Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Արման Նավասարդյանը լուրջ փոփոխություններ չի տեսնում Ռուսաստանի հետ հարաբերություններում մոտ ապագայում

Արման Նավասարդյանը լուրջ փոփոխություններ չի տեսնում Ռուսաստանի հետ հարաբերություններում մոտ ապագայում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը հաջող է ընթանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում  նման կարծիք հայտնեց  արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Դեսպանը մոտ ապագայում լուրջ փոփոխություններ չի տեսնում Ռուսաստանի հետ հարաբերություններում, քանի որ դա չի բխում ոչ Ռուսաստանի, ոչ էլ Հայաստանի շահերից:

Նավասարդյանը կարևորեց Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերին նախատեսվող  մասնակցությունը ՄԱԿ-ի գագաթնաժողովին:

«Շատ եմ կարևորում մեր իշխանությունների կողմից նախատեսվող մասնակցությունը Միավորված ազգերի կազմակերպության գագաթնաժողովին: Դա լինելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին այցելությունն այդ կառույց և, կարծում եմ, որ  այն կունենա կանխորոշիչ դեր հետագա քաղաքական զարգացումների համար»,- նշեց Նավասարդյանը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը՝ Նավասարդյանը կարծիք հայտնեց, որ դա մեծ ազդեցություն չի ունենա Հայաստանի վրա:

« Օրերս Դոնալդ Թրամփը հայտարարել էր,որ եթե լինեն պետություններ, որոնք կշարունակեն առևտրական կամ տնտեսական հարաբերություններն Իրանի հետ, ապա ԱՄՆ-ն կփակի ճանապարհը այդ երկրների հետ բոլոր տեսակի հարաբերություններում: Արդյո՞ք այս հայտարարությունը կարող է ազդել այլ պետությունների հարաբերությունների վրա, որոնցից մեկը Հայաստանն է: Կարծում եմ, որ Հայաստանի հարաբերություններին այլ պետությունների հետ Միացյալ Նահանգների վերաբերմունքը եղել է բավականին մեղմ, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին: Միացյալ Նահանգները ըմբռնմամբ են մոտենում նաև Իրանի հետ մեր հարաբերություններին, քանի որ Հայաստանը, լինելով սահմանակից երկիր և շրջափակման մեջ, չի կարող Իրանի հետ չունենալ հարաբերություններ: Չեմ կարծում, որ այստեղ լինեն խոշոր փոփոխություններ»,- ասաց Նավասարդյանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ