 30 տարի առաջ կազմավորվել մեր ինքնապաշտպանական առաջին ջոկատները, որոնք այնուհետև  ՊԲ ստորաբաժանումներն են դարձել և ապահովել մեր հաղթանակը՝ մեզ պարտադրված պատերազմում:  Այդ պայքարի իմաստը, նպատակը մեկ միասնական հայրենիք ունենալն էր։ Ճիշտ է, այդ պայքարի ընթացքում 2 հայկական հանրապետություն է հռչակվել, բայց մենք միասին ենք, և մեր բոլոր ջանքերն ուղղված են լինելու միասնական հայրենիք ունենալու գաղափարի իրագործմանը։  Այսօրվա ճամբարը դրա դրսևորումներից մեկն է»,-նշել է Նարինե Աղաբալյանը։

Ճամբարականներին և հյուրերին իրենց կատարումներով ողջունել «Velvet»  քառյակը, այնուհետև կազմակերպվել է  ավանդական խաղերի մրցույթ, լավագույն ջոկերը խրախուսվել են կազմակերպիչների կողմից։ Ցուցադրական ելույթներով հանդես  են եկել  Արցախի պատանի բռնցքամարտիկները։ Ճամբարային առաջին օրը եզրափակվել է  ազգային  պարերի վարպետության դասով։

Հայկական երկու հանրապետությունների կրթության և գիտության նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ իրականացված ճամբարում իրենց հանգիստը կանցկացնեն Հայաստանի և Արցախի 80 պատանիներ: Ճամբարը կգործի մինչև օգոստասի 19-ը: Դպրոցականների համար ճամբարային ծրագրով նախատեսված են մարզամշակութային միջոցառումներ, այցելություններ պատմամշակութային վայրեր, հանդիպումներ ու դասախոսություններ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]