Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Շիրակի պետհամալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը հափշտակել է 20 մլն դրամ. ՀՀ ոստիկանություն


ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների միջոցառումներով ձեռք բերված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ Շիրակի պետական համալսարանի  նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը խաբեությամբ հափշտակել է 20 մլն դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տարածած հաղորդագրությունում:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների ու Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողները համատեղ տարաբնույթ միջոցառումներով օպերատիվ տվյալներ են ձեռք բերել, որ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են տեղի ունեցել:

Տեղեկությունների հիման վրա ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր:

Պարզվել է, որ ուսումնական հաստատության նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ինչպես և ֆիզիկական դաստիարակության ու տեսության ֆակուլտետի նախկին դեկան Արթուր Խաչատրյանը միջին որակական գնահատական ունեցող մի ուսանողուհու ներառել են հիշյալ ֆակուլտետի մագիստրատուրայի վճարովի ուսուցման բաժնում՝ նրա փոխարեն անվճար ուսուցման բաժնում ընդգրկելով կրկնակի ցածր միջին որակական գնահատական ունեցող մի ուսանողի, որպեսզի վերջինս խուսափի զորակոչից: Ուսանողուհուն խոստացել են, որ նրա փոխարեն իրենք կվճարեն ուսման վարձը՝ 300.000 դրամ, ինչը չի կատարվել:

Պարզվել է նաև, որ ուսումնական չորս տարվա ընթացքում Անահիտ Ֆարմանյանը հրավիրել է դեկանատների գործավարների ժողով ու աշխատակիցներին հանձնարարել, որ դիպլոմների և դրանց միջուկների տպման աշխատանքները կազմակերպելու նպատակով նրանք յուրաքանչյուր շրջանավարտից վերցնեն 5.500 դրամ: Մեկ ուսումնական տարվա ընթացքում հավաքագրվել է շուրջ 5.000.000 դրամ, չորս տարում՝ 20.000.000: 

Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել բարձրագույն ուսումնական հաստատության աշխատակիցների կողմից հանցակցությամբ և պաշտոնական դիրքն օգտագործելով՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափով գումար հափշտակելու վերաբերյալ: 

Նախապատրաստված նյութերի հիման վրա Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է տարածքային նախաքննական մարմնին՝ հետագա քննության: 

ԲՈՒՀ-ի նախկին պրոռեկտոր 45-ամյա Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ոստիկանության ծառայողները ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ նրան հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Ոստիկանությունը խնդրում է Գյումրու բնակիչ Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին դիմել ոստիկանության Մուշի կա՛մ մոտակա ստորաբաժանում, կա՛մ զանգահարել 1-02, 010-59-06-54 հեռախոսահամարներով: 
Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության  Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով (յուրացնելը, կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և խոշոր չափերով) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելն առանձնապես խոշոր չափերով):

Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում էր կայացվել, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն): Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Քննիչը միջնորդություն էր ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ