1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը կընդլայնվի

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը կընդլայնվի

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործադիրը սահմանել է ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը և դրամական աջակցության չափերը,  զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին հատուցելու կարգը, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափը, վճարման կարգը և պայմանները: Արդյունքում՝ կապահովվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն համապատասխան անձանց դրամական աջակցություն տրամադրելու գործընթացի պատշաճ իրականացումը:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին։ «Գիտեք, որ ընթացիկ կարգով այդ մեխանիզմի շահառու են համարվում 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձինք կամ նրանց հարազատները։ Պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկեցինք և պարզեցինք, որ կա հնարավորություն այդ ամսաթիվը երկու տարով հետ տանել։ Ըստ այդմ՝ օրենսդրական կարգավորումը կտարածվի 2015 թ-ի հունվարի մեկից հետո տեղի ունեցած դեպքերի վրա», – ասել է վարչապետը և հավելել, որ այդպիսով նշված գործընթացի շահառու են դառնում նաև ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքները և զինհաշմանդամները: Վարչապետը, դիմելով Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին, նշել է, որ կան ոչ անհայտ ընկերություններ, որոնք այդ հիմնադրամին վճարումները չեն կատարում կամ պարտքեր ունեն: «Այդ ընկերությունների անունները ձեզ կփոխանցեմ: Մենք պետք է կոչ անենք, որպեսզի բոլոր ընկերությունները վճարումները պարտաճանաչ կատարեն, որովհետև այս հիմնադրամի միջոցները պետք է շարունակեն մեծանալ, որպեսզի շահառու դառնան ավելի վաղ ժամանակում զոհվածների կամ տուժածների ընտանիքները»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

Անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձինք որոշ ապրանքներ

կկարողանան ներմուծել ավելի մեծ ծավալներով

Եվրասիական տնտեսական միության շրջանակում մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի ուժի մեջ մտնելու հետևանքով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված դրույթների և ապրանքների չափաքանակների վերանայման, ինչպես նաև իրավակիրարկման ընթացքում գործնականում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Փոփոխություններ  են կատարվել նախկինում ընդունված որոշման մեջ,  մասնավորապես՝ ակնհայտ առևտրային չափաքանակները գերազանցող ապրանքների հարկման բազաների որոշման, ֆիզիկական անձանց տրամադրվող ծանուցագրի ձևում օրենքին կատարվող հղման և այլ դրույթների, ինչպես նաև ԵՏՀ 20.12.2017թ. թիվ 107 որոշման ընդունման հանգամանքով պայմանավորված՝ նաև ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակների ամբողջովին վերանայման մասով: Ըստ հիմնավորման՝  իրավակիրարկման ընթացքում գործնականում ծագել են մի շարք խնդիրներ, որոնց լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նաև համապատասխան փոփոխություններ կատարել՝ ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման ժամանակ ապրանքների արժեքի որոշման, ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերի, ինչպես նաև մի շարք ապրանքների չափման միավորների առնչությամբ:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ այս որոշմամբ անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձինք կկարողանան շատ ավելի մեծ ծավալներով որոշակի ապրանքներ ներմուծել Հայաստան՝ առանց մաքսային ձևակերպումների: Այդպիսով՝ սահմանված սահմանաչափերը բարձրացվում են։

«Այս որոշումը տնտեսական դաշտի վրա լավ ազդեցություն կթողնի», -նշել է վարչապետը՝ հավելելով,  որ այն քաղաքացիներին ավելի էժան առևտուր անելու հնարավորություն կտա: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հորդորել է պատշաճ իրազեկել հանրությանը՝ չափաքանակների էական ավելացումների մասին:  «ՊԵԿ-ը պետք է հրապարակի չափաքանակների վերաբերյալ նախկին և ներկայիս ցանկերը, որպեսզի քաղաքացիները տեղյակ լինեն, թե օրավանից է որոշումն ուժի մեջ մտնելու»,- նշել է վարչապետը:    

 

Արտոնություններ են տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին. կստեղծվեն նոր աշխատատեղեր

Կառավարությունը բավարարել է «Ռոք բերի» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմոցային տնտեսության կառուցման համար։ Ծրագրի շրջանակում իրականացվելու է 2,6 մլրդ ՀՀ դրամի ներդրում։ Արդյունքում կստեղծվի 60 աշխատատեղ՝ 180 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի մոտ 2  մլրդ ՀՀ դրամ, որի մի մասը՝ մոտ 0,2 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը կարտահանվի ԵԱՏՄ անդամ-երկրներ:

Մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի նաև «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ-ն. կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ընկերությունն ապրանքներն օգտագործվելու է սառնարանային պահեստների կառուցման համար։ Ծրագրի շրջանակում իրականացվելու է 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 100 աշխատատեղ՝ 120 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 255,5 մլն ՀՀ դրամ, որի մի մասը կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը կարտահանվի:

Մեկ այլ որոշմամբ էլ «Սահլևս» ՍՊԸ-ին տրամադրվել է ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգման արտոնություն:  Ընկերությունը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր, որի արդյունքում նախատեսում է ընդլայնել արդեն իսկ գործող կենցաղային կրակայրիչների արտադրամասը արտադրանքի համար անհրաժեշտ հումքով և նյութով։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ  850 մլն ՀՀ դրամի չափով ներդրում: Արդյունքում կստեղծվի 90 նոր աշխատատեղ՝ 160 հազար ՀՀ  դրամ միջին աշխատավարձով:

Գործադիրի որոշմամբ «Բոնվառոն» ՍՊԸ-ին տրամադրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն՝ մշակող արդյունաբերության, առևտրի, լոգիստիկ ոլորտներում գործունեություն ծավալելու նպատակով: Ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալները նախատեսված է 1 մլն ԱՄՆ դոլարից հասցնել  5,1 մլն ԱՄՆ դոլարի: Ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 195 մլն ԱՄՆ դոլար ներդրումներ, կստեղծվի 102 նոր աշխատատեղ:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ այս երեք ամիսների ընթացքում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար հավանության է արժանացել ներդրումային  6 ծրագիր, ներդրումների ընդհանուր թիվը կազմել է 42 մլն դոլար, ներկրվող սարքավորումների ընդհանուր արժեքը կազմել է 12 մլրդ դրամ, իսկ ստեղծվող աշխատատեղերի թիվը՝ 609: Ըստ նախարարի՝ այս ընթացքում կառավարության  հավանությանն է արժանացել ավելացված արժեքի հարկի՝ 3 տարով հետաձգման արտոնությունից օգտվելու 4 ծրագիր. նախատեսվող ներդրումները գնահատվում են 5,26 մլրդ դրամ, իսկ ստեղծվող աշխատատեղերի թիվը՝ 206:  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդունված որոշումներին, նշել  է, որ վերջին շրջանում կան ահազանգեր, կարծիքներ, որ կառավարության որոշ շեշտադրումներից տնտեսությունը, տնտեսվարողները լարվում են:  «Հակառակը, մենք դրական ազդակ ենք հղում բիզնեսին: Անշարժ գույքի շուկայում, շինարարության ոլորտում ակտիվություն ենք նկատում և մեր քաղաքականությունը լինելու է այդ ակտիվությունը խթանելը: Դրա համար տնտեսական քաղաքականության մեջ որևէ որոշում կայացնելիս 7 չափում ենք, մեկ կտրում ենք, որպեսզի այս խնդիրը լուծենք»,- ասել է վարչապետը: 

 Վարչապետն անդրադարձել է նաև  Պետական եկամուտների կոմիտեի գործունեությանը: «Շատ են լինում ահազանգեր, որ վերահսկողությունը մեծացել է: Ընդհանուր առմամբ, մեր ուղերձն ի սկզբանե եղել է հստակ: Կարծում եմ՝ մեր կառավարությունը, և բոլորս այսօրվա Հայաստանում կարող ենք ակնկալել, որ յուրաքանչյուր քաղաքացի ինքն իր համար ի սկզբանե որդեգրում է օրինապահ քաղաքականություն, օրինապահ վարքագիծ: Եթե մեր օրենսդրությամբ սահմանված է, որ հաշվիչ դրամարկղային կտրոնները պետք է  տրվեն, ուրեմն  հաշվիչ դրամարկղային կտրոնները պետք է տրվեն: Եվ մեր քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ այդ գումարները, որ նրանք վճարում են պետբյուջե, արդյունավետ կերպով են ծախսվում:  Մեր քաղաքականությունը պետք է լինի ոչ թե պատժող, այլ մենք պետք է մեր քաղաքացիների հետ երկխոսությունը շարունակենք, որպեսզի բոլորս մեր գործողություններում առաջնորդվենք օրինականության առաջնահերթությամբ: Ի վերջո, օրինականությունը պահպանելը մեզնից յուրաքանչյուրի առաջնային պարտավորությունն է և հույս ունեմ, որ մենք այս ճանապարհով կգնանք»,-նշել է վարչապետը:

Նիիկոլ Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է նաև, որ  ԱՎԾ տվյալներով՝ տնտեսական ակտիվության բավականին բարձր ցուցանիշ է արձանագրվել: «Այս ցուցանիշները դրական են հատկապես այն առումով, որ ընդունված է կարծել, որ քաղաքական այսպիսի փոփոխություններից հետո սովորաբար տնտեսությունը, տնտեսական ակտիվությունը կտրուկ անկում է ապրում, բայց, կարծում եմ, մեր հեղափոխությունն այս դեպքում էլ շատ կարևոր առանձնահատկություն գրանցեց»,- ասել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԱՎԾ տվյալներով՝ հունիս ամսվա ընթացքում արձանագրվել է 9,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ։ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը երաշխավորում է ներդրումների անվտանգությունը, այսինքն սա նշանակում է, որ որևէ ներդրում որևէ ձևով չի կարող վտանգի ենթարկվել, մի պայմանով, որ այն օրինական ներդրում է, այսինքն ապօրինի գործողության որևէ հետք չկա: Ցանկացած ներդրում և ներդրող ազատ է որևէ կոռուպցիոն պարտավորությունից: Այսինքն՝ եթե կլինի որևէ դրսևորում, ապա կառավարությունը և իրավապահ մարմինները արագ այդ խնդիրը պետք է լուծեն և պատասխանատվության ենթարկեն բոլոր նրանց, ովքեր որևէ ներդրողի նկատմամբ փորձում են «ձևացնել» կոռուպցիոն որևէ պարտավորություն:Մենք պետք է խոստովանենք, որ այս պահին դեռևս լիարժեք չենք ստեղծել բիզնեսի հետ երկխոսության խողովակները և գործարկել, բայց սա մեր գաղափարախոսությունն է և այդ խնդիրը պետք է լուծենք: Հաջորդ՝ ամենակարևոր խնդիրը աշխատանքի քարոզչությունն է և աշխատանքի կարևորության ընդգծումը: Սա չափազանց կարևոր շեշտադրում է, մանավանդ, այսօր: Ի վերջո երկար տարիներ խոսվել է այն մասին, որ տնտեսական գործունեության հնարավորությունները սահմանափակվել են, շուկաների հասանելիությունը սահմանափակ է և այլն, և այլն, որ որևէ տնտեսական գործունեություն ծավալելու համար պետք է ինչ որ մարդու կամ մարդկանց թույլտվություն լինի և այդպես շարունակ: Այսօր բոլոր այս խոչընդոտները վերացված են և այսօր խնդիրը տեղափոխվել է աշխատանքի դաշտ, ստեղծագործության դաշտ, մտքի դաշտ: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, ցանկացած պոտենցիալ ներդրողի ուզում եմ ուղղել հետևյալ ուղերձը. Հայաստանը մի երկիր է, որտեղ հետևողական, գրագետ, կազմակերպված աշխատանքով կարելի է հասնել լրջագույն արդյունքների և կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի և անում է, որպեսզի աշխատանքի համար նպաստավոր, օրենքի առաջ բոլորի հավասարության դաշտն ապահովվի: Արձանագրված ցուցանիշներին հույս ուենք նոր լիցք, նոր էներգիա հաղորդել, որպեսզի հասնենք նրան, ինչը մեր կառավարության ծրագրում գրել ենք: Խոսքը՝ ներառական տնտեսական աճի մասին է, այնպիսի աճի մասին, որի ազդեցությունն իրենց վրա անմիջականորեն կզգան հնարավորինս մեծ թվով մարդիկ և ի վերջո ՀՀ բոլոր բնակիչները, բոլոր քաղաքացիները»,-  ընդգծել է վարչապետը:

Կառավարության այսօրվա նիստի օրակարգից հանվել է 24-րդ հարցը. նախագծով առաջարկվում էր լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ, որով «Արմօյլ» ՓԲԸ թույլատրվել է ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված սարքավորումների ԱԱՀ-ն հետաձգել 3 տարի ժամկետով: Ներկայումս առաջացել է ներմուծվող ապրանքների ցանկի փոփոխման և լրացման անհրաժեշտություն:  Ընկերությունը նախատեսում է կառուցել նավթամթերքի վերամշակման գործարան: Արծվիկ Մինասյանը նշել է, որ գործարանը զբաղվելու էլ ոչ թե նավթի, այլ  նավթամթերքի վերամշակմամբ. «Այն արտադրելու է բարձրորակ ավտոյուղեր և բիտում»,- ասել է նախարարը:  Կառավարությունը որոշման ընդունումը հետաձգել է մեկ շաբաթով՝ ընկերության բնապահպանական խնդիրները քննարկելու նպատակով:

 

Կստեղծվեն անհրաժեշտ երաշխիքներ կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանման իրավունքի իրացման համար

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումներ, որոնցով առաջարկվում է սահմանել կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպությունների կողմից տրամադրվող  բժշկական օգնության ու սպասարկման անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջները: Արդյունքում՝ կստեղծվեն անհրաժեշտ երաշխիքներ կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանման իրավունքի իրացման համար՝ ներառյալ արտահիվանդանոցային, հիվանդանոցային պայմաններում և քաղաքացիական բժշկական հաստատություններում բժշկական օգնության և սպասարկման իրավունքի պատշաճ ապահովման: Որոշումը կնպաստի կալանավորված անձանց և դատապարտյալներին որակյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը: Հիմնավորման համաձայն՝ մասնագիտացված և նեղ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակներ կարող են տրամադրվել բացառապես քաղաքացիական բժշկական հաստատություններում, ուստի առաջարկվում է Երևան քաղաքի և մարզերի բազմապրոֆիլ հիվանդանոցային բժշկական հաստատություններում (Երևանում 500 և ավելի, մարզերում՝ 110 և ավելի) ստեղծել առնվազն 10 մահճակալ ունեցող, երկաթե ճաղավանդակներով և դռներով ամբողջովին մեկուսացված, տեսախցիկների միջոցով վերահսկվող և  քրեակատարողական ծառայողների կողմից  պահպանվող հատուկ բաժանմունք:

 

Այլ որոշումներ

Կառավարության որոշմամբ Սարհատ Պետրոսյանը նշանակվել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար:

Գործադիրը հավանություն է տվել «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ  կառավարու­թյան օրենսդրական նախա­ձեռնությանը: Օրինագծի ընդունման արդյունքում կապահովվի «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթների համապատասխանեցումը «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով նախատեսված դրույթներին: Բացի այդ, կբարելավվի օրենքի կիրարկման արդյունավետությունը, կապահովվի դրանով սահմանված դրույթների միանշանակ կիրառման հնարավորությունը, ինչպես նաև պրակտիկայում առաջացող հնարավոր խնդիրների լուծումները։ Մասնավորապես, հստակեցվել են ապրանքային նշանների տարբերակիչ հատկությունները, որոնք ձեռք են բերվել այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցման հայտ  է ներկայացվել, կիրառման նպատակահարմարությունից ելնելով՝ փոփոխվել են ապրանքային նշաններում չպահպանվող տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելուն վերաբերող մոտեցումները, օրենքով նախատեսված դրույթները համապատասխանեցվել են պայմանագրի դրույթներին, մասնավորապես՝ ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու համար ապրանքային նշանի չօգտագործման ժամկետները:

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով սահմանել է քաղաքացուն այլընտրանքային ծառայության ուղարկելու որոշում կայացնելու լիազորություն ունեցող պետական կառավարման մարմիններ և այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներքին գործավարությունն իրականացնելու լիազորություն ունեցող պետական կառավարման մարմին:  

Գործադիրի որոշումներով հոկտեմբերի 21-ին կանցկացվեն ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան և ՀՀ Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքի ղեկավարների  արտահերթ ընտրություններ:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]