Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սեւանի ափամերձ հանգստյան գոտիների տնտեսավարողները եւ վարձակալները բողոքի ակցիա են իրականացրել

Սեւանի ափամերձ հանգստյան գոտիների տնտեսավարողները եւ վարձակալները բողոքի 
ակցիա են իրականացրել

ԳԱՎԱՌ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանա լճի ափամերձ հանգստյան գոտիների մի խումբ տնտեսավարողներ եւ վարձակալներ բողոքի ակցիա են իրականացրել Սեւան-Երեւան մայրուղու Գագարինի հատվածում՝ իրենց պահանջները չլսելու դեպքում սպառնալով փակել մայրուղին:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ բողոքի ակցիա իրականացնողների հետ տեղում հանդիպեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: «Մեզ զայրացնում է որոշ բնապահպանների շինծու պահվածքը եւ նրանց կողմից շրջանառվող այն ապատեղեկատվությունը, թե իբր Սեւանի ջուրը թունավորված է ազոտով, որի ջրերում լողանալը վտանգավոր է մարդկանց կյանքի եւ առողջության համար: Այս անհիմն կարծիքին ավելանում են նաեւ իրականության հետ ընդհանրապես աղերս չունեցող ապատեղեկատվություններ սոցցանցերով կամ առանձին լրատվամիջոցներով, որ իբր ծովագյուղցի ձկնորսի ցանցում ծովահրեշ է հայտնվել, որ զանազան այլ վտանգների հետ է կապված Սեւանա լճի ափին հանգստանալը կամ լճում լողանալը: Այս շինծու քարոզչությունը հանգեցրել է նրան, որ այս հանգստյան սեզոնում Սեւանի ափին կտրուկ նվազել է հովեկների եւ զբոսաշրջիկների հոսքը: Փոխարենը պետության կողմից չի իրականացվում համարժեք ու բավարար քարոզչություն, որպեսզի տնտեսավարող սուբյեկտները չտուժեն տարածվող ապատեղեկատվության հետեւանքով»,-իրենց պահանջը ներկայացրին տնտեսավարողները եւ վարձակալները:
Մարզպետ Իշխան Սաղաթելյանը բողոքի ակցիա իրականացնողներին տեղեկացրեց, որ թե իր, թե առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, թե «Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանի կողմից արդեն արվել են քարոզչության համար բոլոր անհրաժեշտ ակցիաները, որպեսզի հանրությունը լիարժեք համոզված լինի լճի ջրի մաքրության, հանգստյան անվտանգ սեզոնի կազմակերպման հետ կապված հարցերում: «Մենք հավաստում ենք, որ Ձեր, ՀՀ առողջապահության նախարարի ու ազգային պարկի տնօրենի կողմից վերջերս իրականացված ակցիաների արդյունքում Սեւանի հանգստյան գոտիներում սկսեց աճել հովեկների եւ զբոսաշրջիկների հոսքը: Սակայն դրանից օրեր անց հետեւեցին որոշ բնապահպանների հայտարարությունները Սեւանա լճի ջրի թունավորված լինելու մասին, եւ ամեն ինչ գնաց արդեն հակառակ հունով: Մենք խնդրում ու պահանջում ենք՝ հրապարակավ լաբորատոր փորձաքննության ենթարկել Սեւանի ջուրը եւ պետական մարմինների միջոցով հավաստել, որ այն մաքուր է, վտանգ չի սպառնում մարդկանց կյանքին ու առողջությանը: Ազգային պարկի տնօրենը հայտարարում է, որ ինքը Սեւանի ջուրը խմելուց հետո միանգամայն առողջ է, բայց առանձին լրատվամիջոցներ միտումնավոր կեղծում են իրականությունը եւ հայտարարում, թե Վահե Գուլանյանի ինքնազգացողությունը սաստիկ վատացել է, որից հետո նա իբր տեղափոխվել է հիվանդանոց: Ինչո՞ւ հանրությունը ազգային պարկի տնօրենի խոսքին հավատ չի ընծայում, իսկ ապատեղեկատվություն տարածողներին ուզում է հավատալ: Հանգստյան սեզոնն արդեն կիսվում է, իսկ եթե մենք այս ոչ բավարար տեմպերով փակենք այն, չենք կարողանա աշխատավարձ վճարել, հարկային պարտավորությունները կատարել»,-բողոքեցին տնտեսավարողները:
Մարզպետ Իշխան Սաղաթելյանը տեղում հեռախոսով կապ հաստատեց Բնապահպանության եւ Առողջապահության նախարարների հետ՝ նրանց ներկայացնելով տնտեսավարողների մտահոգությունը եւ ստեղծված իրավիճակը: Մարզպետի եւ նախարարների միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ քննարկել ստեղծված իրավիճակը եւ ձեռնարկել համապատասխան միջոցներ, որպեսզի հովեկների եւ զբոսաշրջիկների հոսքը Սեւանի ափ անհիմն տեղեկությունների պատճառով նվազման միտումներ չդրսեւորի:
«Մենք ՀՀ բնապահպանության եւ առողջապահության նախարարությունների հետ համատեղ կանենք հնարավորը, որպեսզի ապահովենք ապատեղեկատվությունը լիարժեքորեն հերքող քարոզչություն: Միաժամանակ կառավարության հետ համատեղ մշակում ենք ձմեռային տուրիզմի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ներդրումային քաղաքականություն, որպեսզի մոտ ապագայում հանգստյան սեզոնը դառնա ավելի տեւական ու եկամտաբեր»,-բողոքի ակցիա իրականացնողներին դիմեց մարզպետը՝ հորդորելով դադարեցնել բողոքի ակցիան եւ անցնել իրենց առօրյա աշխատանքին:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]