Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Եթե մեր ոտքի տակ աղբ է նետած, չպիտի սպասենք վարչապետը գա հավաքի․ Փաշինյանի ելույթը Բերդում

Եթե մեր ոտքի տակ աղբ է նետած, չպիտի սպասենք վարչապետը գա հավաքի․ 
Փաշինյանի ելույթը Բերդում

ԲԵՐԴ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եթե մեր երկիրը մինչ այժմ լավ վիճակում չի եղել, ուրեմն մեզանից յուրաքանչյուրը որևէ փոքր բան չի արել, որ այն լավը դառնա։ Բերդի համայնքապետարանին հարող տարածքում օգոստոսի 10-ին քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մինչ այդ վարչապետը ծաղիկ դրեց Արցախի ազատամարտի հերոսներին նվիրված խաչքարի մոտ։

«Այն, ինչ կառավարության անելիքն է,այն անպայման կանի, չկասկածեք, բայց հզոր երկիր ունենալու համար ամեն մեկն իր տեղում պետք է իր անելիքն իրականացնի։ Եթե մեր երկիրը մինչ այժմ վատ վիճակում է եղել, ուրեմն ամեն մեկս որևէ փոքր բան չենք արել, որ այն լավը դառնա։ Մի օրինակ բերեմ՝ բողոք են գրում, նամակ են ուղարկում, որ Բերդի հիվանդանոցում ծննդկաններից փող են վերցնում, չնայած դա պետականորեն անվճար ծառայություն է։ Մարդիկ գալիս, ասում են՝ չենք կարող անանուն նամակով գործին ընթացք տալ, մեկդ եկեք, հաստատեք, մենք կպատժենք այդպես վարվողներին։ Մի հոգի չի գտնվում, որ կոնկրետ հասցե ու դեպք ասի: Ի՞նչ է՝ մենք ամբողջ ազգով, կներեք արտահայտության համար, ուզում ենք «գողական» լինե՞լ ու թալանի դեմն առնե՞լ։ Չի լինի այդպես։ Այս գործը, որ իրար հետ սկսել ենք, պետք է շարունակենք իրար հետ»,- «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը։

Նա նշեց, որ ինքն ու իր թիմը հեղափոխություն իրականացրեցին, որովհետև ժողովուրդն այդպես ցանկացավ։ «Ես ասել եմ, որ մենք ստեղծելու ենք հնարավորություն, որ մարդիկ որոշեն՝ իրենք ուզում են նոր Հայաստանում ապրել, թե ոչ։ Այդ հարցը ոչ թե ես ու մեր քաղաքական թիմն ենք որոշել, այլ դուք։ Մեծ հաշվով ես փետրվարին ու մայիսին նույն մարդն էի, բայց փոխվեց ձեր ընկալումը, ձեր ինքնագնահատականը։ Մինչև դա ասվում էր, որ դուք ոչ մի բան չեք որոշում, բայց հետո դուք հասկացաք, որ ամեն ինչ դուք եք որոշում»,- ասաց վարչապետը։

Նա վստահեցրեց, որ կառավարությունն իր անելիքը կանի լիարժեք ու անմնացորդ։ Բայց ընդգծեց կարևոր հանգամանք․ «Եթե մեր ոտքի տակ աղբ է նետած, մենք չպետք է սպասենք վարչապետը գա դա հավաքի կամ մարդ ուղարկի, որ հավաքեն, այստեղ կանգնած անձանցից յուրաքանչյուրը պետք է ընկալի, որ ինքն է որոշում Բերդն ինչպիսի քաղաք պետք է լինի»։

Նիկոլ Փաշինյանն օրինակ բերեց «Տավուշ Տեքստիլ» արտադրամասի հիմնադիրին, ով չի սպասել որևէ հրավերի, արտերկրից ժամանել, տարբեր խոչընդոտներ է հաղթահարել ու այսօր ստեղծել է Բերդում եզակի մի գործարան։ «Ես այսօր տեսա մի հրաշալի արտադրամաս, որը եզակի է Բերդի տարածաշրջանում։ Պատկերացրեք, գործարանի հիմնադիրը սպասեր, որ վարչապետը գնար Ռուսաստանից իրեն բերեր, այդ շենքը տար, հաստոցները ձգեր, պայմանագրերը կնքեր, ասեր՝ դե տես դու ինչ ես անում։ Նա չի սպասել, ավելին՝ եկել ու  հազար խոչընդոտ է հաղթահարել, հուսահատության, կոռուպցիայի միջով է անցել, բայց գործ է արել։ Իհարկե, ես հասկանում եմ, որ ոչ բոլորը կարող են այդպիսի ներդրում անել, բայց բոլորի համար ստեղծվելու են այդ հնարավորությունները»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]