Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Ինչպիսի՞ն են «Մեծ Եվրասիա» ծրագրի հեռանկարները


ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՍԵԱՆ-ի գագաթաժողովին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Եվրասիայի բոլոր պետություններին մասնակցել «Մեծ Եվրասիա» ծրագրին:

«Մեծ Եվրասիա» ծրագիրը աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական բավական հավակնոտ, մեծամասշտաբ ծրագիր է, որի կյանքի կոչումը, ըստ հեղինակների, թույլ կտա նախ մեղմել Եվրասիա մայրցամաքի պետությունների ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական հակասությունները, ապա նաև ստեղծել համագործակցության աննախադեպ ձևաչափ, որից կարող են շահել բոլոր մասնակից երկրները: Հատկանշական է, որ «Մեծ Եվրասիայի» մասին խոսվում է դեռ վաղուցվանից, սակայն այժմ նկատելի են ծրագրի կյանքի կոչմանն ուղղված առավել հստակ քայլեր:

«Մեծ Եվրասիայի» ծրագրի հիմքում կարող է լինել մի շարք միջազգային կառույցների՝ ԵԱՏՄ, ԱՍԵԱՆ, ՇՀԿ ինստիտուցիոնալ համագործակցությունը: Ինչպես հայտնի է, արդեն առկա են ԵԱՏՄ-ԱՍԵԱՆ փոխգործակցության ձևաչափեր, որոնց խնդիրն է մեծացնել փոխադարձ առևտրի ծավալները և միմյանց համար ստեղծել բարենպաստ ներդրումային միջավայր: Կողմերի միջև  հետաքրքրություն է նկատվում նաև ազատ առևտրի համատեղ գոտի ստեղծելու շուրջ, ինչպիսին առկա է ԱՍԵԱՆ անդամներից  Վիետնամի հետ, իսկ Թայլանդի և Սինգապուրի հետ արդեն ընթանում են բանակցություններ, հետաքրքրություն են ցուցաբերել նաև Ինդոնեզիան, Լաոսն ու Կամբոջան:

Համագործակցության եզրեր են նկատվում նաև ՇՀԿ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև. կազմակերպությունների քարտուղարությունները վերջերս համագործակցության մասին հուշագիր են ստորագրել. այժմ պետք է շարունակվեն բանակցություններն այդ համագործակցությունն ավելի առարկայական դարձնելու ուղղությամբ:

Երկարաժամկետ հեռանկարում դիտարկվում են նաև Եվրոպական միության հետ եվրասիական կողմի համագործակցության հնարավորությունները, սակայն ներկայումս տնտեսական համագործակցությանը որոշակիորեն խոչընդոտում են քաղաքական հակասությունները: Համագործակցելու որոշակի շահագրգռվածություն ունեն թե՛ ԵԱՏՄ-ն, թե՛ ԵՄ-ն: ԵԱՏՄ-ի համար ԵՄ-ն կարող է դառնալ կապիտալի աղբյուր և աջակցել ԵԱՏՄ երկրների տնտեսության ու տեխնոլոգիական արդիականացման հարցում: ԵԱՏՄ-ն իր հերթին ԵՄ-ի համար մոտ 180 միլիոնանոց սպառման շուկա է: Բացի այդ կարևոր գործոն է Եվրոպայի գազամատակարարման հարցը, որը, չնայած գազամատակարարման դիվերսիֆիկացիային ուղղված ջանքերին, դեռևս զգալի կախվածություն ունի Ռուսաստանից:

ԵԱՏՄ-ԵՄ համագործակցությանը կարող է նպաստել նաև Հայաստանը, որը ԵԱՏՄ միակ երկիրն է, որ ԵՄ-ի հետ ունի համագործակցության բավական հավակնոտ իրավական հիմք՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր: Ինտեգրացիոն գործընթացների համադրման և փոխլրացման քաղաքականության արդյունքում Հայաստանն այսօր էլ պատրաստ է կապող օղակ հանդիսանալ երկու կառույցների համար:

Այսպիսով, փոխադարձ շահագրգռվածության համար հիմքերն առկա են, սակայն «Մեծ Եվրասիա» ծրագրի կյանքի կոչմանն ուղղված նյութական գործողությունների համար ինտեգրացիոն կառույցներին անհրաժեշտ է նպաստավոր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական միջավայր, ինչպես նաև բավականաչափ քաղաքական կամք:

 

Վարդուհի Հարությունյան

Քաղաքագետ

Հայաստանի Հանրապետության վարչապետի

աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ