1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տնտեսագետն առաջարկում է ներդնել բոլոր քաղաքացիների ունեցվածքի հայտարարագրման համակարգ

Տնտեսագետն առաջարկում է ներդնել բոլոր քաղաքացիների ունեցվածքի 
հայտարարագրման համակարգ

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Համակարգային փոփոխություններից հետո էլ շարունակվում է նախորդ տարվա միտումը մակրոտնտեսական իրավիճակի առումով: Սրան զուգահեռ շարունակում են արդիական լինել այն հիմնարար խնդիրները, որոնք առկա էին նաև նախորդ իշխանության օրոք, արձանագրում է տնտեսագետ Ատոմ Մարգարյանն: «Այսպիսի ցնցումից և համակարգային փոփոխություններից հետո ինձ համար հաճելիորեն դրական իրավիճակ է այն, որ լայնամասշտաբ կապիտալի արտահոսք չկա, մակրոտնտեսական հիմնական ինդիկատորները բնականոն մակարդակում են: Խոսքս եվրոպարտատոմսերի մասին է. իհարկե, մի ընթացք դրանց եկամտաբերության մակարդակը բարձրացավ, բայց հետո էլի իջավ իր բնականոն մակարդակին: Դրամի փոխարժեքը զարմանալիորեն ոչ թե բարձրանում է, այլ շարունակում է ամրապնդվել այս ֆոնին: Բյուջետային իրավիճակը՝ դեֆիցիտի ու պետական պարտքի մասով, ևս կայուն է: Կարելի է ասել շարունակվում է նախորդ տարվա միտումը, կարծես ոչինչ էլ չի եղել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ատոմ Մարգարյանը:

Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա տնտեսագետին մտահոգում է գործազրկության մակարդակը, որը շարունակում է նորմայից շուրջ 3 անգամ բարձր մնալ: Բացի այդ՝ բավականաչափ պասիվ է ներդրումային ակտիվությունը, չկան ներդրումային լուրջ ծրագրեր: «Իհարկե, ներդրողների կողմից կան դրական արձագանքներ ու ընկալումներ, բայց լուրջ ներդրումային ծրագրեր չկան ու չէին էլ կարող լինել այս հատվածում, քանի որ  ներդրողները սպասում են, որպեսզի այս հեղափոխությունը ինստիտուցիոնալացվի խորհրդարանական ընտրություններով ու ձևավորվի լեգիտիմ օրինակարգ»,-հավելեց փորձագետը:

Ատոմ Մարգարյանի խոսքով՝ չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր ձևավորած կառավարությունն ունեն հանրային լեգիտիմության բարձր մակարդակ, այնուամենայնիվ, դա ձևավորվել է աթենական դեմոկրատիայի կանոններով, եկել է քվեատուփով այդ լեգիտիմությունը հաստատելու և երկարաժամկետ ռազմավարություն մշակելու ժամանակը:

Ինչ վերաբերում է կառավարության կողմից իրականացվող քայլերին՝ ուղղված կոռուպցիայի և ստվերի վերացմանը, ապա տնտեսագետը նշեց, որ արդյունավետ կառույցներ ու մեխանիզմներ ձևավորելու անհրաժեշտություն կա: Նրա դիտարկմամբ՝ Սահմանադրությամբ էլ նախատեսված է հակակոռուպցիոն համընդհանուր մարմնի ձևավորում որոշակի գրաֆիկով, հետևաբար պետք է հավատարիմ մնալ այդ օրակարգին ու ակտիվորեն ստեղծել այդ կառույցը: «Հիմա մեզ թվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ է, բայց այն ինստիտուտցիոնալացված չէ: Պետք է ձևավորվի կառույց, որի գործառույթը կլինի հակակոռուպցիոն գործունեությունը, ոչ թե Ազգային անվտանգության ծառայության»,-ասաց Ատոմ Մարգարյանը՝ հավելելով, որ սեփականության նույնականացման ուղղությամբ իրականացվող բացահայտումներն այնքան էլ արդյունավետ չեն, քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ գրանցել են իրենց սեփականությունը տարբեր օֆշորներում տարբեր անձանց անուններով:

«Եվ երկրորդը, եթե իսկապես ուզում ենք, որ ստվերը բացահայտվի, պետք է ներդնենք երկրի բոլոր քաղաքացիների և երկքաղաքացիների ունեցվածքի, եկամուտների ու ծախսերի հայտարարագրման համընդհանուր համակարգ: Ինձ թվում է, դա մեկ տարվա ընթացքում լուծելի խնդիր է»,-եզրափակեց Ատոմ Մարգարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]