Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Նիկոլ Փաշինյանն այցելեց «Տավուշ Տեքստիլ» ընկերություն. ձեռնարկությունը մասնագետների կարիք ունի


ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելեց «Տավուշ Տեքստիլ» ընկերություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ի հիմնադիր Սուրեն Երիցյանի ուղեկցությամբ վարչապետը շրջեց ընկերության տարածքում, ծանոթացավ արտադրական հնարավորություններին, անցած ուղուն, ձեռքբերումներին: Սուրեն Երիցյանը վարչապետի հետ զրույցում խոսեց որակյալ կադրերի խնդրի մասին՝ նշելով, որ մասնագետների կարիք ունեն: Նա նշեց, որ Բերդում գործող ուսումնարանի հետ պայմանավորվածություն է եղել հաստոցներ, նյութեր տրամադրել մասնագետներ պատրաստելու համար,  որպեսզի հետագայում գործարանում աշխատեն, սակայն, կարծես, սայլը տեղից չի շարժվում: Սուրեն Երիցյանի բարձրացրած հարցին անդրադարձավ վարչապետը:

«Դա շատ կարևոր հարց է: Ուսումնարանները պետք է սկսեն աշխատել: Մեր կրթական համակարգի պրոբլեմը որն է, ուսանողն ավարտում է, տեղ չկա, որ աշխատի: Հիմա պետք է կրթական համակարգն այն տրամաբանության մեջ դնել, որ պրակտիկայի հետ կապված լինի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015 թվականին գործարար Սուրեն Երիցյանի կողմից: Ներկայում ընկերությունն ունի արտադրություններ Չորաթան, Արծվաբերդ , Բերդ համայնքներում և սպասարկող արտադրամաս Մովսես համայնքում:  «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ն ունի շուրջ 1500 գործող հաստոց: 2018 թվականին արտադրվել է 23 238 991 զույգ բանվորական ձեռնոցներ, որից 19  329  662 զույգը՝ 1 253 047 281 դրամի չափով, իրացվել է Ռուսաստանի և Ուկրաինայի շուկաներում:

«Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ում աշխատում է շուրջ 520 աշխատակից Բերդ, Արծվաբերդ, Չորաթան, Մովսես, Տավուշ, Վերին Կարմիր աղբյուր, Նորաշեն համայնքներից՝ միջինը 135 հազար դրամ աշխատավարձով: Առաջիկայում պլանավորվում է ավելացնել հաստոցների քանակը ևս 600 հատով, որը կստեղծի ևս 150-200 աշխատատեղ:  




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ