1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պավլիկ Մանուկյանը պնդում է, որ ոստիկանին ուղղված կրակոցն արձակել է Էդվարդ Գրիգորյանը  

Պավլիկ Մանուկյանը պնդում է, որ ոստիկանին ուղղված կրակոցն արձակել է Էդվարդ 
Գրիգորյանը

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի պաշտպանը դատարանին իր պաշտպանյալի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու միջնորդություն ներկայացրեց:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պաշտպանը ներկայացրել է նաև Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի և Շաքե Իսայանի անձնական երաշխավորությունները: Նրանցից յուրաքանչյուրը 500 հազար դրամ է մուծել դատարան և անձամբ ներկայացել դատական նիստին:

Մեղադրող Արամ Արամյանը միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս նշեց, որ մինչև դրա քննարկումը, դատարանը նախ պետք է հարցաքննի Մանուկյանին: Խմբի անդամներ Էդվարդ Գրիգորյանի եւ Մխիթար Ավետիսյանի ենթադրաբար իրականացրած գործողությունների վերաբերյալ դատավոր Մակյանի հարցին Պավել Մանուկյանը պատասխանեց, որ պնդում է նախորդ դատական նիստում արած իր հայտարարությունը:

«Ես արդեն հայտարարել եմ, որ դա բացարձակ ճշմարտություն է: Եթե այս քայլն Էդվարդ Գրիգորյանի փոխարեն կատարած լիներ Արամ Մանուկյանը՝ իմ տղան, ես հայտարարելու էի, որ այդ պատահական կրակոցի հեղինակն իմ տղան է, չնայած Արամ Մանուկյանն ինքն էր ասելու, որ` ես եմ»,- նշեց Մանուկյանը:

Ամբաստանյալը հայտնեց, որ կրակոցը եղել է իրենից մոտ 1 մետր հեռավորության վրա:

«Անձամբ ներկա եմ եղել, եւ քիչ էր մնում, որ պատահաբար զոհվեր մեր ընկեր Արմեն Լամբարյանը, պատահական կրակոց էր: Իսկ բանկոմատի վերաբերյալ ոչ մեկս էլ տեղյակ չենք եղել՝ բացառությամբ իրեն: Բանկոմատը բացվել է, սակայն հափշտակություն տեղի չի ունեցել, ես ներկա չեմ եղել բանկոմատը բացելուն: Արմեն Բիլյանն ընդհանրապես դեպքի վայրում չի եղել»,- նշեց Պավլիկ Մանուկյանը:

Մանուկյանը նշեց, որ այս մասին ավելի վաղ չէր հայտնում դատարանին, որովհետև արդար դատավարություն չէր ակնկալում:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Պավլիկ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ներկայացրած միջնորդության մասին որոշումը կհրապարակվի 16:00-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]