Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սասուն Խաչատրյանը արձագանքել է մարտի 1-ի քրեական գործին միջամտելու քննադատությանը

Սասուն Խաչատրյանը արձագանքել է մարտի 1-ի քրեական գործին միջամտելու 
քննադատությանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը վստահեցնում է՝ իրենց կառույցը որևէ ազդեցություն չունի և չի կարող ունենալ դատավորների վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այն քննադատությանը, որ նա մարտի 1-ի գործի վերաբերյալ հեռուստատեսությամբ հնչեցրած իր վերլուծություններով միջամտում է քրեական գործին, ՀՔԾ պետն ասաց. «Դուք դատողություններ արեք՝ ես միջամտում եմ, թե ոչ։ Դատարանն անկախ է, Հատուկ քննչական ծառայությունն ու  ծառայության պետը դատավորների նշանակման, նրանց աշխատանքից ազատելու, նրանց առաջխաղացման, կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացներում որևէ ներգրավվածություն չունի և օբյեկտիվորեն չի կարող ազդեցություն ունենալ դատավորների վրա»:

Ինչ վերաբերում է «0038» հույժ գաղտնի հրամանի՝ ոչ ամբողջական գաղտնազերծմանը, որն ըստ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների, կոնտեքստից կտրելու վտանգ է պարունակում, Սասուն Խաչատրյանը նկատեց, որ այդ փաստաթուղթը գաղտնազերծելու իրավունքը պատկանում է ՀՀ պաշտպանության նախարարությանը։ «Պաշտպանության նախարարությունն է որոշել, թե ինչ չափով կարող է գաղտնազերծել այդ հրամանը, ուստի, կհորդորեմ պաշտպանական կողմին մեղադրանքները, որ իբր մենք չենք ուզում հրապարակել ամբողջությամբ, այլևս չշահարկվեն, դա մեր ցանկությունը չէ»,-նշեց պաշտոնյան:

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն օգոստոսի 3-ին Առաջին ալիքի «Օրակարգ»-ի հետ հարցազրույցի շրջանակներում գաղտնազերծեց հույժ գաղտնի «0038» հրամանից որոշ հատվածներ՝ նշելով, որ դրանք անհերքելի ապացույցներ են, որ ՀՀ երկրորդ նախագահը Զինված ուժերին ներքաշել է ներքաղաքական գործընթացների մեջ, ինչը թույլատրված չի եղել, և նպաստել է սահմանադրական կարգի տապալմանը: Բացի այդ՝ նա կարծիք հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը պետք է մերժի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ բողոքը, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է շարունակի կալանավորված մնալ գործի հետագա ընթացին չմիջամտելու համար:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27-ին որոշում է կայացել երկու ամսով կալանավորելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նա մեղադրվում է 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու մեջ: Նույն արարքի մեջ են մեղադրվում նաև 2008-ին պաշտպանության փոխնախարար, այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։ Հարությունյանը հետախուզման մեջ է, Խաչատուրովը ազատ է արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց։ Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նաև 2008-ին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանին՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]