Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

«Երևանյան բեսթսելեր». «Ալքիմիկոսը» գիրքն առաջին հորիզոնականում է. Թարգմանական գրականություն. հուլիս, 2018  


ՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է հուլիսի վաճառքների հիման վրա:

Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը»: Հեղինակի լավագույն ստեղծագործություններից մեկը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:  Թարգմանությունը՝ Աննա Մարությանի:

Երկրորդ հորիզոնականում Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկն է: Սկզբնապես այն հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Արժանացել է «Հյուգո» մրցանակին՝ որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ Հետագայում Քիզը լրացրել է պատմվածքը՝ այն դարձնելով ամբողջական վեպ (նույն անվանմամբ), որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը, որպես 1966 թվականի լավագույն վեպ։ Թարգմանիչ՝ Հայկ Ֆելեքյան:

Երրորդ հորիզոնականում Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ն է: Հրկիզող Գայ Մոնթագի տան հեռուստապատերով պարփակված իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ գրքերի թաքստարանների տեղերը մատնում է հրկիզողներին: Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է: Գիրքը բնագրից թարգմանել է Լուսինե Հարոյանը:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» հանրահայտ ստեղծագործությունը չորրորդն է:  Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։ Թարգմանությունը՝ Ռիմա Խաչատրյանի:

Հինգերորդ տեղում է Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» ստեղծագործությունը: Այն հեղինակի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Գիրքը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը: Թարգմանել է Շուշանիկ Թամրազյանը:

Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամարը» վեցերորդ հորիզոնականում է: Այն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի դասական գործերից է, որն առաջին անգամ տպագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1945 թվականին։ 
…1939 թվականն է: Չնայած գերմանացի բժիշկ և Փարիզում ապրող գաղթական Ռավիկին օրենքով արգելված է վիրաբուժությամբ զբաղվել, նա երկու տարի շարունակ բուժում է քաղաքի ամենահեղինակավոր քաղաքացիներին երկու ոչ այնքան հմուտ ֆրանսիացի բժիշկների օգնությամբ: Թարգմանիչ՝ Վանուհի Բաղմանյան:

Յոթերորդ հորիզոնականում Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպն է: Այն  պատմություն է պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերները ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքները և ճակատագրերը շատ նման են իրար: Գիրքը համաշխարհային գրականության գլուխգործոցներից է: Թարգմանիչ՝ Վանուհի Բաղմանյան:

Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելները» ութերորդ հորիզոնականում է: Ժողովածուն ընդգրկում է նշանավոր գրողի մի շարք լավագույն նորավեպեր, որոնց գերակշիռ մասը հայերեն թարգմանվում է առաջին անգամ: Երկերի սյուժեի բանաստեղծական խորհրդավորություն, դրամատիկ կառուցվածք, կերպարների ամբողջականություն, բնավորությունների հոգեբանական խոր վերլուծություն, հյութեղ լեզու. այս ամենի և այլ արժանիքների շնորհիվ Ստ. Ցվայգը՝ համաշխարհային նոր գրականության ամենաերևելի դեմքերից մեկը, դարձել է հայ ընթերցողի համար ամենապահանջված հեղինակներից: Թարգմանությունը՝ Արա Առաքելյանի և Մարգարիտ Առաքելյանի:

Իններորդ հորիզոնականում «Խատուտիկի գինի» ստեղծագործությունն է: Այն ամերիկացի ականավոր գրող Ռեյ Բրեդբըրիի ամենաճանաչված գործերից է: Կարոտաբաղձությամբ դրոշմված ինքնակենսագրական բնույթի վեպ է, որը, հեղինակի բնորոշմամբ, իր պատանեկան տարիների «խատուտիկների բերքահավաքն է», ըստ այդմ էլ՝ «ինչպես կյանքի, այնպես էլ մահվան, ինչպես լույսի, այնպես էլ խավարի, ինչպես պատանության, այնպես էլ լիակատար ահի ներբողումը»: Անգլերենից թարգմանել է Զավեն Բոյաջյանը:

Տասներորդ հորիզոնականում Հերման Հեսսեի «Սիդհարթա» այլաբանական վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է 1922 թվականին։ Այն պատմում է Գաութամա Բուդդայի ժամանակակից բրահման Սիդհարթայի հոգևոր ինքնաճանաչման ճանապարհի մասին։  Հեսսեի 9-րդ վեպն է, որը նա գրել է քնարական ոճով։ Գիրքն Ամերիկայում տպագրվել է 1951 թվականին և մեծ տարածում գտել 1960-ականներին։ Հեսսեն վեպը նվիրել է ֆրանսիացի դրամատուրգ, վիպագիր Ռոմեն Ռոլանին: Թարգմանիչն է Աշոտ Ալեքսանյանը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +8 Պաուլու Կոելյու, «Ալքիմիկոսը» Անտարես 49
2 0 Դենիել Քիզ, «Ծաղիկներ Էլջերնոնի համար» Անտարես 35
3 * Ռեյ Բրեդբըրի, «Ֆարենհայթ 451» Զանգակ 29
4 -1 Օսկար Ուայլդ, «Դորիան Գրեյի դիմանկարը» Էդիթ Պրինտ 26
5 * Միլան Կունդերա, «Կեցության անտանելի թեթևությունը»  Անտարես 24
6 -2 Էրիխ Մարիա Ռեմարկ, «Հաղթական կամարը» Էդիթ Պրինտ 23
7 -1 Էրիխ Մարիա Ռեմարկ, «Երեք ընկեր» Էդիթ Պրինտ 23
8 * Ստեֆան Ցվայգ, «Ընտիր նովելներ» Բուկինիստ 20
9 -2 Ռեյ Բրեդբըրի, «Խատուտիկի գինի» Անտարես 20
10 * Հերման Հեսսե, «Սիդհարթա» Քյուրքչյան 19

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների ցանցերը:

 




Այս թեմայով

... վերջին լուր "Երևանյան բեսթսելլեր" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ